Երեւանի օպերային թատրոնի առաջատար մեներգիչ Հայկ Տիգրանյանը դեռեւս միակն է, որը ռազմական դրության պայմաններում մեկնել է հյուրախաղերի:
Աշխարհում նոր կորոնավիրուսը շարունակում է իր «հաղթարշավը» եւ, ըստ մասնագետների՝ այդ չարիքի ավարտի մասին խոսելը դեռեւս վաղ է։ Բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մշակույթի, այն շարունակում է թելադրել իր կանոնները։ Ստեղծված իրավիճակին զուգահեռ մեզ պարտադրվեց նաեւ պատերազմ։ Եթե մինչ պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 27-ը, մշակույթին հետեւում էինք առցանց ու արդեն կամաց-կամաց որոշ օջախներ իրենց դռներն էին բացում, ապա այս արհավիրքը բացառեց մշակութային կյանքը։
Ճիշտ է ասված, որ բոլոր օրենքներում, այդ թվում՝ պետաիրավական փաստաթղթերում, կան բացառություններ։ Օրինակ, հուլիսին, երբ մեծ հաշվով պարալիզված էր կյանքը, գումարած տավուշյան դեպքերը, հայ արվեստագետներից առաջինը Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Թորոսյանը մեկնեց հյուրախաղերի Իտալիա։ Երկրորդ արվեստագետը, որ նման «առաքելությամբ» մեկնել է արտասահման, մինչեւ նոյեմբերի 21-ը մեզ անհայտ էր։ Իսկ ինչու հենց նոյեմբերի 21, որովհետեւ ռուսաստանյան մամուլից տեղեկացանք, որ դարձյալ մեր օպերային թատրոնի արտիստներից՝ Հայկ Տիգրանյանը, որը միակ հրավիրյալ երգիչն էր, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում մասնակցել է Ռոսինիի «Փոքրիկ հանդիսավոր մեսսա» ստեղծագործության կատարմանը։
Նկատենք, որ Հայկ Տիգրանյանը մեկնել է, երբ երկրում ռազմական դրություն էր։
Ճանաչված օպերային բասին դասական երաժշտության սիրահարներին ներկայացնելու կարիք ընդհանրապես չկա։ Համենայնդեպս, լայն ընթերցողին ասենք, որ 2008 թ.-ից թատրոնի մեներգիչը զբաղված է եղել խաղացանկային բոլոր ներկայացումներում, հանդես եկել շուրջ 20 դերերգով, վարել է բուռն ստեղծագործական կյանք ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում։
Կարդացեք նաև
Արվեստագետի հետ հանդիպման սկզբում նախ հետաքրքրվեցինք, թե ինչպես է կարողացել հայտնվել Մոսկվայում, երբ երկրում ռազմական դրություն էր։ Հայկ Տիգրանյանը նախ հայտնեց, որ հրավերը ստացել է անձամբ Վլադիմիր Մինինի կողմից, ում անունն է կրում Մոսկվայի պետական կամերային երգչախումբը, ապա մանրամասնեց. «Մեկնել եմ Ռուսաստան մեր պաշտպանության եւ ԿԳՄՍ նախարարների թույլտվությամբ»։ Հայտնեց նաեւ, որ Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով համերգներ գրեթե չեն կայանում, այդ եզակի համերգն էլ մաեստրո Մինինի հանդեպ ունեցած հարգանքի արտահայտություն էր։ Չէինք կարող առաջին հերթին չհետաքրքրվել, թե անվտանգության ինչպիսի՞ կանոններ էին սահմանված։ «Դահլիճի ընդամենը 25 տոկոսն էր զբաղված՝ 400 տեղ, բոլորը դիմակով էին։ Անկեղծ ասած՝ եկել էին վախը սրտներում, բայց համերգի ավարտին չէին շտապում լքել դահլիճը՝ հնչեցնելով օվացիաներ»,- հայտնեց երգիչը։
Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ մեսսան ղեկավարել է երիտասարդ դիրիժոր Տիմոֆեյ Գոլբերգը եւ նշեց մենակատարներին՝ սոպրանո Վերոնիկա Պոգրեբնայա-Լյալիկովա, մեցցո-սոպրանո Պոլինա Շամաեւա, տենոր Իգոր Մորոզով։ Մանրամասնեց նաեւ, որ մեսսան գրված է երգչախմբի, մենակատարների, երկու ռոյալի եւ երգեհոնի համար, նշելով դաշնակահարներ Լուկաս Գենյուշասի, Աննա Գենյուշենեի, երգեհոնահար Մարիաննա Վիսոցկայայի անունները։ Դիտարկմանը, թե վերջին 4-5 տարիներին իր երգացանկից անպակաս է Ռոսինին, մեր թատրոնում նրան հանդիպել ենք «Մոխրոտը», «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս», «Անդրեա Շենյե» օպերաներում, երգիչը ասվածին հավելեց, որ 2017թ.-ին մասնակցել է Գերմանիայում կայացած Ռոսինիի փառատոնին, հաջորդ տարի էլ Գյոթինգերի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ կրկին մատուցել է Ռոսինիի ստեղծագործություններից։ Մեր զրուցակցին հիշեցրինք, որ Ռոսինիի այդ մեսսան առաջին եւ միակ անգամ իր մասնակցությամբ կատարվել է Երեւանում։ «Այո, 2019թ. «Վերածնունդ» փառատոնի շրջանակներում, այլ հյուրախաղորդների թվում, հրավիրված էր նաեւ Մինինի երգչախումբը եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կատարվեց այս մեսսան, որին մասնակցեցի նաեւ ես»,- ասաց Հայկ Տիգրանյանը։ Նշեց նաեւ, որ հիշյալ ստեղծագործությունը կոմպոզիտորը գրել է հասուն տարիքում եւ աշխարհի ոչ բոլոր երգչախմբերն ու մեներգիչներն են համարձակվում մոտենալ այդ գործին։ Քանի որ Մինինը երկրորդ անգամ էր հրավիրում հայ երգչին բասի պարտիան կատարելու համար, պարզից էլ պարզ է, որ նա բարձր է գնահատում մեր արվեստագետի կատարումը, այդուհանդերձ կեսկատակ-կեսլուրջ խնդրեցինք հայտնել, թե ի՞նչ է իր «ականջին ասել» մաեստրոն։ Հավանաբար անհարմար զգալով, տեւական դադարից հետո երգիչը փոխանցեց մաեստրոյի խոսքը. «Դու կարողանում ես մեսսայի բասի պարտիան, մասնավորապես՝ մեներգը, մատուցել շատ հանգիստ։ Հիշիր, ստեղծագործական կյանքում չես հանդիպի ոչ մի խոչընդոտի, քանի որ կարողանում ես այդ բարդ մեներգը մատուցել այնքա՜ն հանգիստ»։
Հետաքրքրվեցինք նաեւ, թե հայ ժողովրդի համար այս ծանր օրերին ինչպես կարողացավ հաղթահարել ընկճված վիճակն ու դուրս գալ բեմ։ «Այնտեղ եղած ժամանակ մշտապես հետեւում էի լուրերին, իսկապես աննկարագրելի դժվար էր ինքդ քեզ հավաքելը։ Մյուս կողմից հասկանում ես, որ երկիր ես ներկայացնում… Արդեն որերորդ անգամ համոզվեցի, որ մենք առաջին հերթին աշխարհին պետք է ներկայանանք մեր մշակույթով»,- հայտնեց արվեստագետը։
Զրույցի ընթացքում Հայկ Տիգրանյանը մտաբերեց, որ մինչ համավարակը Երեւանի թատրոնում բեմ է բարձրացել մարտի 11-ին՝ Տիգրանյանի «Անուշ» օպերայում, իսկ պատերազմը սկսվելու նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, մասնակցել է թատրոնի ճեմասրահում կայացած համերգին։ Մինչ այս հյուրախաղը 2019թ. ելույթ է ունեցել Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում։ Այս օրերին էլ պատրաստում է Դուլկամարայի դերերգը՝ Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայում։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.11.2020