Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պատերազմի դասերը. Հայաստանում «մերիտոկրատիայի»՝ արժանիների կառավարման անհրաժեշտության մասին

Նոյեմբեր 28,2020 15:00

Խելացի մարդիկ սովորում են այլոց սխալներից, ոչ այնքան խելացիները՝ սեփական։ Հիմարներն առհասարակ որեւէ դաս չեն քաղում։ Այս պատերազմն ու այս պարտությունը մեզ համար հերթական առիթ է՝ հասկանալու, թե որոնք էին մեր սխալները, եւ դրանք նորից չգործելու։ Պատերազմից դասեր քաղելը մեզ համար հնարավորություն է՝ հստակեցնելու մեր հավաքական գիտակցության ու կարողությունների իրական սահմանները, վերադառնալու իրականություն։

Առերեսվելով նոր իրականության հետ՝ տեսանք, որ պարտվում ենք։ Երկրի ու ազգի զավակների մի մասի, պատվի եւ արժանապատվության մի մասի հերթական կորստից վատ բան չկա. հաջորդն ամբողջի կորուստն է։ Ռազմաճակատում հերոսական պայքարին, զոհվածների անունների պարբերական հայտարարմանը, ապա՝ պարտության անհասկանալի հանգամանքներին ու համազգային սգին զուգահեռ սոցցանցերում միմյանց ոչնչացնող գրառումներ ու տեսանյութեր տարածելը, հանրային հեռուստաալիքներով եւ ռադիոկայաններով հրճվանքով խաղամոլություն գովազդելը՝ «Վիվառո», «Աջարաբեթ», «խաղացիր», «կրակիր», «հաղթիր», «ֆռցրու», «գցիր ու բռնիր», եւ այլն, կրկին անգամ ապացուցում են. մեր հասարակությունը հիվանդ է։

Պատերազմն էլ, կարծես, շատերի կողմից ընկալվեց որպես խաղ, որում բախտի բերումով «հաղթելու ենք»։
Ուրեմն՝ այնպես, ինչպես ապրել ենք, անգամ եթե դա մեր ազգային յուրահատկությունն ենք համարում, այլեւս չի կարելի, դա չի աշխատում։ Պնդել նույնը՝ նորից պարտվելով, նորից սեղմվելով եւ՛ տարածական, եւ՛ մարդկային առումներով, համառություն չէ, այլ հիմարություն։

Սովորելով սեփական սխալներից եւ դառը փորձից (եթե չենք կարողացել սովորել ուրիշներից)՝ մեր պետությունը վերջնականապես չկորցնելու հնարավորություն ունենք։ Մասնագիտական մի շարք մոտեցումներից այստեղ կառաջադրեմ երկուսը, որոնց իրագործման համար անհրաժեշտ է հավաքական կամք եւ ազգային արժանապատվությունը վերջնականապես չկորցնելու ցանկություն։

Առաջինը. հայաստանյան հասարակությունը պատրաստ չէ խոսքի ազատությանը։ Մասնավորապես, հասարակության ու այդ թվում առաջնորդների (հին եւ հատկապես արդի) հիվանդագին տարվածությունը հանրային քննարկումներով եւ համացանցային հաղորդագրություններով (լայվերով, քոմենթներով, լայքերով եւ այլն) փոխարինել է իրենց բուն պարտականությունների կատարումը, դարձել է հանրային եւ էլիտար կենսակերպը, եւ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը, հանրային հոգեկան առողջությանը, ազգային միասնականությանը, պետական գաղտնիքի պաշտպանությանը։ Սոցիալական ցանցերը, այդ թվում՝ Ֆեյսբուքը, հաղորդակցման եւ տեղեկատվության համաշխարհային հարթակներ են, մարդկանց միավորող գործիքներ։ Սակայն, ինչպես լուցկին է մեկի ձեռքում ջերմության աղբյուր, մյուսի՝ հրդեհի պատճառ, այնպես էլ համացանցն ու խոսքի, գրառումների, հրապարակայնության անսպառ եւ անվերահսկելի հնարավորությունները մեզանում աղետ են, սպառնալիք, նմանիդ ոչնչացնելու ու մյուսի հաշվին ինքնահաստատվելու միջոց։

Խոսքի ազատություն ունենալու համար մտքի ազատություն պետք է ունենալ, իսկ մտքի ազատությունը սեփական վարվելակերպն ինքնուրույն վերահսկելու կարողությունն է։ Հայաստանցիների մեծ մասը ունակ չէ վերահսկել սեփական վարքը՝ հաշվի առնելով հանրային շահն ու անվտանգությունը, անգամ այդ մասին մտածելու։ Ժամանակին ասում էին. սովոր չենք մտածել պետական շահերի մասին ու մտածում ենք միայն մեր նեղ, խմբային, ընտանեկան բարեկեցության մասին, քանի որ պետականություն չենք ունեցել։ Սակայն այժմ՝ պատերազմական եւ հետպատերազմյան մեր հասարակության կենսակերպը դիտարկելով՝ կարող եմ ասել հակառակը. չենք ունեցել պետականություն, քանի որ, ամենայն հավանականությամբ, մեզ այնպես ենք պահել եւ դրսեւորել, ինչպես այսօր։

Հայ ժողովուրդը Հայաստանում եւ այլուր իր մտածելակերպով ազատ չէ, կաշկանդված է մեծամտությամբ եւ փառասիրությամբ, կորստյալ հայրենիքի հանդեպ անկեղծ ու ցուցադրական կարոտով, անգամ երբ ինքնակամ է լքում իր հայրենիքը, ցեղասպանված լինելու եւ մեղավորի անպատժելիության փաստով, երկակի ձեւաչափերով. մեզ կարելի է ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ։ Եթե մենք ենք մի բան անում, ապա դա անպայման հայտնագործություն է, եթե նույնը անում են մյուսները, ապա իրենք կա՛մ նույնպես հայ են, կա՛մ էլ պատահականություն է։

Հայերիս ազգային մտածելակերպի այս եւ բազում այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ սահմանափակումներն առանձին մասնագիտական աշխատանքի խնդիր են, սակայն ակնհայտ փաստն այն է, որ հանրային հաղորդակցությունների անսահմանափակությունը Հայաստանում ազգային անվտանգության ներքին սպառնալիք է։ Ատելության խոսքն ու ահաբեկումը սոցիալական ցանցերում հաղորդակցվելու մեր հանրային «մշակույթն» է, իսկ սեփական խոսակցական վարքի անվերահսկելիությունն այսօր մեզանում լի է պետական գաղտնիքի բացահայտ կամ անուղղակի արտահոսքով, այն էլ դարձյալ՝ միմյանց բարոյապես կամ ֆիզիկապես ոչնչացնելու նպատակով, առանց հանրային եւ պետական շահի մասին մտածելու։

Մինչդեռ, ամեն մարդակերպ ու համացանցից օգտվելու համար նվազագույն կարողություններ ունեցող սուբյեկտ չէ, որ պետք է մուտք ունենա դեպի հանրային գիտակցությունն ու հաղորդակցումը։ Ուստի՝ հայաստանցիներիս մուտքը սոցիալական ցանցեր պետք է սահմանափակվի։ Սա նաեւ կսահմանափակի հերթական քաղաքական գործիչների հաղորդակցական գերակտիվությունը համացանցում, եւ կստիպի աշխատել։ Պետության անվտանգությունը խոսքի ազատությունից վեր է։ Իհարկե, եթե դեռ ուզում ենք պետություն ունենալ։

Երկրորդը. հայաստանյան հասարակությունը ունակ չէ առկա ժողովրդավարական մեխանիզմներով առաջնորդներ ընտրել։ Անկախության տարիների ամբողջ պատմությունը վկայում է. ժողովրդավարական մեխանիզմները Հայաստանում գործում են միայն մասամբ, եւ միայն տեխնիկական առումով։ Ընտրությունների կազմակերպումը, ընտրատարածքների նախապատրաստումը, քվեաթերթիկների տպագրումն ու բաժանումը, այդ ամենի վերահսկումը եւ արդյունքների հրապարակումը մեզ մոտ քիչ թե շատ ստացվում է, սակայն բոլոր ընտրություններն արտադրել են ՀՀ նախագահներ, ԱԺ պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ապա նշանակվել են կառավարություններ, դեսպաններ եւ այլք, ումից հասարակությունը մեծամասամբ եւ շատ կարճ ժամանակահատվածում բառիս բուն իմաստով հիասթափվել ու զզվել է՝ զզվել է սեփական «ընտրությունից»։ Փաստորեն, կա՛մ չգիտենք, թե ինչ ենք ուզում, եւ արդյունքում ընտրում ենք նրանց, ովքեր իրենք են ուզում իշխել, եւ ոչ մի այլ բան բացի իշխելուց, կա՛մ էլ ընտրելով՝ մեր ազգային հիմնախնդիրների լուծմանը կարող անձնակազմ երբեք չենք ձեւավորի, եւ կա՛մ էլ՝ երկուսը միասին։

Մեզանում տարածված է այն թյուր պատկերացումը, թե գիտնականները, մտավորականները, փորձագետները (հավատարիմ իրենց մասնագիտությանը եւ հանրային շահին, եւ ոչ թե այս կամ այն գործող իշխանությանը) պետք է լոկ աջակցեն իշխանության ներկայացուցիչներին՝ տրամադրեն տեղեկատվություն, հուշեն, թե ինչ եւ ինչպես անել, եւ ապա մի կողմ քաշվեն՝ մնալով ստվերում։ Նորանկախ Հայաստանում առ այժմ մտավորականն ընկալվել է իբրեւ խելացի, բարի եւ անպաշտպան էակ՝ զուրկ ազդեցության լծակներից ու անգամ ցանկություններից։

Նմանօրինակ թերագնահատող եւ անգամ արհամարհական մոտեցում սեփական իրական վերնախավին (իսկ հենց մտավորականությունն է իրական վերնախավը), կարծես թե հենց հայաստանյան հասարակության ծնունդներից է, այն էլ՝ Խորհրդային Հայաստանից եկող, երբ չնայած խորհրդային մշակույթի եւ գիտատեխնիկական առաջընթացի՝ մեզանում գիտնականների, մտավորականների, ռազմական գործիչների, ուսուցիչների մեծարման հետ մեկտեղ ծաղկում եւ բարգավաճում էին իրական հեղինակությունները՝ բուֆետչիկները, ցեխավիկները, կիսաքրեական եւ թաղային հեղինակությունները։ Խորհրդային Միության փլուզումից հետո հենց այդ հեղինակությունները իրական իշխանություն ստացան եւ բարձրացան մակերես՝ դառնալով հասարակության վերնախավի իրական կերպարն ու ձեւավորելով Հայաստանում եւ արտաքին գործընկերների հետ հարցեր լուծելու, «բանակցելու», տնտեսությունը «կառավարելու» եւ ռեսուրսները վերաբաշխելու, հասարակության մնացած մասին, այդ թվում մտավորականներին վերեւից ներքեւ անդրադառնալու այսօրվա «մշակույթը»։ Առեւտրական մտածողությանը փոխարինեց պետական մտածելակերպը։

Յուրաքանչյուր հերթական ընտրություններին՝ նախագահական, պառլամենտական, տեղական՝ կարեւոր չէ, հասարակությանը մատուցվել են հենց իր իսկ կողմից բուծած կեղծ հեղինակություններ, եւ հենց այդպիսի ցուցակներից է իր նմանն իր նմանին ընտրել, ապա՝ վրդովվել, թե մի բան էն չէ։

Նիկոլը բացառություն էր. երբ 2018թ.-ի գարնանը, մերժելով նախորդներին, հասարակությունը կարծես թե արդյունքի հասավ, հարց առաջացավ. եթե ոչ այդ առեւտրական մտածելակերպով ու կենսաոճով ապրող նախկին իշխանավորները, ապա ո՞վ։ Իրենց ոլորտներում լավագույնները՝ մտավորականներն ու փորձագետները, իրենց աշխատանքով պետությանը ծառայություն մատուցածները դարձյալ չդիտարկվեցին, եւ մեյդան եկավ Մեծն շատախոսը, ում իրական նպատակների մեծ մասը, ինչպես Խորհրդային Միությունը քանդած Գորբաչովի դեպքում, դեռ շատ երկար ժամանակ գաղտնիք կմնա։

Հայ ժողովրդի գրեթե միակ ուժեղ կողմը ստեղծագործ, նվիրյալ, աշխատասեր եւ համեստ մարդն է, իսկ ակնհայտորեն թույլ կողմը՝ այդ նվիրյալների վզից կախված, խաղացող, բղավող, մյուսներին փնովող եւ իրենց ասածը ամեն գնով պնդող զանգվածը։ Ընտրությունները հենց զանգվածային գործընթաց են, ուստի եւ այդպիսի զանգված մեզանում արտադրել ու արտադրելու է համանման «առաջնորդների»։

Այսպիսով՝ Հայաստանում ընտրությունները չեն կարող իշխանությունների ձեւավորման հիմնական մեխանիզմ լինել։ Ընտրել կարելի է, սակայն ոչ թե զանգվածաբար, եւ առավելեւս ոչ թե կուսակցական ցուցակներից, այլեւ պետությանը ծառայություններ մատուցած անձանց՝ լավագույնների ցանկից։ Ոչ թե ջուր ծեծողներից, ոչ թե՝ իշխանության ոտքերը լիզող «փորձագետներից», ոչ էլ՝ մյուսներին Ֆեյսբուքում անվերջ փնովողներից ու այլոց հաշվին ինքնահաստատվողներից, այլեւ նրանցից, ովքեր շատ չեն, եւ ում կենսագրության մեջ գրված է. ստեղծել է, կառուցել է, զարգացրել է, հայտնագործել է, կազմակերպել է, շտկել է, բացատրել է, միավորել է, կայունացրել է, համախմբել է։

Իրական աշխատանքն ունի իրական արդյունքներ։ Խոսքը միայն մտավոր գործունեությամբ զբաղվողների՝ մտավորականների մասին չէ. Հայաստանը պետք է ղեկավարեն իրենց ոլորտներում ակնհայտ, փաստացի առաջընթաց ապահոված, դրանով հանրային շահի եւ պետական անվտանգությանն ու զարգացմանը նպաստած անձինք։

Հայաստանի քաղաքական կյանքի կուսակցական կառուցվածը, ինչպես Ֆեյսբուքը, մշտապես ստեղծել է անառողջ հանրային մթնոլորտ եւ նույնքան անառողջ մրցակցություն՝ ազգը պառակտելով։ Կուսակցությունների միջեւ մրցակցությունը պատմականորեն քանդել է Հայաստանը։ Ուստի՝ Հայաստանում համամասնական ընտրական սկզբունքը, այն է՝ ընտրությունը կուսակցական ցուցակներից, այսուհետ պետք է բացառել, իսկ մեծամասնական ձեւաչափն էապես վերանայել՝ առաջադրվող կոնկրետ թեկնածուներին ներկայացնելով հստակ պահանջներ՝ ըստ իրենց առկա, փաստացի արդյունավետության։ Պետք է խրախուսել թեկնածուների անկուսակցականությունը։

Արժանիների կառավարումը՝ «մերիտոկրատիան», Հայաստանում սեփական ուժերով էական փոփոխությունների հասնելու միակ լեգիտիմ ձեւն է, եթե չենք ուզում, որ մեզ այլք գան եւ ղեկավարեն։

Արթուր ԱԹԱՆԵՍՅԱՆ
Քաղ.գիտ.դոկտոր, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսոր
21.11.2020

«Առավոտ» օրաթերթ
27.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30