Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետին ասացի, թե զինվորն ինչ վիճակում է, ասաց. «Երկտեղանի մահճակալ ես ուզո՞ւմ տանենք». նման բառերից հետո մենք էլ վարչապետ չունենք». ծնող

Նոյեմբեր 28,2020 13:46

Կառավարության դիմաց այսօր բողոքի ցույց են անում Արցախում ժամկետային զինծառայողներ ունեցող ծնողները՝ որդիների ծառայությունը ՀՀ-ում շարունակելու պահանջով:

Ծնողներից Լուսինե Հարոյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այս հարցով հանդիպման մանրամասները. «Երեկ հինգ հոգանոց խմբով հանդիպեցինք վարչապետի հետ, հանդիպման արդյունքը մեզ չբավարարեց: Վարչապետը խնդրել էր երկու օր ժամանակ տալ իրեն՝ պատասխանի համար, բայց բանակցող ծնողները դուրս եկան համոզմամբ, որ այն բացասական է լինելու: Դրա համար նորից այսօր հավաքվել ենք: Մենք այլընտրանք չենք տեսնում: Վարչապետը հավաստիացրել էր, որ Բերձորը մնալու է հայկական հսկողության տակ, բայց այսօր հանդիպեցի երկու տեսանյութի այն մասին, որ Բերձորի եւ Աղավնոյի բնակիչները լքում են տները: Եթե տեղեկությունը հստակ է, որ Բերձորը մնում է, ինչո՞ւ են մարդիկ տները լքում: Այսինքն, մարդիկ չեն վստահում որեւէ պաշտոնական տեղեկությանը, մենք չենք հավատում»:

Լուսինե Հարոյանի որդին ի սկզբանե ծառայել է Ջրականում, եւ նույն վայրում ծառայած ժամկետային զինծառայողները, նրա փոխանցմամբ, հիմա Մարտունիում են ծառայում՝ վատ պայմաններում. «Մեր պահանջն է՝ վայրկյան առաջ վերադարձնել մեր զավակներին: Որեւէ պաշտոնական տեղեկատվության չենք վստահում»:

Ժամկետային զինծառայողի պապիկ Ավետիս Մելքումյանն էլ հայտարարեց. «Դժոխքի միջով անցած զինծառայողներին արդեն պետք է զորացրել: Երեխաս հազալով է հետս խոսում: Ծառայել է Ջրականում, երկար ժամանակ տեղեկություն չունեինք: Հետո զանգեց ու ասաց, որ զանգելու համար բարձրանում են սարի գլխին: Ղեկավարությունից պահանջում եմ կամ զորացրել այդ զինվորներին, կամ ծառայությունը դարձնել մեկ տարի»:

Ծնողներից մեկն էլ իր հերթին պատմեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մանրամասները. «Ես նրա երեսին ասացի՝ ինչպես Սերժ Սարգսյանին էր ասում, որ իրավիճակին չես տիրապետում, հիմա դուք չեք տիրապետում զինվորների վիճակին: Ձեր աշխատողները ձեզ սխալ տեղեկություններ են տալիս: Վարչապետը շատ ունակ է խոսքերը փոխելով եւ պատասխանները լղոզելով՝ իրավիճակը փոխել: Պահանջում ենք ժամկետային զինծառայողներին վերադարձնել ՀՀ տարածքում ծառայությունը շարունակելու: Ասացի, դուրը չեկավ: Զինվորը մոռացված է: Երբ նկարագրեցի, թե զինվորն ինչ վիճակում է, պատասխանը եղավ՝ «երկու տեղանի մահճակալ ես ուզո՞ւմ տանենք»…

Սա պատասխա՞ն է: Ես գտնում եմ, որ նման բառերից հետո մենք էլ վարչապետ չունենք: Հետո զգաց, որ հիմարություն է ասել, ներողություն խնդրեց: Այո, այդ երեխաներն իրավունք ունեն մահճակալի վրա քնելու, նրանց առողջությունը քայքայվում է, քնում են գետնին, դիակների վրա, դիերի շորերն են հագնում»:

Ծնողը նշեց. «Վարչապետը մեզ վստահեցրեց, որ կեցության հարցերը կլուծի: Ասացի, որ չեմ հավատում: Ասաց՝ «ճգնաժամային իրավիճակում ի՞նչ եք ուզում»: Պատասխանեցի, որ եթե քսան հազար զինվորին հնարավոր չէ տեղակայել, թող բերեն ՀՀ զորանոցներ: Վարչապետի պատասխանն ինձ հիասթափեցրեց: Առաջարկեցի, որ եթե իրենք չեն կարողանում զինվորերին բերել, մենք բերենք: Պատասխանեց, որ դա հանցագործություն է… այս, կառավարությունը մեզ հիմա դրդում է հանցագործության: Եթե մեզ չեն պատասխանում, մենք գրավոր հայտարարություն կպատրաստենք եւ կստորագրենք, որ պահանջում ենք ՀՀ բերել զինվորներին: Այլապես մեղքն ընկնում է վարչապետի եւ ՊՆ-ի վրա»:

Ծնողի խոսքով՝ ինքը վարչապետի հետ հանդիպմանը վերջինիս առաջարկել է Արցախում գտնվող ժամկետայինների տեղափոխման հարցը լուծել հիմնադրամի գումարներով. «Նա այլայլվեց եւ ասաց, որ դա զինամթերքի համար է: Առաջարկել եմ, որ այդ գումարներն օգտագործեն վիրավոր զինվորների համար եւ ավելացնեն պայմանագրայինների վճարը, որպեսզի գնան եւ պահեն սահմանը: Դժկամությամբ ընդունեց, բայց չմերժեց: Երեկ խոսեց Աննա Հակոբյանի անձը պաշտպանելով, բայց զինվորի մասին ոչ մի խոսք: Դավիթ Տոնոյան, թողեցիր փախար, ամոթ քեզ: Վարչապետ, ամոթ քեզ: Քարվաճառը չպետք է տային այնքան ժամանակ, մինչեւ ռազմագերիներին չփոխանակեին: Այ անխելքներ, մի՞թե այդքանը չհասկացաք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30