Ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիների պատվազրկումը Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին. սրանք հայ մտավորականների հիմնական պահանջներն են` ուղղված միջազգային հանրությանը:
Նախաձեռնությունը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանինն է, դերասան Հրանտ Թոխատյանինը եւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանինը:
Կարդացեք նաև
Իրենց պահանջները հրապարակայնացնելու համար այսօր նրանք հավաքվել էին Շառլ Ազնավուրի հրապարակում`կոչ անելով այլ մտավորականների եւս միանալ իրենց:
Իր ելույթում Արմեն Գրիգորյանն ասաց, որ իրենց միանալու հորդորն ուղղված է բոլորին, ովքեր իրենց ոչ անտարբեր մարդ են համարում` անկախ հայացքներից ու մասնագիտությունից:
«Ժամանակն է, որ արթնանան հասարակ մարդիկ: Հիմա, երբ կրիտիկական պահ է, մենք պետք է անենք այն, ինչ որ չեն անում ուրիշները»:
Նա հարց հնչեցեց` ես ի՞նչ անեմ, որ ադրբեջացիները կատարեն իրենց պարտականությունը եւ վերադարձնեն մեր գերիներին եւ պատասխանեց` դիմելով աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին. «Երկուշաբթի օրվանից դիմում եք ձեր կառավարություններին, Կարմիր խաչին, ՄԱԿ-ին` խնդրանքով` դիմել Ադրբեջանին` կատարել իրենց պարտականությունը եւ վերադարձնել մեր գերիներին: Այդ կազմակերպությունների էլեկտրոնային փոստերը պետք է տրաքեն ձեր նամակներից: Հավատացեք` դա կօգնի: Մենք չպետք է լռենք, հերիք եղավ լռենք»:
Իբրեւ ՌԴ քաղաքացի՝ Արմեն Գրիգորյանն իր անունից վերոնշյալ պահանջով դիմեց ՌԴ կառավարությանը:
Բանախոսի կարծիքով, քաղաքական կուսակցությունների ժամանակներն անցել են: Այնպես չէ, որ դրանք այլեւս պետք չեն, պետք են պետականաշինության համար, բայց շատ ավելի կարեւոր է, որ Հայաստանում ունենանք հասարակություն, ուր ամեն մարդ հասկանա` ինքը կարեւոր է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ