Կամ՝ որոնք են լինելու հետպատերազմյան կառավարման տնտեսական քայլերը
Վերջերս սոցիալական ցանցերում շատ է քննարկվում մեր հայրենի տնտեսության ապագան, եւ հնչում են հուսադրող մտքեր, թե ամեն ինչ կորած չէ եւ նույնիսկ վարդագույն սցենարներ են ներկայացվում, օրինակ բերելով երկրորդ համաշխարհային պատերազմի փլատակների տակից վերածնված եւ թռիչքաձեւ տնտեսական աճ ապրած Ճապոնիայի կամ Գերմանիայի փորձը: Ուզում եմ այս առիթով իմ համոզմունքը հայտնել, թե պետք չէ հերթական անգամ նորից ոգեւորվել միֆերով եւ ուտոպիական գնահատումներով, ինչը որ տասնամյակներ շարունակ արվեց հայ հասարակության կողմից, անտեղի ուռճացնելով մեր բանակի «անպարտելիությունը», եւ ի վերջո մեզ կանգնեցրեց կոտրած տաշտակի առջեւ: Պատերազմը տանուլ տվեցինք նաեւ հենց այն պատճառով, որ չկարողացանք ինչպես որ հարկն է, թե դիվանագիտորեն եւ թե տնտեսապես գնահատել այն ռիսկերը, որոնք իրականություն դարձան ռազմական գործողությունների առաջին իսկ օրերին:
Փլատակներում հայտնված հետպատերազմյան Գերմանիան եւ Ճապոնիան տնտեսական զարգացման ակնառու հաջողություններ ունեցան, քանի որ լուրջ աջակցություն ստացան Արեւմուտքից: Իսկ մենք դրսից լրջագույն տնտեսական աջակցություն երբեք չենք ստացել եւ չենք էլ ստանալու, բացի մանր-մունր հումանիտար օգնություններից: Եվ ուրեմն չունենալով Արեւմուտքից նշանակալից տնտեսական օգնություն, որքան էլ որ հույսներս դնենք հայի ստեղծարարության եւ ձեռներեցական հմտությունների ներուժի վրա, միեւնույն է, դրանով տնտեսություն չենք վերականգնի, եթե կառավարությունը հետպատերազմյան շրջանում չկատարի երկու կարեւորագույն քայլ:
Առաջին. իրականացնի պետականացման ակտիվ գործընթաց: Սեփականաշնորհումը, որը թվում էր, թե Հայաստանին տալու է զարգանալու լայն հնարավորություն եւ շուկայական մրցակցային ուղիներ, այդպես էլ չարդարացրեց իրեն, եւ հիմնականում երկրում ձեւավորեց տնտեսական քրեաօլիգարխիկ համակարգ: Այս առումով, անհրաժեշտություն է ձեռնարկել հրատապ միջոցառումներ պետականացնելու հատկապես լեռնահանքային ոլորտի կազմակերպությունները, որոնք շահագործելով ազգային ընդերքը, ոչ բավարար չափով են հատուցում պետությանը եւ դրանով իսկ` ապահովում են մասնավոր գերշահույթներ: Մետաղական հանքաքար մշակող հայրենական կազմակերպությունները, որոնց գործունեությունը գրանցված է օֆշորներում, անհապաղ պետք է վերակազմավորվեն, անցնեն պետության ձեռքը եւ ծավալեն պետականամետ գործունեություն, դրանով իսկ վերջ տալով ազգային հարստություն համարվող ընդերքի թալանը:
Կարդացեք նաև
Երկրորդ, ներկայումս կարեւորվում է արժեթղթավորման ակտիվացումը, երբ պետական երաշխիքներով թողարկվելու են ոչ միայն կարճաժամկետ, այլեւ միջնաժամակետ եւ երկարաժամկետ պարտատոմսեր, դրանով իսկ հավաքագրելով հայրենիքում, եւ ինչու չէ, նաեւ սփյուռքում առկա ազատ դրամական միջոցները եւ դրանք վերաուղղելով ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը: Հայ ժողովուրդը պետք է հայացքն ուղղի կառավարությանը եւ իր դրամական ազատ ռեսուրսները վստահի հայոց պետականությանը, ի շահ երկրի տնտեսության վերականգմանը: Թողարկելով պետական պարտատոմսեր, պետությունը հնարավորություն կունենա կուտակելու անհրաժեշտ ֆինանսական պաշարներ նոր գործարանների, ֆաբրիկաների, ծառայությունների ոլորտների զարգացման համար, որոնք չեն գործելու մասնավոր ոլորտում, այլ լինելու են պետական:
Կարծում եմ, որ հետպատերազմյան Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսության զարգացմանն ուղղված քայլերում պետք է հստակ ընդգծված լինի պետական միջամտությունը, որը տարիներ շարունակ համեստ դերակատարում ունեցավ, անտեսվեց, իր տեղը զիջեց շուկայական ազատ տնտեսավարմանը, եւ արդյունքում «ոչ պատերազմ եւ ոչ խաղաղություն» իրավիճակում հայտնված երկրի համար ունեցավ աղետալի հետեւանքներ:
Արմեն ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ
27.11.2020