«Մհերն իր հասակակից տղաներից տարբերվում էր՝ չափից դուրս լուրջ, հավասարակշռված բնավորությամբ։
Օժտված էր մեծ կամքի ուժով, պատասխանատվությամբ, երբեք չէր ընկճվում ոչ մի դժվարությունից, այլ փորձում էր յուրաքանչյուր իրադրությունից պատվով եւ հաղթանակած դուրս գալ»,-«Առավոտի» հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված զինծառայող Մհեր Խաչատրյանի եղբայրը՝ Պավել Խաչատրյանը։
Մհերը զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս։
Ընտանիքի անդամները պատմում են, որ Մհերը ցանկացած գործում էր այդպես պատասխանատու: Կյանքում էլ՝ լիդեր էր:
Կարդացեք նաև
«Հոգատարության, ծնողներին եւ ընկերներին նվիրվելու շնորհիվ՝ վայելում էր շրջապատի մեծ գորովանքն ու հարգանքը։ Աշխատասեր էր եւ նպատակասլաց»,-ասում են հարազատները: Պավելի խոսքով, Մհերը լինելով լավ եղբայր, օրինակ էր ծառայում։ Ասում է՝ եղբայրը մանուկ հասակից հետաքրքրասեր էր, շուտ ըմբռնելու կարողություն ուներ, աշխույժ էր ու հայրենասեր. «Երբ փոքր էր՝ ասում էր, որ ծառայելու է Հայոց բանակում, որպեսզի խաղաղաություն լինի իր հայրենիքում: Բանակ զորակոչվեց 2019 թվականի հուլիսի 16-ին։ Մեկ տարուց ավելի ծառայում էր Ասկերանում։ Ամեն բան ընթանում էր իր բնականոն հունով, մինչ պատերազմի գույժը»։
Մհերը եւ նրա զինակից ընկերները օրեր շարունակ մարտնչել են ադրբեջանա-թուրքական բանակի դեմ, եղբոր խոսքերով, պատշաճ կերպով կատարել հրամանատարների հրամանները։ Պատերազմը Մհերին խլել է 14-րդ օրը՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ: Եղբայրը պատմում է, որ Մհերի ձայնը վերջին անգամ հեռախոսով լսել են հոկտեմբերի 11-ի առավոտյան. Խոստացել է էլի զանգել, բայց երկու օր անց լուր են ստացել, որ զոհվել է:
Զինակից ընկերները պատմել են, որ այդ օրը նրանց տեղափոխել են Հադրութ, գիշերն էլ հրամանատարը հրաման է տվել, որ մտնեն անտառ եւ ոչնչացնեն թշնամու դիվերսիոն խմբերին։ Մարտական այդ առաջադրանքը կատարելիս էլ՝ վիրավորվում է ստացել եւ զոհվել։ Պավելն ասում է, որ Մհերն իր համար հրաշալի եւ օրինակելի եղբայր է եղել։ Լավ հիշում է եղբոր տված խորհուրդներն ու հպարտանում նրանով, հպարտանում, որ Մհերի եղբայրն է ու նրանից շատ բան է սովորել:
«Մեր վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 11-ին, մինչ երեկոյան հետախուզման գնալը։ Խոսակցության ընթացքում անընդհատ մեզնից էր խոսում՝ ինչպե՞ս ենք, ինչո՞վ ենք զբաղվում։ Սովորեցնում եւ խորհուրդներ էր տալիս ինձ՝ ինչպես պետք է պահեմ ծառայության ժամանակ, մարտի դաշտում եւ խրամատում։ Առհասարակ ռազմադաշտից ոչինչ չէր պատմում։ Մի օր էլ զանգեցի Մհերին՝ ընկերը վերցրեց։ Պատմեց, թե եղբայրս ինչպես է երեք ամսվա ծառայող տղաներից մեկին իջեցրել դիրքերից, որ հանկարծ թշնամու գնդակի թիրախ չդառնա, ասելով՝ նոր է, կռվել լավ չգիտի։ Անտառում էլ, մարտական առաջադրանքի կատարման ժամանակ՝ վիրավոր զինընկերոջը օգնություն ցույց տալիս՝ թե ինքը, թե ընկերը վիրավորվել եւ զոհվել են»,- ցավով պատմում է Պավելը։ Ասում է՝ ապագայի հետ կապված շատ ծրագրեր ուներ, ցանկանում էր ծառայությունից հետո կրթությունը շարունակել՝ ընդունվել էր համալսարան, սակայն այդպես էլ անկատար մնացին թե՛ նպատակները, թե՛ երազանքները։
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.11.2020