«Հայաստանում այսօր կա պետական ինստիտուտների թերգործունեության դրսեւորում, եւ պետք չէ հանճար լինել կամ կառավարական տվյալների տիրապետել դա հասկանալու համար»,-այս կարծիքին է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել, որտեղ անդրադարձել է Սոթքի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին, վստահեցրել, թե պատերազմի օրերին հանրությանը ապատեղեկատվություն չեն տրամադրել եւ այլն։
Վարչապետը նաեւ նշել է․«․․․Հայաստանում եւ նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, ովքեր փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել, տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, ովքեր փորձում են քաոս սերմանել մեր երկրում, նրանք ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս, ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձը ապահովելու համար․․․»։
Մինչդեռ, այս օրերին Ադրբեջանի հետ սահմանազատման հետ կախված խնդիրներ են առաջանում, մարդիկ լքում են իրենց բնակավայրերը, քանի որ հայտարարվում, թե դա արդեն Ադրբեջանի վերահսկողությանն է անցնում։ Իսկ ԱՀ-ի եւ ՀՀ-ի որեւէ պետական կառույց կամ պաշտոնյան նախապես հայտարարություն չի անում, թե սահմանամերձ որ բնակավայրերն են անցնելու կամ մնալու։
Կարդացեք նաև
Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հերքի, թե անիշխանություն չկա Հայաստանում, ՔՈ անդամը հակառակն է նկատում։ Միքայել Նահապետյանը նշում է՝ պետական ինստիտուտների թերգործունեությունը երեւում է այդ ինստիտուտների հետ հաղորդակցության ժամանակ՝ մարդիկ խնդիրներ են ունենում եւ դրանք չեն լուծվում կամ շատ դանդաղ են լուծվում։
«Չնայած հաստատված ծրագրին, այսօր էլ աջակցության ծրագրերը անհատներն ու բարեգործական կազմակերպություններն են անում, առանձին նախաձեռնություններն են անում»,-ասում է պարոն Նահապետյանը։ Նա նաեւ նկատում է՝ մյուս կողմից էլ կա ապագայի նկատմամբ կանխատեսելիության, հույսի, հավատի անկում՝եթե չասենք, որ որոշ հանրային շերտերում նույնիսկ՝ հավատի բացակայություն։
«Ես չգիտեմ վարչապետի ասած այդ տեղեկությունները միտումնավոր տարածողներն ովքեր են, բայց ես գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ, որոնք աշխատում են պետական մարմիններում, նրանք ինձ հետ զրույցներում ասում են, որ չեն կարողանում աշխատել, կորցրել են ուղենիշերը, աշխատանքի նպատակի եւ բովանդակության կորուստ է առաջացել, թե՝ հանուն ինչի են աշխատում եւ պայքարում։ Ես կարծում եմ, որ պետական ապարատը պետք է սկսի աշխատել եւ ուղենիշերը պետք է վերականգնել, որովհետեւ մենք, խոշոր հաշվով, հինգ տարի ժամանակ ունենք պատրաստվելու որեւէ բանի, եթե դա խաղաղությունն է՝ հիմնական խաղաղության, եթե դա նոր պատերազմն է՝ ապա նոր պատերազմի։ Իսկ հինգ տարին շատ ժամանակ չէ, դա այնքան ժամանակ է, որ նոր նշանակված պաշտոնյաներն այդ ընթացքում մինչեւ սկսում են գործ անել, ժամանակն ավարտվում է»։
Փաշինյանի՝ նրանք ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս, ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձը ապահովելու համար, արտահայտությունն էլ, ըստ էության, կրկին ժողովրդին «նախկիններով վախեցնելու» փորձ է։
Միքայել Նահապետյանը կարծում է, որ նախկինների մասին խոսակցությունն այս իշխանության երկուսուկես տարիների հիմնական ասելիքն է․« Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե փորձում են երկրում տպավորություն ստեղծել անիշխանության, կամ նման տրամադրություններ տարածել, պետք է ասեմ, որ այդպիսի տրամադրություններ տարածելու քարոզչության առաջամարտիկներ իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, որոնք շքամուտքի լամպի փչանալուց մինչեւ ռազմական մատակարարումների ձախողումներ՝ կապում են նախկին իշխանությունների հետ։ Բոլոր ձախողումները կապել ու կապում են նրանց հետ եւ երբեք չի եղել, որ ասեն՝ այ, այստեղ մենք ենք ձախողել։ Ընդ որում, այս տարիներին այդ խնդիրը չլուծեցին, ասեին՝ կար այսպիսի իրավիճակ, օրինակ՝ սաբոտաժ, այժմ մենք այդ հարցը լուծել ենք։ Ուստի, քաղաքացիների մոտ լեգիտիմ հարց է առաջանում՝ ինչպե՞ս եղավ, որ այսքան տարի վարչապետի աթոռին դուք եք նստած, բայց բոլոր կարեւոր հարցերը որոշում են, ընդ որում, մեզ համար ոչ շահեկան ձեւով, նախկինները։ Այդ անիշխանության քարոզչությունը տարել եւ ու մինչեւ հիմա տանում է «Իմ քայլը»»։
Պարոն Նահապետյանը խոստացավ՝ հետո բոլոր խնդիրներին իրենց կուսակցությունը կանդրադառնա, հիմա դրա ժամանակը չէ, քանի որ բոլորի մոտ հուզական պիկ է։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականի պահանջին, սա միանգամայն նորմալ է, եւ ինչպես պարոն Նահապետյանն է նշում՝ տարօրինակ կլիներ, որ մի երկրում, որտեղ երեսուն տարի հանրությունն իր ունեցած ամեն կոպեկը ներդրել էր Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծմանը ու տեղի է ունեցել տոտալ ֆիասկո, այդ երկրում հրաժարական պահանջողներ չլինեին․« Դա դիմադրության առողջ ջիղ է, գուցե որոշ դեպքերում քաղաքականապես չձեւակերպված բարկություն է, որ մարդը հաջորդ քայլը չի տեսնում, ՝ հրաժարական տվեց, հետո ինչ է լինելու»։
Մեզ հարկավոր է չեզոք վարչապետ, մարդ, որը իշխող ուժից չի լինի եւ չի լինի այս օրերին ցույցեր անող 17 կուսակցություններից։ Այս հարցում ՔՈ-ն հայտնել է իր միջնորդ լինելու դերակատարության մասին։ Պարոն Միքայելյանը հիշեցնում է՝ պատրաստակամ են երկու կողմերի հետ, որպեսզի երկու կողմերի համար էլ ընդունելի տարբերակով լուծում գտնվի եւ ամենակարեւորը՝ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար։
Իսկ եթե երկխոսությունը չստացվի, արդյոք ՔՈ-ն հանրահավաքով հրաժարականի պահանջ կդնի եւ նոր լուծումներ կառաջարկի, այս հարցին ի պատասխան Միքայել Նահապետյանն ասաց․« Եթե մենք տեսնենք, որ հնարավոր չէ առճակատվող երկու բեւեռների միջեւ ողջամտության սահմաններում լուծման գալ, կսկսենք մտածել, թե ինչպես կարելի է լուծում պարտադրել կողմերին»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ