Ասում է երեխաներին արթերապեւտիկ նկարչություն եւ կավագործություն դասավանդող Վահե Քոթանյանը:
Վահե Քոթանյանը 2014-2020 թթ. սովորել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Դիզայն» ֆակուլտետում, ստացել է արվեստի բակալավրի աստիճան՝ «միջավայրի դիզայներ» (ինտերիեր, էքստերիեր) մասնագետի որակավորմամբ: 2015-2017թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ գերազանց կարգապահությամբ։
Վահեն Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է:
Պատերազմի այդ շրջանը դարձավ Վահեի կյանքի վերակերտման երկրորդ ուղին:
Կարդացեք նաև
2019 թվականի հոկտեմբերի 1-ից Վահեն դասավանդում է «ՄԱՎ-մենթալ» թվաբանության զարգացման կենտրոնում՝ արթերապեւտիկ նկարչություն եւ կավագործություն 3-ից 15 տարեկան երեխաների հետ:
2018-2020թթ. ընթացքում իրականացրել է թվով 10 անհատական ցուցահանդես, որից երկուսը մշակույթի նախարարության հրավերով՝ որպես համակարգող:
Իմ հարցին, թե ո՞րն է արվեստագետի համար առաջնային բանաձեւը, պատասխանը հետաքրքիր եղավ. «Արվեստագետի համար առաջին բանաձեւը սերն է, կյանքի, հավատի արարման, կատարածդ աշխատանքի ու շրջապատող մարդկանց հանդեպ: Եվ իհարկե խիղճը, որ ծնում է սեր, հավատարիմ մնալով ազգային արմատներիդ»:
Վահեի խոսքով` եթե ապրում ես, արդեն հրաշալի է. ահա այդպես էլ ձեւակերպում է երիտասարդ արվեստագետը, ավելացնելով` «Ունես այն, ինչ ունես… պետք է պահես ու պահպանես, որովհետեւ, երբ դժգոհում ես այն ամենից, ինչ տրված է քեզ՝ այն վերանում է, եւ ավելին, երբ կդժգոհես ջրի անհամ կամ վատ որակից՝ հիշիր, որ մեր երկրից բացի, կան երկրներ, որտեղ ջուր միայն երկինքն է պարգեւում»:
Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, հայ մշակույթի պահպանման լավագույն ձեւը արմատներից չհեռանալն է. այն ամենը, ինչ հիմք ունի՝ հեշտ է վերակառուցել ու հասնել ավարտուն տեսքի, բայց երբ խարխլված է հիմքը՝ չի ստացվի. «Ճանապարհը մեկն է՝ բռնել մշակույթի արյունահոսող զարկերակն ու արմատին սիրո լարան (ժգուտ) դնել»։
Վահեն մինչեւ ստեղծագործելն առաջին հերթին բոլոր բացասական մտքերից ազատվում, բացում է հոգին, այնուհետեւ խղճի առաջ ծնկում է, հետո` ինչպես ինքն է ասում. «ինքնամաքրում ներսս ու մարմինս հոգուս հետ ձուլում եմ աշխատանքիս, լսում Կոմիտաս ու հայ միջնադարյան փառահեղ շարականներ: Այս ամբողջի խմորաշաղախը ծնում ու արարում է իմ արվեստը: Ահա գաղտնիքը»: Նա նաեւ հավելում է. «Երեւի մի օր կլինի խաղաղություն… սա հավատի ու հույսի սպասում է եւ պետք է ապրենք, որ ապրեցնենք»։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.11.2020