Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին:
Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ռուսական խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջնորդությամբ՝ ս.թ. սեպտեմբերի 27-ից ադրբեջանաթուրքական ագրեսիայի արդյունքում արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորած և վիրավորում ստացած անձանց որոնողական աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացների ուղղությամբ պատվիրակության կողմից ցուցաբերվող աջակցությանը:
Եվս մեկ անգամ առանձնահատուկ նշվել է արցախա-ադրբեջանական ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան հատվածներում՝ մարտական գործողությունների անցկացման տարածքներում, ռուսական խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ պատվիրակության միջնորդությամբ, դեռևս անհայտ գտնվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման և փոխանակման աշխատանքների իրականացման կարևորությունը:
ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհավորել է Վ. Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հավաստիացրել, որ պատվիրակությունը, իր իրավազորությունների շրջանակներում, կշարունակի միջնորդական առաքելության իրականացումը վերոնշյալ գործընթացի կազմակերպման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում տիկին Մեյթրոյի գործունեությունը և պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին մաղթել արգասաբեր աշխատանք՝ հետագա առաքելության ընթացքում:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ