Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես լինեի իշխանության ղեկավար, այսպիսի ձախողում ունենայի, տայի 5000 զոհ, երկրի կեսը նվիրեի, ես ինքնասպանություն կգործեի». Ավետիք Իշխանյան

Նոյեմբեր 27,2020 19:22

«Այն, ինչ կատարվեց սեպտեմբերի 27-ից հետո և ավարտվեց նոյեմբերի 10-ին և շարունակվեց նաև երեկ Սոթքում, սա հայոց պատմության մեջ ամենասև էջերից մեկն է»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Ըստ նրա՝ այս սև էջի հեղինակը պետք է գոնե ինքնասպանություն գործի կամ առնվազն հեռանա, եթե ունի տարրական արժանապատվություն: Սակայն ցավով նշեց՝  նա շարունակում է մնալ իշխանության, և այս դեպքում խոսել ինչ-ինչ լուծումների մասին՝ այս ապիկար իշխանության և նրա ղեկավարի գլխավորությամբ, ուղղակի անհնար է: Ավետիք Իշխանյանը զգուշացրեց՝ մենք կկորցնենք ամեն ինչ, Սյունիքն էլ կկորցնենք ու հայտարարեց՝ օր առաջ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:

Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող տարրական բանակցություններ վարել, նա արհամարհված է բոլորի կողմից. «Փոխանակ Սոթքը պաշտպաներ, նա հսկա ուժերով պաշտպանում է իր առանձնատունը և կառավարության շենքը: Սա է այդ մարդու մտածողությունը»:

Ըստ նրա՝ այս խայտառակության համար պատասխանատու են նաև «Իմ քայլի» բոլոր անդամները, կառավարության անդամները:

Նա հիշեցրեց, երբ հեղափոխությունից հետո քաղհասարակության հետ հանդիպման ժամանակ ասել է՝ իսկական ժամանակն է պահանջել փոփոխություն կառավարման համակարգում, որ ոստիկանությունը ԱԱԾ-ն չենթարկվեն վարչապետին, քաղհասարակության ներկայացուցիչներն ասել են՝ ժամանակը չէ:

Նա նշեց, որ քաղհասարակությունը միայն ծափահարում էր Նիկոլ Փաշինյանին, մոռացավ այդ հարցերը բարձրացնել, ուստի ունի նաև իր մեղքի բաժինը ստեղծված իրավիճակում:

Ավետիք Իշխանյանն ասաց՝ իր մտքում ունի այնպիսի անձանց անուններ, որոնք կարող են ստանձնել երկրի կառավարումը, սակայն չի ցանկանում հնչեցնել, քանի որ չկա որևէ քաղաքական գործիչ, որին վարկաբեկած չլինեն այս 30 տարվա ընթացքում: Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ այսօր պիտի ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որտեղ լինեն երեք ամուր դեմքեր՝ վարչապետ, ԱԳ նախարար և ՊՆ նախարար, մնացածը լինեն տեխնոկրատներ:

Իրավապաշտպանը վստահեցրեց, եթե ինքը լիներ պարտված ղեկավար, ապա ինքնասպանություն կգործեր. «Եթե ես լինեի իշխանության ղեկավար, այսպիսի ձախողում ունենայի, տայի 5000 զոհ, երկրի կեսը նվիրեի, ես ինքնասպանություն կգործեի: Սա բարոյական հարթությունից է, ոչ թե իրավապաշտպանի խոսք: Ցանկացած իրեն հարգող արժանապատիվ ղեկավար ձախողումից հետո այդպես պիտի գործեր»:

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ այս 2,5 տարվա ռեժիմը շատ ավելի հանցավոր է, քան նախորդ երեք ռեժիմներն իրար գումարած՝ և՛ կոռուպցիայի տեսակետից, և՛ գաղտնի հավելավճարների, որ հետո պարզվեց պարգևավճարներ են: Մեկ անձից բազմաթիվ գնումներ, ՍՈւ-երի գնումը, որը հստակ կոռուպցիա էր, «պատրոն Դավոյի» հետ կապված հարցը, ծխախոտային մաքսանենգության հարցերով որևէ քննություն չեղավ: Նա օրինակ բերեց՝ ժամանակին քննադատում էին Մանվել Գրիգորյանին իր տղային քաղաքապետ դարձնելու համար, բայց նույնն արեց Սասուն Միքայելյանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30