Կարծում եմ՝ 6 ամիս հետո Նիկոլ Փաշինյանը վերջնականապես որոշում կկայացնի արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ: ՀԺ-ի հետ զրուցում երեկ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Մովսես Հարությունյանը:
Քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում երեկ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում եւ նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, ովքեր փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, ովքեր փորձում են քաոս սերմանել մեր երկրում: Ըստ Փաշինյանի՝ նրանք ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս, ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձը ապահովելու համար:
– Պարոն Հարությունյան, այդ ո՞ր ուժերն են, որ փորձում են քաոս սերմանել մեր երկրում, ո՞ւմ է դա ձեռնտու:
– Տեսեք, վարչապետը նկատի ունի այն ուժերին, որոնք այդ թվում սոցիալական ցանցերում տարբեր ֆեյք էջերի, տելեգրամյան ալիքների միջոցով տարածում են լուրեր, որոնց հիմնական մասը ապատեղեկատվություն է: Դրանով նրանք փորձում են ազդել մարդկանց բարոյահագեբանական վիճակի վրա: Տեսնելով, որ մարդիկ ընկճված են, փորձում են ավելի շատ գցել ընկճախտի մեջ, հուսահատության հասցնել, որպեսզի նրանք կորցնեն ադեկվատության զգացումը եւ հեշտությամբ տրվեն սադրանքների: Հստակ չեմ կարող անուններով ասել, թե որ շրջանակներն են դրանք, բայց ակնհայտ է, որ բոլոր նրանք են, ովքեր էս պահին գործում են իշխանությունների դեմ: Ինձ թվում է բոլորի համար ակնհայտ է ում մասին է խոսքը:
Կարդացեք նաև
– Իսկ ըստ ձեզ ի՞նչ նկատի ունի Փաշինյանը, երբ ասում է, որ ներհայաստանյան այդ խմբերը գործում են արտաքին ուժերին համընթաց:
– Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ի նկատի ունի այն հանգամանքը, որ մեր ներքին շրջանակների լեքսիկոնն ու ցանկությունները կամա թե ակամա սկսել են համընկնել թշնամական երկրներից եկող ազդակներին։ Փաստացի վարչապետը դրանով կոչ է անում չտրվել այնպիսի սադրանքներին, որոնց նպատակը Հայաստանի ներքին կայունության խաթարումն է։
– Վերադառնալով անիշխանության մասին հայտարարությանը՝ արդյոք անիշխանություն չէ՞ այն, որ երեկ Սոթքում ադրբեջանցիներ են հայտնվում, այդ մասին տեղեկացված չեն լինում հանքի աշխատակիցները, իրենք են որոշ դեպքերում (համենայնդեպս երկար ժամանակ նման տեղեկություններ էին գալիս) բանակցություններ վարում:
– Անիշխանություն կլիներ այն, որ ոչ մի պետական պաշտոնյա կամ կառույց չզբաղվեր այդ հարցով ընդհանրապես: Այստեղ թերացումը տեղեկատվական հոսքերինն է. եթե քաղաքացիները, ինչպես նաեւ աշխատակիցները նախապես իմանային սահմանազատման պրոցեսի մասին՝ ավելի ճիշտ կլիներ եւ երեկվա քաոսը չէր առաջանա: Խնդիրը սրանում է: Թե չէ անիշխանություն չի կարող լինել, որովհետեւ ինչպես տեսանք, կեսգիշերին ԳՇ պետի տեղակալը ասուլիսով հանդես եկավ, հայտարարեց, որ իրենց անմիջական մասնակցությամբ են տեղի ունեցել գործընթացները:
– Թերացումը ո՞ր կառույցինն էր:
– Թերացում կա՝ իշխանություն-հանրություն կապի առումով: Եթե նախապես հայտարարվեր՝ պարզ բացատրվեր իրավիճակը, ավելի ճիշտ կլիներ:
– Պարոն Հարությունյան, Փաշինյանն ասում է՝ «նրանք ուզում են, կրկնում եմ, պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետեւ սովոր են արյունով իշխանության գալ եւ արյունով իշխանություն պահել: Բայց կրկնում եմ, մենք սա թույլ չենք տալու, ժողովուրդը սա չի թույլ տալու»: Բայց այդ ժողովրդի մի մասը մասնակցում է իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքներին: Ըստ ընդդիմության՝ նրանք ավելի շատ կլինեին, ուղղակի մարդիկ սգի մեջ են: Ինչի՞ հիման վրա է Փաշինյանը պնդում, որ ժողովուրդը դա թույլ չի տա:
– Էն, որ հասարակության մեջ հակասական տրամադրություններ կան տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ դա միանշանակ է: Բայց թե ինչի հիման վրա է Փաշինյանը նման բան պնդում՝ կարող ենք երկու տեսանկյունից մեկնաբանել. առաջին՝ կոնկրետ 17 ուժերի հավաքներին մասնակցություն ունեցող անձանց քանակից, երկրորդ՝ հնարավոր է նա տիրապետում է ինչ-որ հարցումների եւ դրա հիման վրա է անում նման հայտարարություն:
– Վերլուծելով առկա իրողությունները, եղած ինֆորմացիան, կհաջողվի՞ այդ քաղաքական ուժերին հասնել փոփոխության, արտահերթ ընտրությունների:
– Կհասնեն քաղաքական ուժերը, թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց հնարավոր է ինչ-որ մի փուլում իշխանությունը ինքը ցանկանա նոր լեգիտիմություն ստանալու համար գնալ արտահերթ ընտրությունների, կամ անի արտահերթ ընտրություններ՝ լոկ նրա համար, որ իշխանության գա այն ուժը, որը վայելում է հասարակության համակրանքը: Ինձ թվում է՝ ինչ-որ փուլում հասնելու է դրան:
– Մինչեւ հերթական ընտրությունների ժամկե՞տը:
– Այո, կարծում եմ լինելու են:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում