Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյան. «Ինչպե՞ս կարելի է պատերազմը դեռ չավարտված, երբ դեռ չես հաղթել, հերոսի ու զինվորական բարձր կոչումներ տալ»

Նոյեմբեր 27,2020 18:06

Արցախյան պատերազմը սկսվելուց ուղիղ երկու ամիս անց պահեստի գեներալները, բարձրաստիճան սպաները, կամավորականները եւ սովորական քաղաքացիները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին նահատակված հերոս զինվորների շիրիմներին:

Aravot.am-ի հետ զրույցում նրանք բոլորն էլ դժգոհ էին պատերազմը կառավարելու՝ ղեկավարության գործողություններից:

Գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը նշում է, որ այս պատերազմը նման չէր 90-ականների այն պատերազմին, որում իրենք հաղթել են: «Մենք ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ էինք կառուցում ու հաղթում էինք թշնամուն: Ես պատերազմ անցած եւ զինվորական բարձր կրթություն ստացած մարդ եմ: Այս պատերազմում ինձ համար անհասկանալի բաներ էին կատարվում: Օրինակ, չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարելի է դեռ պատերազմը չավարտված, երբ դեռ չես հաղթել, հերոսի ու զինվորական բարձր կոչումներ տալ: Չեմ հասկանում՝ Արցախի եւ Հայաստանի ղեկավարությունները, երբ այսպիսի բաներ են անում, ինչո՞վ են մտածում»,- ասում է գեներալը:

Նա չի պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է զինվորին թողնել ու հետ քաշվել, ինչպե՞ս կարող է այդ հրամանատարը իրեն հրամանատար կոչել, երբ գերի ընկած մեր զինվորներին թշնամու երկրում ուզում են շքերթի ժամանակ ցույց տալ ու խայտառակել:

Միխայիլ Գրիգորյանը չի ցանկանում, որ այս պատերազմում հայկական կողմը պարտված ճանաչվի: «Այս պատերազմում ավելի շատ մարդ ընդգրկվեց, քան այն պատերազմում: Բայց ղեկավարվեց ոչ այնպես, ինչպես կարգն է: Սովորած չեն: Զինվորները, երիտասարդները չեն ուզում սպա դառնալ, որովհետեւ նորմալ չեն վարձատրվում, որ կարողանան ընտանիք պահեն, ընտանիքի հոգսերը հոգան: Ռազմական ուսումնական հաստատություններում սպա չկա, դիրքերում սպա չկա: Դրա համար էլ արդյունքը սա է: Սպաները դուրս եկան բանակից: Արդեն նախկին պաշտպանության նախարարը ստորագրում էր զորացրման հրամանները: Մեզ մի բան հարցրեցի՞ն: Երկու տարի առաջ եմ Դավիթ Տոնոյանին այդ հարցով հանդիպել: Խորհուրդ եմ տվել, որ սպային խնդրի չհեռանալ, իսկ եթե չի կարող, թող ինձ հանձնարարի՝ ես կգամ կխնդրեմ:

Ես այսօր եկել եմ գլուխ խոնարհելու մեր զոհված տղաների առջեւ: Բայց պետք է զորք ստեղծել: «Դիմում եմ ձեզ՝ լրատվամիջոցներիդ: Հավաքվեք, սպաների հարցը բարձրացրեք: Դա է ամենամեծ ու ամենակարեւոր խնդիրը: Կա՞ սպան՝ կհաղթենք, չկա՞ սպան՝ այսպես կավարտվի»,-ամփոփեց գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30