«Այսօր դիմել եմ ՀՀ նախագահին: Նա անզորություն չպետք է դրսեւորի, նա պետության գլուխն է: Թող կազմակերպի միջազգային դատաբժշկական հանձնաժողով, եւ փորձաքննության ենթարկեն նրան (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ.): Ազգը փրկելու այլ եղանակ ունե՞նք: Մի օր առաջ եթե այս խնդիրը լուծենք, շատ բան կփրկենք»,-կառավարության դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը:
Նրան եւ մյուս հացադուլավորներին տեսակցելու էին եկել մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ: «Հրադադարից բացի, հայտարարության մյուս կետերը չեն պահպանվում: Ժամկետներն ինչո՞ւ չի նշել գերիների փոխանակման համար: Նա ոչ միայն թքած ունի մեր ազգի, այլեւ զոհերի վրա: Ի՞նչ բառերով արտահայտվեմ: Իմ զոհողությունը չարժի՞ նրան, որ ժողովուրդն ըմբոստանա»,-հարցադրումներ արեց Կիմ Բալայանը:
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը նրան ասաց, որ անձնազոհությունը հարցի լուծում չէ. «Դուք կարող եք պայքարի այլ ձեւեր ընտրել: Մհերը բանտում մահացավ, ժամանակին հարցը չբարձրաձայնեցինք: Հիմա Աստված չանի՝ ձեր հետ մի բան լինի, բոլորս մեզ մեղավոր ենք զգալու»:
Կարդացեք նաև
ArmNews հեռուստաընկերության մեկնաբան Լիկա Թումանյանը պարոն Բալայանին նույն հորդորը հղեց. «Պետք է չմահանալ»: Կիմ Բալայանը, սակայն, պնդեց՝ անտարբերության պատճառով է իրավիճակը հասել այս օրվան. «Ամեն մեկն իր մեղքի բաժինն ունի, որ հասել ենք այս իրավիճակին: Նախորդ պատերազմի ժամանակ հերոսական պայքարում հերոսացած զինվորն այսօր պարտված զինվոր լինի՞: Ո՞նց է նոր ԱԳ նախարարն ասում, որ դիվանագիտության մեջ պարտություն չի եղել… սա ի՞նչ վիճակ է: Դիվանագիտությունը որ տեղում լիներ, պատերազմ չէր սկսվի: Երբ Փաշինյանն ասում է, որ Արցախի անունից չի կարող բանակցել, ինչո՞ւ ստորագրեց այդ հայտարարությունը: Կամ, որ ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, արդյոք դրանով չգրգռե՞ց թշնամուն»:
Հիշեցնենք, որ հացադուլին զուգահեռ բողոքի ցույց են անում Արցախում ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ