«Վարչապետն ադեկվատ չէ այլեւս, ճիշտ չի գնահատում ստեղծված իրավիճակը, կորստի չափը չի պատկերացնում, առավել եւս’ չի պատկերացնում այն իրավիճակը, որ սպասվում է Հայաստանի, Արցախի ժողովրդին» ,- կառավարության շենքի դիմաց հացադուլ անող «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց ազատամարտիկ, բժիշկ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը։
Նա նշեց, որ Սոթքի դեպքից ակնհայտ է դարձել, որ առաջ գնալը շահեկան է Հայաստանին: Բանակցողը չկա, իրավիճակը որոշում են ռուս խաղաղապահը’ ադրբեջանցիների հետ. «Մենք գործոն չենք ու վարչապետը ասում է հպարտ քաղաքացիներ: Կարծես արդեն ձեռ է առնում մեզ, սա վիրավորանք է: Վարչապետը չի տիրապետում իրավիճակին։ Ինքը չգիտի՝ ինչ է լինելու Բերձորի ճակատագիրը, վստահեցնում եմ ձեզ։ Նա մնացել է, որ մեկ- երկու ստորագրություն էլ դնի ու ավարտի այս խայտառակ պարտության պայմանագիր կոչվածը»։
Ըստ Տոնոյանի, բանակը, որ սրբություն է, քաղաքական հարցերի մեջ, մինչդեռ բանակը շատ անելիքներ ունի։ «Ես զրահաբաճկոններ եւ կասկա չունենալու աղետավոր հետեւանքների մասին մի անգամ ասել եմ։ Դա դեռ քննության առարկա կդառնա, վիճակագրական տվյալներ կներկայացվեն եւ մենք կտեսնենք, թե դրա պատճառով որքան լուրջ հաշմանդամներ ու զոհեր ենք ունեցել։ Այսօրվա ելույթում վարչապետն ահաբեկում է, թե ինչ է, 35 հազար զինվորներին թողնեինք մնան գերության մեջ։ Իհարկե, ոչ։ Արդեն, իհարկե, օրհասական էր ու ճիշտ էր պատերազմը կանգնեցնելը։ Սա նման է նման, որ մեկը մարդու զարկերակները կտրում է ու ասում է’ ինչ անեմ, կտրեմ ոտքեր, արյունահոսությունը դադարեցնեմ, թե թողնեմ թող մեռնի։ Պարզ է, որ ոտքերը պիտի կտրես, որ գոնե հաշմանդամ, բայց ապրի։ Ինքը բերեց հասցրեց սրան, Շուշին հանձնեց ու պարծենում է։ Ինքը զինվորների ծնողներին նորից կիսելու վրա է, սեւ ու սպիտակի նման։ Այս մարդկանց լարում է մեր դեմ։ Ասում են՝ պատերազմը պետք էր կանգնեցնել»։
Գեղամ Մանուկյանը նկատել էր Փաշինյանի խոսքի հակասությունը՝ մի եթերում ասում է՝ 35 հազար զինվորի կյանք է փրկվել, նախորդ հրապարակած տեսանյութում ասում է՝ 25 հազար, այսինքն, այստեղ էլ է երեւում, որ հստակ չէ ոչինչ, տասը հազար այս կողմ, տասը հազար այն կողմ իր համար էական չէ։
Կարդացեք նաև
Տոնոյանը կարծում է, որ վարչապետը չէ, որ պիտի զբաղվի անհայտ կորած զինվորների ծնողները, դա կարեւոր է, բայց վարչապետի անելիքները այլ պետք է լինեն։
Ազատության հրապարակում հանրահավաքներից մեկի ժամանակ Տարոն Տոնոյանը պատմել էր, թե ինչպես է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Արարատի մարզպետարանի մի աշխատակցի, այսպես ասած, փախցրել Հադրութից։ Հետո Աղազարյանն արձագանքեց նրան՝ ասելով, թե չի ճանաչել ով է, ճանապարհին է պարզել՝ ում է տեղափոխում իր մեքենայով եւ իմանալով, որ զինգրքույկ չունի, դասալիք է, իջեցրել է մեքենայից: Այսօր Տոնոյանը մի ուշագրավ դրվագ պատմեց իր ու Հովիկ Աղազարյանի խոսակցությունից. «Զինվորն իր դիրքը լքել էր, հայտնվել էր հոսպիտալում՝ չգիտեմ ինչ ճանապարհով։ Մենք գտանք, որ նա առողջական խնդիր չունի Երեւան տեղափոխվելու, բայց արդյունքում նա առանց բժշկական փաստաթղթի, փաստորեն դուրս եկավ Հադրութից Հովիկ Աղազարյանի մեքենայով, որովհետեւ մարզպետարանում աշխատող իր եղբայրը խոսեց Հովիկի հետ։ Բայց հիմա հարցի մյուս կողմը՝ ասաց, շատ մտահոգ ես, Տարոն, ասացի՝ կորուստները շատ են, ի՞նչ է արվում քաղաքական ասպարեզում։ Ասաց՝ արձակուրդի մեջ ենք, ասացի՝ դիվանագիտական ասպարեզում ի՞նչ է արվում։ Կներեք, պիտի ասեմ, ասեց՝ բա չիմացա՞ր Պուտինին ոնց կզցրինք։ Ասացի՝ ո՞նց, Հովիկ։ Ասաց՝ մերոնք գնացել են, ասել են՝ եթե հանկարծ Ղարաբաղը կկորցնենք, էլ 100 տարի մեզ պետք չես։ Ես այդտեղ հասկացա, որ մեծերի լեզվով ասած՝ մեր հացը ցամաք կերանք, որովհետեւ եթե սա է իրենց քաղաքական թիմի ուղեղի գաբարիտների չափը ու ցանկանում են այսքանից հետո մնալ իշխանության»։
Տոնոյանը խոստացավ այլ դրվագներ էլ պատմել։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ