Լրահոս
Օրվա լրահոսը

Գյանջայի օդանավակայանը «հօ՞դս է ցնդել»․ արբանյակային լուսանկարները հակառակն են ապացուցում. fip.am

Նոյեմբեր 27,2020 19:11

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հոկտեմբերի 4-ին հայտարարել էր Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի օդանավակայանի «հօդս ցնդելու» մասին։

Նույն օրն Ադրբեջանը հերքել էր այդ պնդումը։ Հայկական կողմը հայտարարությունից հետո օդանավակայանը խոցելու որևէ ապացույց չէր ներկայացրել։ Փոխարենը, սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել էին երկու լուսանկարներ, որոնք իբրև պատկերում էին օդանավակայանը՝ «հօդս ցնդելուց» առաջ և հետո։ Լուսանկարները, սակայն, որևէ կապ չունեին Գյանջայի հետ։ «Առաջ» նկարում պատկերված էր Ադրբեջանի Լենքորան քաղաքի օդանավակայանը, իսկ «հետո»-ում՝ Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի օդանավակայանը, որը ավերվել էր 2014-ին։

Գյանջայի օդանավակայանի կարևորությունը

Դեռ պատերազմի ժամանակ արբանյակային լուսանկարների վերլուծությունից հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 3-ի դրությամբ Գյանջայի օդանավակայանում են տեղակայված Թուրքիայի առնվազն չորս F-16 կործանիչներ։ Հետագայում՝ մինչ հոկտեմբերի 19-ը, այդ կործանիչները տեղափոխվել էին ռազմական գործողությունների թատերաբեմից ավելի հեռու՝ Գաբալայի ավիաբազա։

Օդանավակայանը «հօդս չի ցնդել»

Ուսումնասիրելով Google Earth ծրագրում հասանելի դարձած թարմ արբանյակային լուսանկարները՝ պարզ է դառնում, որ Գյանջայի օդանավակայանին որևէ հարված, որը տեսանելի հետևանքներ կթողներ, չի կատարվել առնվազն հոկտեմբերի 16-ի դրությամբ։

Ստորև ներկայացնում ենք Գյանջայի օդանավակայանի արբանյակային լուսանկարները հունիսի 18-ի և հոկտեմբերի 16-ի դրությամբ։ Դրանցում չի երևում ավերվածության որևէ նշան։

1) Գյանջայի օդանավակայանի ամբողջական տեսքը՝ առաջ և հետո

2) Օդանավակայանի տերմինալը

3) Օդանավակայանի վազքուղին, մաս առաջին

4) Օդանավակայանի վազքուղին, մաս երկրորդ

Ինչպես հստակ երևում է օդանավակայանի արբանյակային լուսանկարներից, հուլիսի 18-ից հոկտեմբերի 16-ը ընկած հատված որևէ ավերվածության նշան չկա։

Նշենք, ոչ Գյանջայում կա մեկ օդանավակայան, որը խորհրդային շրջանում օգտագործվել է հիմնականում ռազմական նշանակությամբ։ Խորհրդային միության փլուզումից հետո այն օգտագործվում է արդեն քաղաքացիական չվերթների համար։ Սակայն այն հիմա էլ օգտագործվում է ռազմական նշանակությամբ, ինչն ապացուցում է թուրքական F-16 կործանիչների տեղակայումն այնտեղ։ Դեռ այս տարվա հուլիսի վերջին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ առնվազն հինգ F-16 կործանիչ էր բերվել Գյանջայի օդանավակայան։

Հովհաննես Նազարեթյան

fip.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30