Մենք երեկ հրապարակել էինք ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի հետ բացառիկ հարցազրույցի առաջին մասը, որտեղ նա պատմում էր, թե ինչպես են արցախյան պատերազմի ժամանակ իրեն ճակատ ուղարկելու փոխարեն առեւանգել ու տարել Շուշիի բերդ, որտեղ պահել են թուրք գերիների հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցի երկրորդ հատվածը։
– Պարոն Երանոսյան, պատերազմի օրերին էլ, հիմա էլ շատ է խոսվում դավաճանների մասին։ Նախ տեղեկություն տարածվեց, որ բանակի ներսից ինֆորմացիա է հաղորդվել թշնամուն, կոորդինատներ են տվել նրանց, ինչի արդյունքում կարողացել են ոչնչացնել մեր պահեստները, հրամանատարական կազմը։ Հիմա էլ ասում են՝ գլխավոր դավաճանը երկրի բարձրագույն իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ի՞նչ կասեք սրա մասին։
– Դավաճանություն գործելը ղեկավարության սխալ ռազմավարություն անելն է: Ինչ մնում է, որ տվել են կոորդինատներ ու աշխատել են թուրքերի հետ, դա երկրորդական է։ Ուրեմն ռեալ մենք էլ, Ադրբեջանն էլ տիրապետում ենք, թե դիմացներս ինչ կա, իրենք էլ են դիտում, մենք էլ ենք դիտում։ Առաջվանը չի էլ, 90-ականները չեն, որ տեսնենք՝ կրակի ուղղությունը որտեղ ա, դնենք քանոնով չափենք, ձեւենք, կոորդինատներ մշակենք, նոր կրակենք։ Հիմա կոմպյուտերի դար ա, անօդաչու սարքեր են հանում, տեսնում են՝ ով որտեղ ա։ Ի՞նչ են գտել՝ դավաճաններ կան։
– Բայց հիմա Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին են մեղադրում դավաճանության մեջ, ասում են՝ մենք կարող էինք պայքարել, Շուշին չհանձնել, բայց մի ստորագրությամբ Շուշին էլ հանձնեցին, Քարվաճառն էլ, մյուս տարածքներն էլ։
Կարդացեք նաև
– Դե, Քարվաճառը փաստ է, որ մերն էր։ Էս գրիչն ինքն է վերցրել ու իր կեղտոտ ձեռքով ստորագրել։ Ինքը պիտի պատասխան տա էս բոլորի համար՝ ինքը եւ իր թիմը, որ էսօր աջակցում են իրեն։ Եթե թիմի մարդիկ էլ գոնե մի քիչ հայրենասիրություն ունենային, պիտի թքեին երեսին, հեռանային։
– Պարոն Երանոսյան, Ձեր դեմ հիմա քրեական գործ կա հարուցված, ի՞նչ գործ է դա, ի՞նչ են ուզում Ձեզնից։
– Չգիտեմ՝ էսօր իմ խոսելուց հետո կարող է նորից քրեական գործեր ծագեն, ամեն ինչին էլ ես պատրաստ եմ, ես պետականամետ մարդ եմ եղել, ծառայել եմ իմ պետությանը, նվիրված եմ եղել ու կատարել եմ իմ գործառույթները։ Էս 30 տարվա ընթացքում, եթե մի բան էլ կա, ես պատրաստ եմ պատիժս կրել։
– Մովսես Հակոբյանի ասուլիսը, ենթադրում եմ, դիտել եք, ի՞նչ կարող եք ասել նրա հայտարարությունների մասին՝ Աննա Հակոբյանից սկսած, որ բունկերում էր հայտնվել։
– Դե, դա ես Ղարաբաղում եղած ժամանակ տեղյակ էի, որ Աննա Հակոբյանը բունկերում է։ Բայց ի՞նչ գործ ուներ Աննա Հակոբյանը բունկերում պատերազմի ժամանակ։ Դա աբսուրդ եմ համարում ես։ Եթե կար գեներալ-գնդապետ Խաչատուրով Ղարաբաղում, պատերազմի ու բանակի գիտակ մարդ, ու թույլ չէին տալիս նրան բունկեր մտներ, ո՞նց կարող էր էնտեղ հայտնվել մի մարդ, որ չգիտի, օրինակ, ավտոմատներից որը ինչ ա։ Պատերազմը նայելու համար չի, պատերազմը կռվելու համար ա։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում