Լրահոս
Օրվա լրահոսը

Լարվածություն ընտանիքներում. ինչպե՞ս հաղթահարել, ո՞ր սխալներից խուսափել

Նոյեմբեր 27,2020 21:40

Պատերազմական այս փուլում, այսպես կոչված հետպատերազմական շրջանում, լարված հասարակական-քաղաքական մթնոլորտում այս օրերին շատ ընտանիքներում է նկատվում լարվածություն: Լարվածության և նյարդային այս ֆոնին հաճախ ընտանիքի անդամների միջև վեճեր են գրանցվում ամենասովորական առիթներով: Ընտանիքի որևէ անդամի մեկ հարց ավել տալը հաճախ կարող է պատճառ դառնալ մեծ վիճաբանության:

Ընդհանրապես հոգեբանների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանիքների 80-85 տոկոսում առկա են կոնֆլիկտներ, մնացած 15-20 տոկոսում` տարբեր պատճառներով վեճեր։ Բոլոր հոգեբաններն են միակարծիք, որ մշտական այդ վեճերից առաջին հերթին տուժում են երեխաները։ Մանկական նևրոզների հիմնական աղբյուրն ընտանիքում միջանձնային հարաբերությունների խաթարումն ու ընտանեկան հարաբերությունների աններդաշնակությունն է։

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակներում ներկայացնում է միջանձնային հարաբերությունների ոլորտում մասնագիտացած հոգեբան Յարոսլավ Սամոյլովի առաջարկած մի շարք գործնական խորհուրդներ, որոնց կիրառման շնորհիվ ընտանեկան հարաբերություններում հնարավոր կլինի խուսափել կոնֆլիկտներից:

Հոգեբանը շեշտադրում է կատարում հատկապես այն տարածված սխալների վրա, որոնք մարդիկ թույլ են տալիս ընտանեկան հարաբերություններում:

Ընտանեկան հարաբերություններում ամենատարածված սխալներն են՝ չհիմնավորված քննադատություն, պատային լռություն, թունավոր մտքեր, զգացմունքների՝ գիտակցությանը գերիշխում:

Հոգեբանը խորհուրդ  է տալիս անխնա քննադատելու փոխարեն շփվել առանց մեղադրանքների՝ խուսափելով պիտակավորումներից՝ եսասեր ես, քեզ միշտ ինչ-որ բան է պետք, դու հոգ տանել չգիտես և այլն: Հոգեբանը խորհուրդ է տալիս. «Ընտանիքում կոնֆլիկտը լուծելու համար անհրաժեշտ է սկսել երկխոսություն առանց մեղադրանքների: Քննարկեք կոնկրետ խնդիրը»: Մյուս կարևոր կանոնը միմյանց հետ խոսելն է, ոչ թե խոսակցությունից և քննարկումից փախչելը:

Հոգեբան Մարտին Սելիգմանը խորհուրդ է տալիս վատ մտքերը հեռացնել և փոխարենը կենտրոնանալ դրականի վրա:

Հոգեբանները խորհուրդ են տալիս կարճ դադար վերցնել, երբ զգում եք, որ զգացմունքները գերիշխում են բանականությանը: Նրանք խորհուրդ են տալիս այդ դադարի ժամանակ զբաղվել սպորտով:

Հոգեբանի կարծիքով՝ ընտանեկան կոնֆլիկտները կուտակվում են, կուտակվում և հատկապես առավել լարված ժամանակահատվածում պայթում: Այդ կոնֆլիկտները հաճախ առաջանում են ընտանիքի անդամների՝ ոչ բավարար շփումներից, երբ, օրինակ՝ ամուսիններն այնքան զբաղված են, որ օրվա ընթացքում հատուկենտ բառեր են փոխանակում: Յարոսլավ Սամոյլովը խորհուրդ է տալիս՝ ինչպե՞ս ես, գործերդ ո՞նց են հարցերին կարճ պատասխաններ չտալ, այլ փորձել զրույց ծավալել:

Մյուս խորհուրդն է այն, որ ցանկացած դիտողություն, դժգոհություն պետք է լինի փաստարկված:

Ըստ հոգեբանի՝ չպետք է ընդհանրացումներ անել, այլ փորձել ցանկացած իրավիճակում տալ հստակ լուծումներ:

Ամփոփելով հոգեբանը նշում է՝ պետք չէ կանխամտածված ստեղծել կոնֆլիկտներ: Նա այս առիթով նշում է. «Հասկանալի է, որ շատ դեպքերում կարող են խնդիրներ առաջանալ աշխատավայրում, ընդհանուր հասարակական մթնոլորտը լինի ճգնաժամային, լինեն սոցիալական և այլ խնդիրներ, սակայն այդ ամենը չպետք է բարդել կնոջ, ամուսնու կամ ընտանիքի այլ անդամի վրա: Ուղղակի պետք է փոքր-ինչ ներողամիտ լինել ընտանիքի անդամների նկատմամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30