Երկու խոսք
Այս պատմվածքը գրել եմ 2020 թվականի փետրվարին: Կամենում եմ շեշտել սա, որովհետև գրել եմ՝ բնավ չկասկածելով, որ կանցնեն ամիսներ, և անցյալում կայացած իմ գիրը կբարբառի կրկին՝ շեշտելով այն ապագան, որն այսօր անտանելի անմարդկային եղավ: Ասում են՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Եթե ճշմարտություն է սա, ապա միանգամայն ճշմարիտ է և այն իրողությունը, երբ անցյալում գրված ստեղծագործությունները պատմում են հենց այն ապագան, որն, անշուշտ, խորապես կապակցված է պատմական եղելություններին:
Մարկ Մենուան գնդակահարվեց ապրիլի 14-ին, սուրբ Հովհաննես մենաստանում, որտեղ բնակվում էին հարյուր քսան կույսեր, և նրանք ամենադժբախտ կանայք էին բովանդակ աշխարհում, քանզի մաշում էին մարմինը` հոգին պարզաջրելով, Աստծո ներկայությունն ակնկալելով ամենուրեք, սակայն լքված էին ի վերուստ և հենց սա գիտակցելով` ընտրել էին երկակի կյանքը, որտեղ գիշերները նվիրված էին սիրեկաններից գաղտագողի սեր հափշտակելուն, իսկ օրերը ձանձիր, միօրինակ ու բարոյազուրկ էին: Շատերին տանջում էր գաղտնածածուկ մեղք ունենալու հանգամանքը, գորշադեմ ամրոցում մենանալու անմտությունն ու մտքով անմաքուր լինելու գիտակցությունը, որ հայտնապես դրսևորվում էր խմբային աղոթքների ժամանակ` բանականության մեջ արթնացնելով սեռական հաճույքից մնացած հիշողություններ, որոնք կասեցնում էին Մեծ մոր աչքերին նայելու համարձակությունը:
Մենությա՜ն բանտախցեր…
Եվ կամ` անդորր անպարագիծ, անդորր ներանձնական, որից ունայնության ջրերն էին բխում:
Ապա եկան օրեր, երբ ահասարսուռ լուրերն էին չոքել գոց դռների առջև` վկայելով երկրում հասունացող պատերազմը: Սիրեկանները չքացան հերթով, տարրալուծվեցին վառոդ շնչող բոցերի մեջ, իսկ կանայք աննախադեպ մտերմության ժամեր ունեցան, քանզի համախմբվում էին համայնական դժբախտության հրամանով և գաղտնիքներ էին խոստովանում միմյանց:
Եվ քամին հալածում էր թափանցիկ ճպուռներ, որ ծեփվում էին թաց ապակիներին, և աշունը մեռնում էր նրանց թևերի տակ թաքուն դողէրոցքից:
Կարդացեք նաև
Աշունը մեռնում էր բազմիցս:
Գնդապետ Մարկ Մենուան առաջինն էր այն նվիրյալներից, որոնք ջոկատներ էին կազմավորել` մեկ առանցքի շուրջ համախմբելով դեռ պապերի հրացանն օգտագործող տղամարդկանց, որ հետո կմնան մոռացության փաստաթղթերում, իսկ նրանց ստվերները կցրվեն աշխարհով մեկ, կլինեն գաղթականներ, պատերի տակ ծնկաչոք հալածյալներ ու հայրենիքի համար արցունք թափողներ կլինեն:
Այլ էր պարագան, երբ թշնամու գրոհները կասեցվում էին դատարկ ձեռքերով, երբ երկիրը դեռ չէր մարսել պատերազմով ապրելու իրականությունը, որն ամեն օր վերադառնում էր պարտության սահմաններից` բերելով ցինկե դագաղներ, ողբ ու անհուսություն: Սա սկիզբն էր հակամարտության: Այնինչ մոտ մեկ տարի անց երկիրն ուներ զենք արտադրող գործարաններ, վառելիք, ծանր տեխնիկա, հագուստ և դաշնակից երկրներ, որոնք ոչինչ չէին անում հաղթանակն արագացնելու համար ու ոչ մի կերպ չէին աջակցում` պահպանելով չեզոք բարեկամության սրիկայությունը:
Եռանկյուն նամակներ:
Պատերազմը հեռու էր մայրաքաղաքից, բայց յուրաքանչյուր շուկա, յուրաքանչյուր կինոթատրոն և յուրաքանչյուր անցորդ մի փոքր պատերազմ ուներ իր էության մեջ: Ահա հենց այս ժամանակներում կանայք որդեգրեցին գորշ հագուստներ կրելու մշակույթը, իսկ ցանցկեն վառարանները մնացին նկուղներում` վկայելով կիսակուշտ ձմեռներն ու զբոսայգիներից վառելափայտ հավաքելու օրերը հոգեվար:
Մարկ Մենուան գնդակահարվեց ուշ գիշերով, երբ միանձնուհիներն իրենց սարսափն էին աղոթում զնդաններ հիշեցնող ճգնախցերում, երբ ստվերներն անգամ չքվել էին ականապատ դաշտերից` մենության մեջ թողնելով հաղթանդամ գնդապետին, որ չէր հաշտվում այս իրականության հետ ու չէր հավատում, թե գնդակ կարձակեն հենց ի՛ր վստահությունը վայելող զինվորներն ու կյանք կխլեն նրանից, ով հայտնի էր մահվան չարքեր հալածելու թերևս գերբնական շնորհով:
Իրական մահը թիկունքում էր` այնտեղ, ուր համապետական դավաճանությունն էր հասունանում` արարելով նախապես գրվող մահախոսականներ, որոնք, սովորաբար, հերոսներին են հասցեագրվում:
Հետմահո՛ւ:
Եվ իհարկե, Մարկ Մենուան մեկն էր նրանցից, ովքեր ռազմաճակատ էին մեկնել կամավոր` ետևում թողնելով օջախ, հավատ և ճակատագիր: Գնդապետին տանում էին հրելով, խզակոթի հարվածներ հասցնելով ծոծրակին, իսկ ձեռքերը կապված էին շագանակագույն լաթով: Արդյոք ո՞ւմ արյունն էր չորացել չգիտես որտեղից գտնված այս կտորի վրա, և ո՞վ էր եղել շապիկ պատռող այն զինվորը, որ գթության քրոջ օգնությունն էր երազել` սեփական վերքերի մեջ թավալվելով: Մահապատժին մասնակցողները երեքն էին: Նրանք դեմք չունեին, որովհետև ծպտվել էին սև դիմակներ հիշեցնող, առաձգական գլխարկներով, և չէին խոսում, չէին հաղորդակցվում միմյանց հետ, քանզի դողում էին նրանց ոտքերը, իսկ վճռականությունը դավաճանում էր ստեպ-ստեպ: Նրանք սարսռում էին շղթայակապ մարդուց, և ջահերի լույսն անգամ զարհուրանք էր հարուցում:
Ապա քամիներ արթնացան և ձյուն ծեփեցին մամռապատ պատերին, և մենաստանում անլեզու կրակներ մարեցին, և բացվեց երկինքը` շռայլելով արծաթ, և շողեր կախվեցին ուղղանկյունաձև պատուհաններից, և գնդապետը ճանաչեց իր զինվորներին: Նա տեսավ, թե թռչունն ինչպես էր ճախրում երկինքն ի վեր` սուրեզր թևերի տակ լույսեր մարելով, տեսավ իր երազների երկիրը, որ աստղանկար պատառիկ էր պատուհան կոչվող բացվածքի մեջ, տեսավ սարսափն անբնական, որ ջրակալել էր իր մահը կամեցողների սևորակ աչքերում ու ամաչեց: Չէ՞ որ մարդկային կյանքն էր գերադասել մանր հաղթանակներից առավել և բազմիցս փրկել էր իր զինվորներին` զոհեր պահանջող առաջխաղացումից հրաժարվելով:
Չէ՞ որ խեղճին էր կարեկցել:
Չարագործության պերճախոս վկաներն էին բահն ու քլունգը, որ բերել էին դեռ նախապես, իսկ անընթեռնելի գրություններով բարբառող մի տապանաքար տեղահանել՝ շրջել էին բերանքսիվայր` հողից հիշողություն կորզելով: Մարդաբոյ խոռոչը հարաբաց աչք էր հիշեցնում: Անարգ այս իրականության մեջ էր հասունանում այն ճշմարտությունը, որին գնդապետը չէր հավատացել երբեք, բայց հիմա կանգնած էր երկվության առջև, և փլուզվում էր հավատավոր մարդու համոզմունքը:
Այստե՛ղ, նկուղո՞ւմ…
Այդպես անհեթեթ ու հե՞շտ…
«Սա մարգարեների՛ ճակատագիրն է:- Միտքը չէր հեռանում ոչ մի կերպ, իսկ գնդապետը չէր հիշում կցկտուր իր ճառը, որ պատրաստել էր բազմիցս և կարտասաներ անշուշտ՝ եթե ճակատագիրը փառավոր մահ հրամցներ:- Այո, սա մարգարեների ճակատագիրն է,- մտովի կրկնում էր գնդապետը` ստվերներում թաքնվող զինվորներին զննելով:- Նրանց բոլորին յուրայիններն են մեռցրել և նկուղներում են թաղել, որպեսզի ժողովուրդ պառակտեն»:
Սակայն սա այսպես չէր լինելու, և գնդապետը նկուղում չէր թաղվելու, քանզի հերոսներով սակարկող պետությունը դիակներ էր պահանջում, ուստի և` գնդապետին գնդակահարել էին ճակատային կրակոցով, իսկ թիկունքը անվնաս մաքուր էր: Դեղին, փառակալ ոսկորներ էին ցցվել հին գերեզմանից, որ քանդել էին իզուր՝ տապանաքարը տեղահանելով, իսկ առաստաղի տակ թևածում էր նախագո մահվան ժահրը: Հիմա, երբ ջահերն էին մարում` ճարպոտ մոխիր թողնելով աղոթարկու առարկաների վրա, երբ ժպտում էր կիսապուշ գանգը` հրաժեշտ հառաչելով, երեք զինվոր հանում էին գնդապետի մարմինը նկուղից` ճենճոտ աստիճանների վրա բազմիցս գայթելով: Սարսուռ կար լռության մեջ, և՛ ունայնություն, և՛ նողկանք, և՛ քրտինք…
Դիակը մայրաքաղաք հասավ օրեր անց, և մարդիկ գերեզման տարան դագաղը` միմյանց փոխանցելով, երբեմն` լուռ, երբեմն` մրմնջալով երգեր, որոնք վրեժխնդրության ծարավն էին արթնացնում: Երկինքը մաղում էր ձյուն, երկինքը տրորվում էր ոտատակ, և փաթիլներ էին հալչում` լվանալով խոռոչանման վերքը, որ ճակատոսկրն էր փշրել` դեմքն աղճատելով ու ձագարաձև բացվածք թողնելով ծոծրակին: Մի՞թե գնդապետն էր դագաղում պառկածը, մի՞թե թշնամին այսքան մոտ կարող էր լինել և կարող էր գնդակ արձակել սոսկ մի քանի քայլ հեռավորությունից: Հարցերը տարակուսանք էին հարուցում` բերնեբերան փոխանցվելով, իսկ մայրաքաղաքում հասունանում էին խռովության կոչեր:
Հետո Պաշտպանության նախարարը խոսեց` բռի մեջ հող ճմռելով, մերթ ընդ մերթ հիշեցնելով տարաբնույթ խոստումներ, որոնք մահախոսական չէին բնավ: Ապա կեղծ վկաներ մոտեցան գերեզմանին, պատմեցին նախապես որոշվածը` իսկությունը կոծկելով, և մարդիկ խաբվեցին դարձյալ: Նրանք հպարտացան իրենց հերոսներով, և կուրացան ատելությամբ, և հնչեցրին մարտակոչեր` սրբություն համարելով պատերազմը: Եվ կար մի կին, որ հագել էր կարմիր և համբուրում էր գնդապետի ճակատը` արտասվելով արյուն: Նրան հեռացնում էին զգուշորեն, բայց կինը դիմադրում էր` բղավելով ճշմարտություններ, որոնք ավելորդ էին այլևս:
Կանցնեն օրեր, և կմոտենա հանցագործության հետքեր սրբելու ժամանակը:
Հարյուր քսան միանձնուհի դեռ բնակվում էր սուրբ Հովհաննես մենաստանում, և նրանք բոլորը ողբերգության վկաներն էին: Ոմանք հղիացել էին ամիսներ առաջ, իսկ նրանց անհայտ սիրեկանները գողանում էին գիշերներ, որոնք հետագայում ամուսնություն կարող էին ենթադրել: Այս ապագան կանխորոշում էր տարաբնույթ հետևանքներ, կանխորոշում էր հեղափոխություն, և հանրապետության նախագահը սա գիտեր անշուշտ: Հիմա՛ էր գործելու ժամանակը` քանի դեռ ոչ ոք դուրս չէր եկել կուսանոցից, ու չէին տարածվել գնդապետի գնդակահարությանն առնչվող շշուկներ, որոնք, իհարկե, կպառակտեին երկիրը` քաղաքացիական բախումներ սկզբնավորելով ու խարխլելով նորանկախ պետության ողնաշարը:
Սուրբ Հովհաննես մենաստանը ռումբ էր:
Միանձնուհիներից ազատվելու նպատակ հետապնդելով` գերագույն Հրամանատարը արհեստական նահանջ կազմակերպեց: Այս ընթացքում մի խումբ վարձկաններ հսկում էին տարածքը` մենաստանն անմատչելի դարձնելով և բացառելով կանանց շփումն արտաքին աշխարհի հետ, իսկ վերին հրամանատարությունն անորակ փամփուշտներ, անորակ արկեր ու ժամկետանց սննդամթերք էր մատակարարում սահմանապահ ջոկատներին` ջլատելով ուժեր, որոնք սպառվեցին ապա, և հակառակորդը հաղթանակ տոնեց: Բարձունքը հանձնեցին անկանոն դիմադրությամբ, իսկ սուրբ Հովհաննես մենաստանը մնաց թշնամու տարածքում:
Պատերազմը խաղ էր:
Հաջորդ երկու տարիները հագեցած էին անկեղծ աղոթքներով: Եկեղեցի էին գնում անգամ հավատ չունեցող մարդիկ, իսկ քահանաները համաժողովրդական աղաչանքներ էին մատուցում առ Աստված` միանձնուհիների փրկությունն աղերսելով:
Երկինքը լռում էր:
Եղերական այս լռության մեջ թևածում էին ճերմակ աղավնիներ, որոնք հող էին բերում գնդապետ Մարկ Մենուայի գերեզմանից և հող էին ցփնում ժամերգության մոմերի վրա, եկեղեցում գլխիկոր մարդկանց ու մարդադեմ աղոթքների վրա:
Լայնաճակատ ռազմական գործողություններ ծավալվեցին սոսկ երկու տարի անց, երբ հակառակորդը ջլատված էր այլևս և սգում էր իր պարտությունն ապագա: Թերևս սա էր վերջին ու ամենամեծ հերոսամարտը, որ բազմաթիվ զոհեր խլեց յուրայիններից` ազատագրելով տանուլ տրված հողերն ու վերադարձնելով սուրբ Հովհաննես եկեղեցին, որ դատարկ էր հիմա, և այստեղ աղվեսներ էին վխտում:
Տասներկու տղամարդ մենաստան մտան ուշ գիշերով, երբ հորդառատ անձրևն էր կախվել խրամատների վրա` փափուկ ցեխ դարձնելով հաղթանակ տոնող մարդկանց ուրախությունը, մտան գաղտնածածուկ ու եղան բոլոր այն խցերում, որտեղ բնակվել էին կանայք, և նրանք նամակներ էին թողել: Թողել էին ողբագին հիշատակություններ, որոնք Մարկ Մենուայի գնդակահարությունն էին վկայում: Այս տասներկուսը երբեք մարդ չէին սպանել, թեև մասնակցում էին ռազմական գործողություններին արդեն հինգ տարի շարունակ: Նրանք չէին վիրավորվել անգամ ամենաթեժ մարտերում` շատ-շատերի զարմանքը հարուցելով, ու անվնաս վերադարձել էին շրջափակման մեջ ընկնելուց հետո` շատ օրեր անց, երբ ոչ ոք չէր սպասում այլևս, իսկ արցունքով թաց աչքերը չորացել էին վաղուց: Տարօրինակ այս հանգամանքները ծնել էին կասկածներ, որոնք հույժ գաղտնի զեկույցներ էին դառել հետո ու ներկայացվել էին վերին հրամանատարությանը:
Երբ մշուշն էր կախվում գետնափոր բլինդաժների վրա` հրադադար խոստանալով, երբ գայլերը բերում էին գիշեր, և երբ մահիկն արյուն էր ցողում ծառերին երկնուղեշ, երբ երկինքը մաղում էր ձյուն` անտառներում զարհուր խելագարության վրա պատանք փռելով, զենքը դառնում էր աղոթք, իսկ կարոտը հաղթում էր տղամարդուն: Հոգեվա՜ր, հոգեվա՜ր մղձավանջներ, որ իջնում էին հանկարծ` լռություն պարտադրելով ու ծնելով ծանրակիր խոհեր, որոնք ներկա էին անգամ ամենաթեժ մարտերում և որոնցից փրկություն չկար: Տասներկու տղամարդ խուզարկել էին Մենաստանն ու գտել էին ահասարսուռ վկայություններ, և սա երկփեղկել էր նրանց մտածողության մոդելը:
Ո՞վ կարող էր ազատվել ճշմարտության բեռից, և ո՞վ կհավատար հաղթանակի սրբությանը, երբ նկուղում մորթված գնդապետն արդարություն էր պահանջում` ինչպես արյունն Աբելի` անդնդախոր խորխորատներից: Կրտսեր լեյտենանտ Նազարեթ սեբաստացին երբեք չէր բաժանվում ճգնախցերում գտնված նամակներից և կարդում էր դրանք` աստղանկար գիշերներ լուսացնելով: Նա մտաբերում էր տարակուսանք հարուցող այն օրերը, երբ նահանջում էին` գերագույն հրամանատարության առաջնորդությանը հետևելով, մտաբերում էր հող հանձնող իր ընկերներին, որ արտասվում էին ամոթից, և գիտեր, գիտեր հարկավ, թե ինչ կարող է ենթադրել գերության տարվող կնոջ ճակատագիրը: Երբ մեգն էր իջնում դիահոտ խրամատների վրա` դիպուկահարներ կուրացնելով, երբ սսկվում էին կանեփ ծխող զինվորներն ու քրքիջները նրանց, տասներկու տղամարդ քչփչում էին նախադասություններ, որոնք միանձնուհիներն էին թողել իրենց թղթերում:
Ինչ-որ տեղ թափառում էին կիսահավատ խելագարներ` պատերազմ քրքջալով, ինչ-որ մեկը կորցրել էր իր երեխային և կամենում էր մահ, ինչ-որ տեղ այրվում էին փայտաշեն տներ` լափլեզ բոցեր տարածելով, իսկ տասներկու տղամարդ իրենց առաքելությունն էին բացահայտում: Նրանք տեսան լույսեր, որ ծփում էին` անթաղ մեռյալներից հառնելով, տեսան օրեր արեգնափայլ, և հիմա լուսաթաթախ էին խրամատն ու բլինդաժի գերանները սև, թոքախտավոր ստվերներն ու հուշերը նրանց, ցեխոտ թրթուրներով տանկերն ու թնդանոթները կիսափուլ, մերթ ընդ մերթ շնչահեղձ ռադիոկապն ու սուրբ Հովհաննես եկեղեցին, որտեղ ուրվականներ էին վխտում, իսկ նկուղից բարձրանում էր Մարկ Մենուայի հառաչանքը.
– Տղերք, կարող եք հանել դիմակները, ճանաչել եմ ձեզ: Կարող եք և չկրակել, որովհետև ես հիմա ամոթի՛ց կմեռնեմ:
Այս իրադարձություններից հետո, պատերազմը մոլեգնում էր ևս երեք տարի, և տասներկու տղամարդ լույս էին հավաքում ցինկե դագաղների մեջ և դագաղներն ուղարկում էին թիկունք` համապատասխան հասցեներով: Լույսը մտնում էր մայրաքաղաք, և քաղաքում ողբում էին դատարկության վրա` կափարիչը տեղում թողնելով ու պահպանելով դագաղում շնչավոր լույսը, որ դատարկություն էր նույնպես: Եվ հավաքվում էին որդեկորույս մայրեր, քույրեր ու սևավոր կանայք, և նրանք բոլորը վկայում էին հետմահու ճշմարտություններ, և վկայում էին լույսը, որ հանկարծ բարբառում էր խեղճության նաշից:
Ապա հաղթանակն էր մոտ, իսկ տասներկու տղամարդ չէին մարտնչում այլևս: Նրանք լույսի առաքյալներն էին. Մինաս, Վահան գողթնացի և Դանիել, Նազարեթ` Սեբաստիա քաղաքից, Կոմիտաս վարդապետ և Ակսել, որ ամենատաղանդավոր արձակագիրը եղավ հետագայում, Հովհաննես, Եղիշե բանաստեղծ, Սիամանթո և Միսաք` Ակնա գավառից, Պարույր և Երուխան, որին նաև Երվանդ էին կոչում: Այս տղամարդիկ մոխիր էին շփել երկինքն ի վեր և քուրձ էին հագել իրենց մերկ մարմիններին և ճգնում էին գիշերն ի լույս` մատյաններում թողնելով մարգարեական ճշմարտություններ, որոնք հաղթանակով պարտված լինելու խաբեությունն էին բացահայտում:
Օ՜ խաչադրոշմ ավետարաններ…
Հաղթանակ խոստացող այս պատերազմը չէր ավարտվելու երբեք, և հողաթավալ նրանց հայրենիքը չէր դառնալու երկիր: Կգան խաղաղության օրեր, կլինեն ժամանակներ ուրիշ, և կգայթի տղամարդը` վերջնեկ այս ճշմարտությանը բախվելով:
Եվ տղամարդը հիվանդ կլինի:
Գարունը բույրեր բերեց, և բողբոջ, և տարերք, և խաշխաշ, և անձրևներ իջան բուռ-բուռ դիակների վրա` հողից քամելով արյուն: Գալարվեց թնդանոթների միսը` մսեղեն հառաչանքներ շռայլելով, իսկ բոկոտն կանայք ծաղիկներ հավաքեցին ականապատ դաշտերից:
Հրացանների վրա կոկոններ կախելու ժամանակն էր:
Բայց Նազարեթ Սեբաստացին գերեվարվեց ի վերջո, և նրան խոշտանգեցին տամուկ խցերում և մերկացրին մահապատժից առաջ: Արևը հրաբորբոք գունդ էր, ամենատես մի աչք, որ կախվել էր կախաղանի պարանից ու գարնան լույսն էր սփռել վրեժխնդրության պասուքով հիվանդ տղամարդկանց վրա: Ճիշտ այն պահին, երբ մտրակն էր սուլում` մարմինը հաշմելով, թշնամու գեներալները կարդում էին նամակներ, որ կուսանոցի կանայք էին թողել, և գտնվել էին դրանք Նազարեթ սեբաստացու ծոցագրպանում: Գնդապետ Մարկ Մենուային առնչվող ճշմարտությունը բացահայտելով` թշնամու գեներալները արտակարգ խորհրդակցություն հրավիրեցին: Հիմա, երբ պարտված լինելու ցասումն էր մոլեգնում ամենուրեք, և մոտ էր հրադադար հայտարարելու իրականությունը, չէր կարող լինել առավել կարևոր մի հարց՝ փոխանակության համար գերիներ ընտրելուց բացի: Եվ թշնամու գեներալները ազատ արձակեցին հարյուր քսան կանանց, որ գերեվարվել էին սուրբ Հովհաննես մենաստանից, և վիրակապեցին նրանց վերքերը` ապագա փոխանակությանը նախապատրաստելով: Քանզի զարհուրել էին ճշմարտությունից և գիտեին, գիտեին անշուշտ, որ սուրբ Հովհաննես մենաստանը տրվել էր իրենց իբրև կառափնարան` այն պարզ հաշվարկով, որ անաստված մուսուլմանը հաճույք կստանա նաև կին մորթելիս: Կանայք ի սկզբանե ընդունվում էին իբրև խրախճանքի առարկաներ, բայց հիմա նրանք բոլորը վկաներ էին, և թշնամին ցանկանում էր, որ կանայք բարձրաձայնեն Մարկ Մենուային առնչվող ճշմարտությունն իրենց հայրենիքում:
Մուսուլմանը նաև հեռատես էր:
Նրանք դեռ չգիտեին և կամ` չեն իմանա երբեք, որ պետությունը վաղուց թաղել էր կուսանոցի կանանց` Սև թղթեր ուղարկելով նրանց հարազատներին և պաշտոնապես հուղարկավորելով դատարկ դագաղներ: Մինչև իսկ` պետության դրոշն էին փռել կափարիչներին` համազարկ հնչեցնելով:
Վերադարձ չէր լինելու այլևս:
Եվ հիմա, պարտություն կրողն առավել բարձր էր իր բարոյականության մեջ: Նրանք գլխագին էին սահմանել Մարկ Մենուայի համար, բայց այդ մահը նրանց տրվել էր ձրի: Եվ վստահ էին նրանք, որ մի անգամ անիծվող երկիրը չի ապաքինվում լիարժեք, իսկ հաղթանակով հարուստ մարդն այնտեղ չի ճանաչում իր հայրենիքը: Եվ վստահ էին նրանք, որ մշուշներ կիջնեն գարեհասկերի վրա, և թռչուններ կլռեն վաղորդյան աղջամուղջներում, և հետագա սերունդները կվիճարկեն իրենց հայրերի հաղթանակը, որ պսակվեց տասներկու տղամարդկանց մարտիրոսությամբ, քանզի նրանք մահն ընդունեցին այն բանից հետո, երբ լույսերով լեցուն վերջին դագաղն էին ուղարկել հայրենիք:
Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ