Լրահոս
Օրվա լրահոսը

25-ամյա Մարինեն ամուսնու նահատակվելուց հետո ամեն օր դեռ շարունակում է զանգահարել նրա հեռախոսահամարին

Նոյեմբեր 27,2020 22:40

Ադրբեջանաթուրքական ագրեսիան հետ մղելիս նահատակվել է Շիրակի մարզի Աշոցք համայնքի 34-ամյա բնակիչ Արկադի Գրիգորյանը։ Նա ծառայում էր ԱԱԾ սահմանապահ զորքերում, երեք տարի է՝ ինչ ամուսնացած էր, երկու երեխաների հայր է։ Որդին՝ մեկ տարի ութ ամսական է, դուստրը՝ 2 ամսական։ Նա զոհվել է հոկտեմբերի 19-ին։

Հերոսի կինը՝ Մարինե Պողոսյանը, թեև գիտի, որ ամուսինը նահատակվել է, նրան բերել են ռազմի դաշտից ու հուղարկավորել, այդուհանդերձ չի կարողանում համակերպվել, ասում է՝ սովորության համաձայն՝ թե՛ առավոտյան և թե՛ երեկոյան զանգահարում է ամուսնու հեռախոսահամարին, որը, սակայն, անհասանելի է․․․

Մարինեն Aravot.am-ին պատմեց, որ հայրը նորածին դստերը տեսել է ընդամենը մեկ անգամ, պատերազմ գնալուց երկու օր առաջ։ Դուստրը ծնվել է սեպտեմբերի 17-ին, այդ ժամանակ հայրը ծառայության մեջ էր։ Նրան թույլատրել են տուն գալ սեպտեմբերի 25-ին՝ երեխայի ծնվելու առիթով, երկու օր մնացել ու դարձյալ մեկնել է ծառայության։

«Ինքը վախենում էր երեխաներին գրկելուց, տղայիս չէր գրկում, երբ աղջկաս բերեցի, զինվորական հագուստը չէր հանել հագից, ասաց՝ բեր, աղջկաս գրկեմ, գիտես վախենո՞ւմ եմ գրկելուց։ Գրկեց, ես սովորություն ունեմ հաճախակի լուսանկարելու, բայց այդ օրը չնկարեցի, գոնե նկարեի, երեխաս կմեծանար, կտեսներ, որ հայրը գրկել է իրեն։ Էդ մի անգամը գրկեց, վերջին անգամը․․․

Ընտանիքն իր համար սրբություն էր, շատ էր սիրում մեզ, աշխարհն ու տղաս իր համար մեկ էին, շատ նվիրված էր, շատ էր սիրում ծնողներին։ Ուրիշ ձևի էր՝ հոգատար, ազնիվ, եթե տանից որևէ մեկը հիվանդ լիներ, կխառնվեր իրար։ Ես չէր սպասում, որ ինքը սեպտեմբերի 25-ին տուն պիտ գա, ինձ ասել էր՝ չեն թողնում, կգամ հոկտեմբերի 1-ին, երբ ծառայությանս հերթն ավարտվի։ Սենյակում էի, տան դուռը բացվեց, զինվորական համազգեստով ներս մտավ, ձեռքին մի գեղեցիկ ծաղկեփունջ էր, գիտեր, որ վարդեր եմ սիրում, բայց այս անգամ խառը ծաղիկներով փունջ էր, ասաց՝ Մարս, բախտդ բերեց, ծառայության գնալուց ծաղիկների խանութը փակ էր, հետ գալուց՝ բաց։ Երբ հիվանդանոցում էի, ծննդաբերել էի, հարցրեց՝ ի՞նչ ես ուզում, ասի՝ ոչ մի բան, միայն դու արի։ Երբ սեպտեմբերի 25-ին ծաղիկներով ներս մտավ, այնքան էի ուրախացել, աշխարհն իմն էր, իմ համար անակնկալ էր»,-պատմեց Մարինեին։

Հերոսի կինն ասաց, որ որդին անընդհատ հայրիկին է կանչում։

 

«Նոր է խոսել սովորում, բայց անընդհատ ասում է՝ պապա, պապա, վերջերս ջերմությունն անընդհատ բարձրանում էր, երեխան մի գիշեր անընդհատ զառանցում էր, տենդի մեջ մենակ պապա էր ասում․․․Շատ դժվար է, շատ․․․»։

Սեպտեմբերի 27-ին ամուսինը վերադարձել է ծառայության ու մեկնել ռազմաճակատ։

«Արկադիկը երբ տնից դուրս էր գալիս, ես սովորություն չունեի հետևից նայելու, բայց այդ անգամ ինքը մինչև աստիճաններից իջավ, ես վազելով գնացի պատուհանից իրեն նայելու, մեր տունը երրորդ հարկում է, տեսա արդեն մեքենայի դուռը բացել, նստել էր, որ հեռանար, էլ չտեսա իրեն։ Չգիտեմ ինչ էր կատարվում իմ հետ։ Մեր ամուսնության ընթացքում մի անգամ եղավ դեպք, երբ ամուսնուս 15 օրով Հորադիզ տարան, ծառայակիցներից ոմանք հրաժարվել էին գնալ, ինքն ասել էր՝ ես կգնամ։ Այս անգամ ես իրեն խնդրեցի, թե դու արդեն 2 երեխա ունես, ով չի գնացել, թող նա գնա, ասաց՝ եղավ ու դուրս եկավ տնից։ Սկզբում իրեն տարել էին Գյուլիջա, այնտեղ էր ծառայում, զանգեց, ասաց՝ մի անհանգստացի, առաջին ցուցակով իմ անունը չկա, հարցրեցի՝ երկրորդ ցուցակ հո չկա՞, ասաց՝ չէ, մի անհանգստացի, հո էստեղի դիրքերն առանց հսկողության չեն թողնելու։

Հոկտեմբերի մեկին իրեն տարել էին Պուշկինո, այնտեղից էլ Հորադիզ։ Հոկտեմբերի 3-ին շարժվել են, ես պատահաբար ուրիշից իմացա, որ ինքն Արցախ է մեկնում, ինքը ոչինչ չէր ասում, երբ զանգեցի, վերցրեց ասաց՝ հա, Մարս, առանց վերջին ս-ի իմ հետ չէր խոսում։ Երբ ասի, բա ասում էիր՝ չես գնա, ասաց՝ գնամ, երկու օր էնտեղ կմնամ, քո համար ի՞նչ տարբերություն էստեղ եմ ծառայում, թե՞ էնտեղ, ամեն ինչ լավ կլինի, մի անհանգստացի։ Գազելով գնում էին, ճամփին էին, ասաց՝ Գորիս հասանք, կապը հիմա կանջատվի, տեղավորվեմ, կզանգեմ քեզ, հաջող, կյանքս։ Էդպես որ ասաց՝ ես ակամայից սկսեցի լացել, ինքս ինձ ասի՝ մի՞թե վերջին անգամ էս բառերը ես իրենից լսեցի, էնքան ցավոտ էր․․․

Մինչև հոկտեմբերի 19-ը ոչ ամեն օր, բայց երբեմն զանգում էր, կողքի տղաներից էինք նորություն իմանում։ Երբեմն կարող է առավոտ 7-ին զանգեր, ասեր՝ ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է։ Այդքանն էր ասում ու անջատում, ինքը չէր սիրում խոսել պատերազմի թեմայով։ Հոկտեմբերի 17-ին ու 18-ին երկար խոսեց, սիրտս արդեն հանգստացել էր, էնպիսի տպավորություն էր, թե իր աշխատավայրում է, ամեն ինչ լավ է, ինքն էլ հանգստացնում էր, որ ամեն ինչ լավ կլինի։ Ամսի 18-ին էլ խոսեց, ասաց՝ երեխեքիս լավ նայի։ Վերջին SMS-ում գրել էր՝ մի նեղվի, ամեն ինչ լավ կլինի, անպայման կգամ, Մարս․․․ Սա եղավ վերջին SMS-ը։

Ամսի 19-ին ինչ արթնացել էի, էնքան անհանգիստ էի, սրտի խփոց ունեի, անբացատրելի բան էր հետս կատարվում, մեր ներքևի հարևանն էլ ամուսնուս հետ էր գնացել, ինքն էլ այն մեքենայի վարորդն էր, որը պայթել էր ռմբակոծությունից, միշտ կապ էի պահում իր կնոջ հետ։ Կնոջը հարցրեցի՝ զանգե՞լ է, ասաց՝ հա զանգել է, բայց ձայնը կտրտվում էր, կապերը լավ չէին, ուղղակի ասաց՝ բոլորս իրար հետ ենք։ Թեև խաբար ունեցա, բայց շատ անհանգիստ էի։ Ամսի 20-ին իմացանք, որ մեքենան պայթել է»։

Մարինեն ամուսնուն բնութագրում է որպես մարդասեր, ջերմ, շփվող, կոկիկ, պարտաճանաչ անձնավորության, որը մի վայրկյան անգամ չէր սիրում ուշանալ աշխատանքից։

«Օրերն անցնում են, դժվարությունը միայն դու ես զգում, երբ ամուսինս ամսվա 15 օրը ծառայության մեջ էր լինում, հաշվում էի՝ մնաց հինգ օր, չորս օր ու ինքը կգա․ այդ 15-ը օրը հազիվ էի սպասում, բայց մի ամբողջ կյանք ինչպե՞ս սպասեմ, ինչին սպասեմ, ահավոր դժվար է, մտածում եմ՝ ինչո՞ւ, ինչո՞ւ․․․ էնքան հարցեր կան, էնքան բայցեր կան․․․Իմ երեխեքին ի՞նչ եմ ասելու, ինչո՞վ էին մեղավոր իմ անմեղ երեխեքը, թող առանց ձեռքի, ոտքի լիներ իրենց հայրը, գար նստեր տանը, երբ երեխեքն ասեին՝ պապա, գոնե կասեր՝ ջան, բայց հիմա նույնիսկ իրենց պապային չճանաչեցին», -սգում է Մարինե Պողոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30