Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը բողոքի ցույց անող զինծառայողների ծնողներին ասել է, որ Արցախում զորք պետք է մնա

Նոյեմբեր 27,2020 19:44

Զինծառայողների հարազատներն այսօր կառավարության առաջ կրկին բողոքի ցույց էին անում: Նրանք կոչ էին անում մյուս ծնողներին էլ միանալ իրենց ցույցին, որոնց երեխաներն այս պահին սահմանին են:  Ծնողների խոսքով, եռակողմ համաձայնագրի կետերից մեկով հայկական զորքը պետք է դուրս բերվի Արցախից, սակայն, մինչեւ այսօր այդ հարցը լուծված չէ: Նրանք մտահոգություն ունեին, որ ամսի 30-ին Բերձորը հանձնվելու է ադրբեջանական կողմին եւ իրենց երեխաները մնալու են շրջափակման մեջ:

Դավիթը Ենոքյանի որդու ծառայության ավարտին մնացել է 40 օր: Նրա խոսքով. «Խնդրում ենք մեր ղեկավարությանը, որ այս հարցը լուծեն, ողջ-առողջ մեր երեխաները գերի մնա՞ն: Թող էլի ծառայեն մեր երեխաները, բայց թող բերեն՝ հայկական տարածքում ծառայեն: Որ ստորագրել են, այդ փաստաթուղթը, հողերը պետք է հետ տան, ուրեմն երեխաներին պետք է հանեն այնտեղից: Որդիս վիրավորված եկավ, բուժվեց եւ իր կամքով նորից գնաց»:

Ծնողներն ասացին, որ ոչ մի տեղ չեն գնալու, անգամ պատրաստ են հացադուլ անել, որպեսզի հարցը լուծվի:

Քրիստինե Արշակյանն ամուսնուն է կորցրել՝ չգիտի ո՞ղջ է, թե զոհված: Ասում է անգամ զոհված լինելու հետ է հաշտվել՝ միայն թե դին իրենց վերադարձնեն: Հոկտեմբերի 12-ից ամուսնուց լուր չունի. «Գոնե ասեն ամուսինս ուր է, ես պատրաստ եմ անգամ, որ դին տան ինձ:  Իմանամ՝ մի տեղ ունեմ գնամ լաց լինեմ՝ հանգստանամ: Նստած աթոռի կռիվ են անում, բայց դրանով հարցը չի լուծվում: Մի հատ դուռը բացվում է, երեխեքս ասում են՝ պապն եկավ»:
Զինծառայողների հարազատների խոսքով՝ մի կառույցից մյուսն են ուղարկում՝ ՊՆ-ից՝ կառավարություն:  Նրանք այսօր կառավարություն էին եկել պաշտպանության նախարարությունից, որտեղից, Լուսինե Հարոյանի խոսքով, հստակ պատասխան չեն ստացել: Նրա որդին նույնպես ծառայում է Արցախում եւ Բերձորի հանձնման լուրից ինչպես մյուս ծնողները, ինքն էլ խիստ անհանգստացած է:

«Երեխաները, որոնք 44 օր մահվան աչքերին են նայել, ամսի 30-ից հետո փաստացի դառնում են ռազմագերի»: Լուսինե Հարոյանի խոսքով, ճիշտ է ռուս խաղաղապահները ապահովում են Արցախի անվտանգությունը, սակայն նրանք չեն կարող յուրաքանչյուր զինվորի անվտանգությունն ապահովել, հատկապես, որ խաղաղություն հաստատվելուց հետո հենց Բերձորի ճանապարհից մարդիկ են անհետացել:

Զինծառայողների հարազատներին ընդունեցին կառավարության ընդունարանում, որտեղից նրանք դուրս եկան վրդովված, քանի որ հստակ պատասխան չէին ստացել: Նրանք պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Ծնողների խոսքով՝ «Պատերազմի օրերին ասում էին՝ զինվորի մայր եք, պետք է  հպարտ լինեք, հպարտ ենք, հիմա պատասխան ենք ուզում, ինչ-որ մեկը գա մեզ պատասխան տա: Գլխավոր գերագույն հրամանատարը թող ասի՝ ինչ է լինելու մեր երեխաների ճակատագիրը»:
Ավելի ուշ զինծառայողների մի քանի  ծնողների ընդունեց Նիկոլ Փաշինյանը: Ծնողների խոսքով, վարչապետը երկու օր ժամանակ խնդրեց, որպեսզի պատասխանի ծնողներին հուզող հարցերին: Վարչապետը ծնողներին «100 տոկոսով» վստահեցրել էր, որ Բերձորը չի փակվելու:  Ծնողների կարծիքով, վարչապետի պատասխանը բացասական է լինելու եւ իրենց երեխաներին չեն վերադարձնելու Հայաստան: Վարչապետը նաեւ ասել է, որ Արցախում զորք պետք է մնա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30