Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե քեզ խաբում են

Նոյեմբեր 28,2020 10:10

“Если тебя обманули дважды,
значит, ты заодно с обманщиком.”
(В. Леви)

Անհայտ մեկն ասել է. «Եթե կարողացար խաբել, դա դեռ չի նշանակում, որ դիմացինդ հիմար է, այլ որ քեզ վստահել էին ավելի շատ, քան դու դրան արժանի էիր»: Խաբված մարդկանց կարող ենք պայմանականորեն բաժանել չգիտակցված խաբվածների (ովքեր հավատում են) և կամավոր խաբվածների (ովքեր ուզում են հավատալ):

Աշխարհում հայտնի են մասսայական խաբկանքների բազմաթիվ օրինակներ, որոնց կարելի է համեմատել կրոնական աղանդների կամ առնվազն աղանդի տարրեր պարունակող երևույթների հետ:

Բնույթով աղանդավոր դրսևորումների հետ գործ ունենալիս պետք է հաշվի առնել, որ նրա հետևորդները, որպես կանոն, չեն ընդունում, որ աղանդավորի պահվածք են ցուցաբերում: Հաճախ երկրպագելը հիմնվում է ոչ թե մարդու արած-չարածի, այլ նրա «լավ»-ը լինելու վրա (կարծես նա ունի «լավ»-ը լինելու լիցենզիա), ինչն էլ, ըստ էության, այդ «ուզենալ հավատալ»-ու հիմքն է:

Խաբվածներից շատերը տառապում են «Ստոկհոլմի համախտանիշով» (Stockholm syndrome), երբ մարդը համակրանք է տածում իրեն վնաս հասցնողի նկատմամբ: Որքանով ինձ հայտնի է, այս համախտանիշը սրացում է դրսևորում հատկապես ճգնաժամային իրավիճակներում: Վնաս հասցնողը կարող է հետևորդների վրա լրացուցիչ ազդեցություն ունենալու համար դիմել անգամ ծայրահեղ միջոցների` որպես վերջին հնարավորություն օգտագործելով իր հանդեպ խղճահարություն առաջացնող հնարքներ (օրինակ, արտասվել` օգագործելով դերասանական «շնորհքը»):

Ժամանակի ընթացքում խաբվածներից շատերի «աչքերը բացվում են» (իհարկե, լինում են համառներ էլ), և նրանք ընկալում են ու հասկանում մարդու իրական ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ու իր կողմից իրականացվող ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (կամ անգործության) ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ: Չգիտակցված խաբվածներին կարելի է փորձել օգնել, օրինակ, խորհրդով (ստիպողաբար բան դուրս չի գա): Կարևոր է, որ նրանք կարողանան հնարավորինս սթափ նայել կատարվածին` կողքից հայացքով:

Իսկ ահա կամավոր խաբվածների պահով խնդիրն էլ ավելի բարդ է: ինչպես ասել է մեծն Ալեքսանդր Պուշկինը. «Ах, обмануть меня не трудно!.. Я сам обманываться рад!»: Նրանցից շատերը ոչ թե հիասթափվելուց են խուսափում, այլ իրենք իրենց (համարենք` համոզմունքների) դեմ դուրս գալուց: Մարդն, ի վերջո, ավելի հակված է մեղքը բարդել տարատեսակ պայմանների վրա, բայց` ոչ իր կողմից կատարած քայլերի:

Բնույթով աղանդ հանդիսացող շարժման մեջ, իհարկե, լինում են նաև հաշվենկատությամբ առաջնորդվողներ, ովքեր ունեն կամ ակնկալում են որոշակի շահ «ներսում» գտնվելուց` կլինի դա դիրք-պաշտոն, դրամական վճար կամ որևէ այլ օգուտ: Մարդկանց այս տեսակին հուզողը էմոցիոնալը չէ: Նրանք հարցին այլ կերպ են նայում, և նրանց դեմ «դեղամիջոցը» ակնկալվող շահի վերացումն է: Այդպիսինների մասին լավագույնս կիրառելի է ամերիկացի գրող Ափթըն Սինքլերի հայտնի խոսքը. «Մարդը դժվար է մի բան հասկանում, եթե իր շահը կախված է այն չհասկանալուց»:

Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ

ք. Հոնկոնգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30