Արցախյան այս պատերազմն սկսվելուց ուղիղ երկու ամիս անց, այսօր Եռաբլուրում Ղրիմի երկրապահի նախաձեռնությանը միացել էր նաեւ ՍԻՄ կուսակցությունը, որի ղեկավար Հայկ Բաբուխանյանը Aravot.am-ին ասաց. «Կատարվեց այն, որ 2018 թվականին Հայաստանում իշխանությունը զավթվեց մի խումբ հանցագործների կողմից, որոնք մոլորեցրին ժողովրդի մի որոշ մասի, ու այդ մասը չլսեց այն քաղաքական գործիչներին, որոնք գիտեին, թե ինչ է կատարվում: Մենք զգուշացնում էինք, որ Արցախն են տալու, որ հայությունն են ոչնչացնելու, որ փչացնելու են հարաբերությունների մեր միակ ու գլխավոր դաշնակցի հետ, ինչը բերելու է մեր անվտանգության մակարդակի կտրուկ նվազման, որ փչացնելու է հարաբերությունները նաեւ մյուս երկրների հետ:
Տապալելով տնտեսությունը, պառակտելով ժողովրդին, արժեզրկելով ազգային գաղափարախոսությունը եւ արժեքները, պատերազմում մեր զոհված հերոսներին, ի վերջո, Հայրենիք հասկացությունը՝ բերեցին նրան, որ թույլ, անփորձ, առանց փորձառու գեներալների, առանց լուրջ դիվանագետների, երկիրը հասցրեցին այն օրվան, որ թշնամին օգտվելով այդ ամենից՝ գործեց այս հարձակումը: Ազգը նետվեց կռվի ու ցույց տվեց, որ մարտի դաշտում հերոս ենք: Բայց եղավ դավաճանություն: Ի հայտ եկան եւ էլի կգան զարհուրելի փաստեր, որոնք հասցրել են այս ծանր հարվածը: Իսկ այդ հարվածն այն էր, որ կորցրեցինք ոչ միայն տարածքներ, արժանապատվություն, ոչ միայն լավագույն տղերքի հինգ հազար կյանքեր, մենք վտանգել ենք անկախ պետականությունը: Այն կրճոնները, որ թողեցին Հայաստանին, դրանք Հայաստանի պաշտպանության, անվտանգության համակարգի մի մասն էր, այդ կրճոնները պահելը, անհասկանալի ձեւով գծած սահմանները պահելը, մեր անվտանգությունը դարձրել է խիստ դժվար: Իսկ եթե երկիրը չի կարողանում պահել իր անվտանգությունը, իր անկախությունը բավականին պայմանական է:
Հիմա առաջին հերթին Նիկոլը եւ իր շրջապատը պետք է րոպե առաջ հեռանան եւ դատվեն: Բայց այսօր պետք է լուրջ մտածել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի ապագայի տեսլականը: Որովհետև այն, ինչ տեսնում էինք վերջին 30 տարիներին, այն, ինչ կառուցում էինք, ազգովի պատկերացնում էինք, այդ ուղին այլեւս արգելափակվեց: Այդուհանդերձ, ազգի էլիտան, մտավորականությունը հոգեւորական դասը պետք է նստեն եւ մտածեն, թե որ ճանապարհն է պետք ընտրել: Դա այսօրվա հրամայականն է, եւ մենք չունենք շատ ժամանակ: Որովհետեւ ամենաշատը հինգ տարուց հետո նորից սկսվելու են իրադարձություններ, որոնք նորից մարտահրավերներ են լինելու մեր ազգի համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ