Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Մեղանչող չկա, Ապաշխարություն դժվար լինի, որքան էլ պետությունը հիշատակի արարողության միակ վայրը եկեղեցու խորանը նկատի․ «Ազգ»

Նոյեմբեր 28,2020 08:55

Հոգեւորականները, հավատացյալները հպարտությունը մեղք են համարում: Հիմա հասկացա, որ գոռոզությունն ու մեծամտությունը այդ բառի իսկական հոշմանիշներն են, իսկ օդում կախված դավաճան բառն ինձ համար կասկածի որդ էր դարձել դեռ երկու տարի առաջ, երբ այսքան նետահարող չուներ, երբ ես փորձում էի մի լրագրողի գիրք դարձած պատումը ճաշակելուց հետո որոնել, թե ո՞վ է հեղինակը. նա, որ ի հեճուկս գրքի հեղափոխական ազնիվ հերոսի, վարչապե՞տ է օծվել:

Նախկին լրագրող, այժմ օրենսդիր Լենա Նազարյանը երկու օր առաջ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում դավաճան բառը հորդորեց որոնել իրավական տիրույթում, մոտավորապես այսպես կմկմաց՝ բարոյականը խանգարում է: Կարդացե՞լ է նա բեսթսելլեր դարձած, տարբեր լեզուներով արագ թարգմանված Նիկոլ Փաշինյանի գիրքը: Վարչապետն ինքն իրեն է դավաճանել առաջին հերթին, իր գրած տողին, իր ստեղծած գրքին, իր կերտած հերոսին:

Դրանից հետո՝ հայրենիք լինի՞, թե՞ պետություն, հենց այդ սկզբի ելակետը չե՞ն: Նազարյանն էլ ցավակցեց զոհվածների հարազատներին, բայց նրա տուն պատերազմ չի մտել, նրան էլ չենք տեսել Եռաբլուրում, ուր անմահները եւ նրանց շիրիմը գրկած հարազատները, որ զուրկ չեն իրավական ամուր գիտելիքներից, միշտ դավանել են նույն բարոյական սկզբունքին՝ «հանուն հայրենյաց մեռար, դուն շատ ապրեցար»: Այնտեղ ննջողները իրավական նույն հարթությունից չեկած՝ բարոյական նույն տաք քուրայի ծնունդ են:

Իրավական հարթությունը նախընտրող Նազարյանին հարց ուղղենք՝ պետության պարտականության մեջ չի՞ մտնում իր քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելը: Եթե անհավասար կռիվն աչքի առաջ ունենալով, իրենց անվտանգության երաշխավոր պետությունից զրահաբաճկոն չպահանջած կամավոր Զինվորը նետվել է Շուշին փրկելու, ինչո՞ւ նրան կյանքի երաշխավոր պետությունը չի կանգնեցրել, թե ափսոս ես, սակավ ընտրյալս՝ անձնազոհս, մենք արդեն ստորագրել ենք… հանձնել:

Զոհերին հիշատակելն ու ոգեկոչելը, նրանց մայրերին, նրանց վիրավոր ընտանիքներին ու հարազատներին խոսք ուղղելը մեղանչողի՝ պետության նվազագույն բարոյական պարտականությունն է:

Երբ Մեղանչող չկա, Ապաշխարություն դժվար լինի, որքան էլ պետությունը հիշատակի արարողության միակ վայրը եկեղեցու խորանը նկատի, ուր ծնրադիր ոչ մեկին չտեսա:

«Դու հպարտ չես, ի՛մ հայրենիք», անընդհատ ականջիս շշնջում է իմ Տերյանը, «Հանգեք, ի՛մ որբեր», հոգեհանգստյան չվերջացող բառերով ինձ գրկում է իմ Թումանյանը:

Մեռած պետություն, ապրո՛ղ հերոսներ:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30