«Երեկ, երբ ադրբեջանցիները եկել են, յոթ զինվոր է եղել: Ի՞նչ անեն էդ յոթ զինվորները: Մեզ չեն թողնում առաջ գնանք, թուրքը գրաված` կանգնած է»,- իր դժգոհությունն այսօր, լրատվամիջոցների հետ զրույցում արտահայտեց Սոթքի ոսկու հանքի հարակից բնակավայրերից մեկի բնակիչը:
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները եւ տարածքի բնակիչները այսօր բողոքի ցույց էին անում:
Հիշեցնենք, երեկ ադրբեջանցիները ներխուժել էին ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքավայրի տարածք։ Այս մասին սոցիալական ցանցում ահազանգում էին քաղաքացիները՝ հղում անելով տեղացի իրենց աղբյուրներին: Վարչապետի մամուլի խոսնակը եւ ՊՆ-ն, սակայն, ամեն կերպ հերքում էին այս տեղեկությունը:
Բողոքի ցույցի այսօրվա մասնակիցները պնդում էին, որ իրենք հայտնվել են անորոշ իրավիճակում: Նրանք պատմում էին, որ երեկ ադրբեջանցի զինվորականները մտել են հանքավայրի տարածք`ասելով, որ այդ տարածքը նույնպես իրենց է պատկանելու, ըստ նոյեմբերի 10-ի կնքված հայտարարության եւ ժամանակ են տվել հանքի աշխատակիցներին`տեխնիկան դուրս բերելու համար: Բնակիչները տեղեկացրին, որ այսօր էլ իրենց թույլ չի տրվել այդ կողմ բարձրանալ:
Կարդացեք նաև
Ովքե՞ր թույլ չեն տվել`հարցին հնչեց նման պատասխան. «Ռուսն ու ադրբեջանցին. հայկական կողմից մարդ կա՞, թե՞ չկա, մենք չգիտենք»:
Բնակիչներից մեկն էլ պատմեց, որ երեկ, մինչեւ զինվորականների գալը, հանքավայրի աշխատակիցներն են ստիպված եղել ադրբեջանցիների հետ «բանակցել». «Հինգ տղա աշխատողներով, իրենց կյանքը վտանգելով, գնացել են, հարցրել են՝ ո՞ւր եք գնում: Թուրքն էլ կանգնել ա, ռազմական ներկայացուցիչ է ուզել, գեներալ ա ուզել: Չեն եկել, չեն ներկայացել: Հետո ազատ իջել են էն պոստը, որտեղ մեզ հարյուր տեսակ շմոն են անում, տեսնեն՝ թողնե՞ն, թե՞ չթողնեն, եկել ազատ անցել են: Մի հատ էլ ջղայնացել են, ասել են՝ բաց ու բարեւներ ուղարկի Փաշինյանին»:
Մարդիկ դժգոհում են, որ այս իրավիճակում, այլեւս չեն կարողանալու իրենց տներում հանգիստ բնակվել. «Ո՞նց ես մտածում, թիկունքիդ թշնամին, դու ստեղ հանգիստ, ընտանիքդ թողես, դուրս գնաս (նկատի ունի արտագնա աշխատանքի, քանի որ տեղացիների մեծ մասը ՌԴ-ում սեզոնային աշխատանքի է մեկնում-Ն. Գ.)»:
Բնակիչներից մեկն էլ հավելեց. «Սարերի գլխին ինչքան բարձր դիրք կա, իրանք կանգնած են»: Մեկ այլ բնակիչ էլ նկատեց, որ Վարդենիսի վիճակն է «վատ լինելու». «Եթե էն ժամանակ 30-40 կմ էր սահմանը, հիմա եղավ ավելի քան 110 կմ`մինչեւ Ջերմուկ»:
Տեղի բնակիչների մեծ մասը նաեւ Սոթքի ոսկու հանքավայրում է աշխատում, սակայն, նման պայմաններում, իրենք դժվարանում են պատկերացնել, թե հետագայում ինչպես են աշխատելու հանքավայրում, քանի որ անվտանգության որեւէ երաշխիք չկա: «Գոնե զենք տվեք ժողովրդին»,- ասում է բնակիչներից մեկը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ