Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անուն տալ GPS-ով միջպետական սահման որոշող այսպիսի պրիմիտիվ կառավարմանը․ Արթուր Գրիգորյան

Նոյեմբեր 28,2020 10:36

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կառավարության ղեկավարը իր ուղերձում նշեց, որ Սոթքի հանքավայրը կիսով չափ մտնում է Ադրբեջանի տարածքի մեջ և որպես սա հիմնավորող փաստարկ նշեց GPS համակարգով սահմանի կոորդինատների տեղաբաշխվածությունը։ Իրականում, ըստ այդ կոորդինատների՝ Սոթքի հանքավայրի մոտ մեկ քառորդն է գտնվում մեր տարածքում։

Այդ ուղերձից առաջ բնական պաշարների շահագործման հարցերով պատասխանատու, փոխնախարար Լիլյա Շուշանյանը առնվազն ֆեյսբուքյան էջով պարզաբանել էր, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև երբևէ պաշտոնական դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել։ Սոթքի հանքավայրի վերաբերյալ Խորհրդային տարիներին պաշարները հետախուզվել և գնահատվել են 3 անգամ՝ բոլորն էլ Խորհրդային Հայաստանի կողմից, բոլոր հանքային մարմիններով՝ հաստատվելով ԽՍՀՄ Պաշարների պետական հանձնաժողովի կողմից։ Ընդ որում, պաշարների հաստատման արձանագրություններում որևէ խոսք չկա հանքավայրի՝ Ադրբեջանին պատկանելու մասին։ Հանքավայրի շահագործման իրավունքը տրված է եղել հայկական պետական АРМЗОЛОТО ընկերությանը, վերամշակվել Արարատի ֆաբրիկայում։ Սրան գումարենք պաշտոնական դեմարկացիայի բացակայությունը և կստանանք այն, ինչը պետք է լիներ կամ լինի մեր պաշտոնական դիրքորոշումը»։

Իմ կողմից ավելացնեմ նաև, որ դեռևս 2017 թ․ մարտ ամսին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (EITI) կոչվող միջազգային նախաձեռնությունը, որի անդամներ են 50-ից ավելի պետություններ, հաստատել է Հայաստանի անդամակցությունը այս նախաձեռնության կազմում։ Այդ անդամակցության դեմ Ադրբեջանը ներկայացրել էր առարկություն, որի հիմքում ընկած էր նաև Հայաստանի կողմից Սոթքի հանքավայրի շահագործման հանգամանքը, որն ըստ ադրբեջանական կողմի իբր հանդիսանում էր իրենցը։

Հայաստանի անդամակցությունից հետո EITI-ի մեր թիմի անդամները կատակում էին, որ այս որոշման համար արտաքին գործերի նախարարությունը պետք է մեզ պաշտոնական շնորհակալական նամակ ուղարկի՝ Ադրբեջանի փաստարկները հեղինակավոր միջազգային կառույցում ջարդելու համար։ Ի դեպ, ներկայումս EITI-ի հայաստանյան խմբի նախագահը փոխվարչապետ Ավինյանն է։

Այսքանից հետո հարց՝ կառավարության ղեկավար Փաշինյանը տեղակ չէ՞ ոլորտի պատասխանատու փոխնախարարի փաստարկների հետ։ Փոխվարչապե՞տն էլ տեղյակ չէ իր «նախագահած» կառույցի աշխատանքներից, որն իրենից առաջ Սոթքի հարցով սկզբունքային դիվանագիտական հաղթանակ է տարել Ադրբեջանի նկատմամբ։ Կառավարության ղեկավարը պատկերացնո՞ւմ է արդյոք, թե ինչպիսի ֆինանսական պահանջներ է Ադրբեջանը ներկայացնելու Հայաստանին (ֆիքսենք՝ Սոթքը Արցախի կողմից չի շահագործվել, այլ հենց Հայաստանի)։

Այստեղ խնդիրն ինձ համար այդ հանքավայրը պահելը չէ՝ Հայաստանի ոչ մի հանքավայր էլ իրականում մեզ չի պատկանում։ Ինչ-որ Տրոցենկո, Տրոիցկի ու նմանատիպ անուններով մարդիկ են շահույթը ստացել՝ մեզ նետելով ողորմելի փշրունքներ, բայց Ադրբեջանը դրանք էլ է մեզանից պահանջելու։

Ի՞նչ անուն տալ GPS-ով միջպետական սահման որոշող այսպիսի պրիմիտիվ կառավարմանը՝ ոչ կոմպետե՞նտ, խայտառա՞կ ոչ կոմպետենտ․․․ Վախենամ «հպարտ» պարոնին մարդիկ պարզապես ասել են՝ հանգիստ վեր ընկիր տեղդ, ոնց ասենք, էնպես ա։ Տո անգամ չենք էլ ասի, կանենք՝ կտեսնես։ Դրա համար էլ ադրբեջանցիները Սոթք մտնելիս արհամարհանքով հրաժարվում էին մերոնց հետ նույնիսկ խոսել՝ ասելով՝ մենք ռուսների հետ կպայմանավորվեք։ Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնո՞ւմ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30