Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ստանձնել է «ապահովել հիմնադրամի տարածքների անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ հիմնադրամի տարածքների պահպանությունը»

Նոյեմբեր 28,2020 13:30

Արցախի շրջանների հանձնման համաձայնագրից հետո հետաքրքիր էր իմանալ, թե ՀՀ կառավարությունը ինչ հարցով կարող է դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

Պարզվեց՝ ՍԴ-ում այս օրերին կայացվել է /անգամ չի հետաձգվել/ հիմնադրամներից մեկի «տարածքային անձեռնմխելիության» հարցով որոշում:

Ըստ այդ որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Կանաչ կլիմայական հիմնադրամի» միջեւ հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին Կատովիցե քաղաքում՝ Հայաստանի Հանրապետությունում նշյալ հիմնադրամի գործունության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:

Համաձայնագրով սահմանվել է հիմնադրամի եւ վերջինիս հետ կապակցված անձանց կարգավիճակը: Հիմնադրամն ունի լիարժեք իրավաբանական անձի կարգավիճակ, մասնավորապես, իրավասու է կնքել պայմանագիր, ձեռք բերել եւ տնօրինել շարժական եւ անշարժ գույք, հանդես գալ դատարանում:

Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրով ստանձնել է մի շարք պարտավորություններ, մասնավորապես, ապահովել հիմնադրամի տարածքների անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության միջոցով ապահովել հիմնադրամի տարածքների պահպանությունը եւ այդ տարածքների համար հանրային ծառայությունների տրամադրումը, ապահովել, որ մինչեւ հիմնադրամի նկատմամբ վերջնական դատական ակտի կայացնելը հիմնադրամի գույքի եւ տարածքի վրա, անկախ դրանց գտնվելու վայրից եւ դրանք տնօրինողից, չկիրառվի որեւէ տեսակի բռնագրավում, զննություն, կալանք, արգելանք կամ հարկադիր կատարում:

ՀՀ կառավարությունը ապահովելու է հիմնադրամին պատկանող կամ նրա մոտ պահվող արխիվների եւ բոլոր փաստաթղթերի ու տվյալների, ինչ տարբերակով էլ դրանք կազմված լինեն, այդ թվում՝ էլեկտրոնային ձեւով, անձեռնմխելիությունը՝ անկախ դրանց գտնվելու վայրից, հիմնադրամի պաշտոնական հաղորդակցության նկատմամբ կցուցաբերվի ոչ պակաս բարյացակամ վերաբերմունք, քան Հայաստանի Հանրապետությունում ներկա միջազգային կազմակերպությունների պաշտոնական հաղորդակցության նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը:

ՀՀ կառավարությունը կդյուրացնի հիմնադրամի կազմակերպած հանդիպումներին ու համաժողովներին մասնակցելու համար հիմնադրամի կողմից հրավիրված դիտորդների եւ այլ անձանց մուտքի վիզայի համար դիմելու ընթացակարգը, երբ պահանջվում է մուտքի վիզա, եւ Հայաստանի Հանրապետության օրենքների ու կարգավորումների թույլատրելի սահմաններում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30