Վանաձորում դեռեւս հստակ չեն որոշել՝ Ամանորը կնշեն, թե՞ ոչ, կամ նշելու դեպքում ինչպիսի՞ ձեւաչափ են ընտրելու: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը սպասում է, որ պետական մակարդակով լինի որեւէ մոտեցում, որով կշարժվեն բոլոր համայնքները. «Կարծում եմ ընդհանուր մոտեցմամբ կորոշվի, թե ի՞նչ կերպ նշվի, չնշվի, նշվելու դեպքում ի՞նչ սահմաններում: Բնականաբար որեւէ կերպ կերեւա, որ Նոր տարի է, բայց թե ի՞նչ կերպ, կարծում եմ մոտակա օրերի քննարկումների հարց է», – Aravot.am- հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարը:
Ըստ քաղաքապետի, երեխաների համար որոշ միջոցառումներ ամեն դեպքում կկազմակերպվեն. «Չեմ կարծում, որ պետք է նորից 100 տարի հետ գնանք ու մեզ մտցնենք սգավորի կարգավիճակի մեջ: Նշելու ձեւաչափը կորոշենք: Բնականաբար շատ մեծ տոնական միջոցառումներից զերծ կմնանք: Մենք նաեւ ապագա զինվորներ ենք մեծացնում, եւ կարծում եմ պետք չի մանուկների համար ստեղծել սգո միջավայր»:
Համայնքի ղեկավարը նշեց, որ ամենայն հավանականությամբ տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ տոնածառ ու փողոցային լուսավորություն հավանաբար քաղաքը կունենա:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Մամիկոն Ասլանյանի լուսանկարն՝ իր ֆեյսբուքյան էջից