Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցները, հղում կատարելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակել ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի, ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից վերոնշյալ անձանց նկատմամբ իրականացվող հետապնդումը որևէ իրավական հիմք չունի և, ըստ էության, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ազգային ատելության շարժառիթներով իրականացվող պատերազմական գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ՀՀ գլխավոր դատախազությունը դրանց մասին հայտնի դառնալուց հետո դիմել է ապօրինի հետախուզման դեմ ուղղված կանխարգելիչ քայլերի:
Մասնավորապես՝ նշվածի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի հետ համատեղ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) գլխավոր քարտուղարությանը իրազեկել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ, ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու շրջանակներում տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող, նյութական հատուցում ստանալու նպատակով վարձկանների հավաքագրման և ռազմական գործողություններում նրանց օգտագործելու, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով ռազմական հանցագործությունների կատարման, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով բազմաթիվ զինծառայողների և քաղաքացիական անձանց ապօրինաբար կյանքից զրկելու, մեծ ծավալի զինատեսակներով դիտավորությամբ քաղաքացիական, հումանիտար և մշակութային ենթակառուցվածքները, գույքը ոչնչացնելու կամ վնասելու բազում դեպքերի վերաբերյալ ստացված փաստական տվյալների և ապացույցների, դրանց կապակցությամբ իրականացվող քննության մասին:
Միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու ուղղությամբ: Այս առումով հաշվի է առնվել առաջին հերթին այն հանգամանքը, որ ըստ Ինտերպոլի Կանոնադրության 3-րդ հոդվածի՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին:
Կարդացեք նաև
ՀՀ դատախազությունը հետևողական կերպով հետամուտ է եղել նաև նույն հիմնավորմամբ այլ հետախուզական ուղիներն օգտագործելու Ադրբեջանի փորձերը կասեցնելու ուղղությամբ։ Նկատի ունենալով, որ նշված աշխատանքը և գործընթացը բնույթով իր մեջ կոնֆիդենցիալության էական բաղադրիչ է պարունակում, այլ մանրամասներ հաղորդել հնարավոր և նպատակահարմար չէ:
Դեռևս 2017 թվականից օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ՀՀ դատախազությունը հետամուտ է եղել Ադրբեջանի կողմից քաղաքական շարժառիթներով և ազգային պատկանելիության հիմքով նախաձեռնված հարցումների կապակցությամբ հետևողական քայլեր ձեռնարկելու հարցում, որոնք գործնականոըւմ տվել են իրենց էական դրական արդյունքները։
Օրինակ, ինչպես Արցախ այցելած, այնպես էլ այնտեղ գործունեություն ծավալող անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու փորձերի կապակցությամբ Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից ձևավորվել է դիրքորոշում՝ այդ գործերով հարցումները Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին չհամապատասխանող ճանաչելու վերաբերյալ, հետևաբար՝ նմանատիպ որևէ հարցման Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից ընթացք չի տրվում:
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ