Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի ճանաչումը օգտակար է ո՛չ միայն Արցախին, այլեւ Երեւանին եւ համանախագահող երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային․ «Ազգ»

Նոյեմբեր 28,2020 09:22

Անկախ այն հարցից, թե խորհրդարանը եւ նախագահ Էմանուել Մակրոնը կվավերացնե՞ն, թե՞ ոչ, Ֆրանսիայի Սենատի բացարձակ մեծամասնությամբ ընդունած օրինագիծը Արցախի անկախությունը ճանաչելու մասին դույզն-ինչ սփոփանք եղավ մեր սգավոր ժողովրդի ու երկրի համար:

Իրավացի են այն մեկնաբանները, որոնք երեկ պնդում էին, որ ֆրանսիական այդ նախաձեռնությունը եթե գործի դրվեր մեկ ամիս առաջ, ապա հազիվ թե ունենայինք ռուսական նախաձեռնությամբ պարտադրված նոյեմբերի 9-ի ամոթալի փաստաթուղթը եւ, թերեւս, նվազ լինեին մեր մարդկային ու տարածքային կորուստները:

Սակայն, ավաղ, եթե-ներով չես կարող դեպքերի ընթացքը հետ շրջել: Եվ ունենք այն, ինչ ունենք. 5000 զոհ եւ անհետ կորած, 7000-ից ավելի վիրավոր, տասնյակ հազարավոր տեղահանվածներ (որոնց մեր մամուլն ու պաշտոնյաները հիմարաբար կոչում են փախստականներ), 12000 քկ մեզնից խլված տարածք, մեջտեղից կիսված ԼՂԻՄ, ռուս զինվորին ու զենքին ապավինած երկիր, համավարակի ճիրաններում տվայտվող ժողովուրդ, անգործունակ կառավարություն՝ իր քաղաքական հաշմանդամ (ավելի հարմար պիտի լիներ օտար՝ ինվալիդ բառը) վարչապետով ու հաշմված տնտեսությամբ, հուսալքված ժողովուրդ:

Եվ ահա այս դժնի պայմաններում, թեեւ ուշացած, Փարիզից հնչում է սթափեցնող՝ միջազգային հանրույթի հավաքական պատասխանատվությունը հիշեցնող որոշումը, որը կարծեք անմիջական արձագանքն էր խորհրդարանի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի պատվո նախագահ Ֆրանսուա Ռոշըբլոյնի՝ «France-Arme՛nie» շաբաթահանդեսի աշխատակից Տիգրան Եկավյանին տված հարցազրույցում հնչեցրած սրտառուչ կոչին՝ «Ֆրանսիա, մարդու իրավունքների հայրենի՛ք, արթնացի՛ր»:

Ու բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեցան հետեւել Սենատի այդ նիստին, կարող են վկայել, որ ֆրանսիացի պատգամավորները Արցախյան հիմնահարցը շատ ավելի խորը, շատ ավելի համապարփակ, շատ ավելի այժմեական էին ներկայացնում, քան մնացած բոլորը, այդ թվում՝ հայերս:

Հիմնական թիրախը նրանց Էրդողանի Թուրքիան էր՝ իր նվաճողական, ահաբեկչական, ցեղասպանական քաղաքականությամբ, տարածաշրջանային լայն ընդգրկումով: Ելույթների մեծ մասը Ադրբեջանին վերաբերվում էին որպես proxy, vassal, գերիշխանությունը Թուրքիային զիջած պետության, իսկ Հայաստանին՝… խղճահարությամբ: (Արդարեւ, խղճահարության է արժանի այն իշխանությունը, որը առայսօր չի կարողանում, օրինակ, բերձորցիներին ասել, թե ինչ անեն. մնա՞ն, թե՞ լքեն իրենց դարավոր բնակավայրը):

Այս պահին դժվար է ասել՝ կվավերացվի՞ Սենատի որոշումը, որը պարտավորեցնող չէ (not binding): Դատելով պետքարտուղար Ժան Բատիստ Լորենի հայտարարությունից, թե Ճանաչումը գործնականում օգտակար չէ ո՛չ Արցախին, ո՛չ Երեւանին, ո՛չ էլ Ֆրանսիային՝ հազիվ թե: Սակայն փորձենք առարկել. ճանաչումը օգտակար է ո՛չ միայն Արցախին, այլեւ Երեւանին եւ նույնինքն համանախագահող երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային:

Արցախին, որի անկախության ճանաչումը միջազգային իրավական երաշխիք կդառնա այդ երկրամասի բնիկ ժողովրդի համար: Երեւանին, որը պաշտոնապես ճանաչված է որպես հակամարտության կողմ եւ Արցախի փոխարեն բանակցող՝ սեպտեմբերի 27-ին ինքն է ենթարկվել նախահարձակման, ագրեսիայի:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30