Aravot.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանի փոխանցմամբ՝ Բերձորի բնակիչների տարհանում էր իրականացվում, քանի որ քաղաքի կարգավիճակը հստակ չէ:
Այսօր մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչները կարող են վերադառնալ եւ շարունակել ապրել: Aravot.am-ը կրկին կապ հաստատեց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանի հետ:
-Պարոն Ալավերդյան, Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի հետ կապված իրավիճակը փոխվե՞լ է, ի՞նչ է կատարվում ձեր համայնքներում:
-Անվտանգության հավելյալ երաշխիքներ են ավելացել այս պահին: Այդ երաշխիքների սակավ լինելու պատճառով ավելի վաղ ես, որպես շրջանի քաղպաշտպանության պետ, ինքնուրույն որոշում էի կայացրել բնակչությանը հորդորել, որպեսզի լքեն այդ բնակավայրերը: Ներկայումս բոլոր հնարավոր միջոցներով (մեր մոտ կապ չկա) հայտարարել եմ, որպեսզի բնակիչները մնան եւ շարունակեն իրեն խաղաղ կյանքն ու կենսագործունեությունը:
Կարդացեք նաև
-Իսկ կառավարությունից ձեզ իրավիճակի, հետագայի հետ կապված ի՞նչ են պարզաբանել:
-Այո, կառավարությունից որոշակի պարզաբանումներ են եղել, որոնք այս պահին չեմ կարող հրապարակել, իրավունք չունեմ:
-Ի՞նչ եղավ այն վարկածի հետ, որ Բերձորի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցու:
-Հստակեցվեց՝ այս պահի դրությամբ տեղեկությունն այնպիսին է, որ այս պահին նման բան բացառվում է:
-Մի խոսքով, բերձորցիները, Սուս եւ Աղավնո համայնքների բնակիչները կարող են վերադառնալ եւ անվտանգ ապրե՞լ:
-Այս պահին տարհանում չկա: Իմ պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մարդկանց հորդորում եմ մնալ իրենց տներում, շարունակել ապրել եւ կենսագործունեություն ծավալել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ