Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ իրանցի ատոմային գիտնականի սպանություն

Նոյեմբեր 28,2020 10:50

Իրանում սպանվել է ատոմային ֆիզիկայի նշանավոր գիտնական Մոհսեն Ֆախրի Զադեն. նա Իրանի Պաշտպանության նախարարության նորարար գիտությունների վարչության պետն էր, հայտնի էր որպես Իրանի ռազմական ատոմային ծրագրի հայր, 63 տարեկան էր: Ֆախրի Զադեն ներառված էր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2007 թվականի թիվ 1747 բանաձևի հակաիրանյան պատժամիջոցների ցուցակում, գաղտնի կյանք էր վարում և երբեք պատրաստ չեղավ հանդիպել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ- International Atomic Energy Agency) Իրան այցելած տեսուչներին:

Իսրայելի լրտեսները 2018 թվականին հաջողեցին Իրանի ատոմային ծրագրի մասին վկայող հազարավոր էջից բաղկացած արխիվը գողանալ և Ադրբեջանի սահմանով արտահանել: Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հենց այդ արխիվի վրա հիմնվելով ՄԱԿ-ում հայտարարեց, որ Ֆախրի Զադեն ղեկավարում էր Իրանի գաղտնի ծրագրերը՝ ատոմական ռումբ ունենալու համար:

Մոհսեն Ֆախրի Զադեն երեկ՝ ուրբաթ, սպանվեց Թեհրանի շրջակայքի առողջարանային փոքրիկ մի քաղաքում: Փորձագետների կարծիքով, ահաբեկչական գործողության մասնակցել են 12 հոգի՝ մեկ պայթուցիկով բեռնված nissan van-ով և մեկ այլ մեքենայով, որի մեջ են եղել ավտոմատներով զինված ահաբեկիչները: Գիտնականն ունեցել է չորս թիկնապահ. սպանվել են 3-4 հոգի, այդ թվում Ֆախրի Զադեն. իրավապահները դեռևս սպանվածների ինքնությունը չեն բացահայտում: Որոշ փորձագետներ՝ ակնարկելով Ադրբեջան-Իսրայել ջերմ հարաբերության, կարծում են, որ ահաբեկիչները Ադրբեջանի սահմանից են թափանցել Իրան:

Իրանում մինչ այժմ սպանվել են ատոմական ֆիզիկայի յոթ գիտնական. թեև ոչ մի ուժ երբեք հանձն չի առել այս ահաբեկչական գործողությունները, բայց բոլորի հայացքը դեպի Իսրայել է: Երեկ The New York Times հեղինակավոր թերթը, հիմնվելով իր ամերիկյան բարձրաստիճան աղբյուրների վրա, հայտնել է, որ այս սպանությունն Իսրայելի ձեռագիրն է: Իսրայելն անգամներ հայտնել է, որ դեմ է Իրանի ոչ խաղաղ նպատակով ատոմային ծրագրերին:

Իրանցի գիտնականի սպանության պահը շատ զգայուն է ընտրված. ԱՄՆ-ում գալիս է դեմոկրատ նախագահ, Իրանը սպասողական վիճակում է, իսկ Իսրայելը մտահոգ է, որ կորցնում է Թրամփի նման ջերմ հովանավոր: Իսրայելը փորձում է խաղաքարտերը խառնել. գրգռում է Իրանին, այն հույսով, որ Իրանը պատասխան քայլի դիմի և ի վերջո գործը հասնի Սպիտակ Տան միջամտության, որի տիրակալը ևս հիսուն օր իշխելու հնարավորություն ունի:

Փորձագետներն այն կարծիքին են, որ ահաբեկչական այս արարքին կանաչ լույս է տվել Վաշինգտոնը՝ նոր նախագահ Ջո Բայդենի խաղաղասիրական ծրագրերը ստվերելու համար: Իրանն այժմ ամիսներ է, որ ատամները կրճտած, իր հակառակորդների ոչ մի հարձակման կամ գրգռության լուրջ պատասխան չի տալիս. նա հարվածներ է ստանում բուն երկրում, Սիրիայում, Իրաքում և այլուր, բայց համբերատար սպասում է Թրամփի հրաժեշտին, որպեսզի իր հարաբերությունները կարգավորի ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հետ և լուծի իր ներքին ու արտաքին բազում խնդիրները:

Փորձագետները մտահոգ են Իրանի պահպանողական ուժերի և մյուս երկրների ռազմատենչ շրջանակների ակտիվացմամբ: Իրանցիները շուտով հրաժեշտ կտան նաև իրենց շրջանավարտ նախագահ Ռուհանիին և կարծիք կա, որ հաջորդն ավելի կարծր դիրքեր է ունենալու: Այս ֆոնին դժվարանալու է նաև ԱՄՆ նոր նախագահի խաղաղասիրական ծրագրերի կյանքի կոչելը. նա հաճախ քննադատել է Թրամփի իրանյան քաղաքականությունը, բայց հիմա պետք է դիմագրավի Իրանի, Իսրայելի և Պարսից Ծոցի երկրների ծայրահեղականների անկանխատեսելի քայլերը:

 

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30