Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ զինվորական դատախազը «Human Rights Watch» կազմակերպության ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանում գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները

Նոյեմբեր 27,2020 19:33

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը նոյեմբերի 27-ին ընդունել է «Human Rights Watch» հասարակական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչ Տանյա  Լոքշինային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես հավաքագրված վարձկանների և զինված ուժերի օգտագործմամբ, պատերազմ վարելու արգելված մեթոդների և զինատեսակների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քննության առարկա հանդիսացող փաստական հանգամանքները:

Կողմերն անդրադարձել են նաև սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների կողմից գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու դեպքերին:

Զինվորական դատախազը իր խոսքում կարևորել է Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերի մասին միջազգային իրավապաշտպան և շահագրգիռ հասարակական կառույցների ու կազմակերպությունների տեղեկացվածությունը, ինչպես նաև տուժող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների նախատեսման անհրաժեշտությունը, նրանց նկատմամբ հետագա հանցավոր ոտնձգությունների իրական հնարավորության կանխման գործընթացում միջազգային կառույցների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հեղինակավոր հասարակական կազմակերպությունների էական դերակատարում ունենալու հանգամանքը:

Տիկին Լոքշինան, առանձնակի մտահոգություն հայտնելով ռազմական գործողությունների ժամանակ անթույլատրելի զինատեսակների կիրառման առնչությամբ, պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակում աջակցել պատերազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը։

Հանդիպման ընթացքում երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա աշխատանքային համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30