«Անհետ կորածների, գերիների հարազատները պետք է պահանջեն, որ իշխանությունն օր առաջ արդյունք ապահովի, վերջինս էլ ոչ մի քայլում չպետք է հապաղի՝ կիրառելով բոլոր լծակները, բայց կա մի շատ կարեւոր նրբություն: Հարազատներին եւ հանրությանը խնդրում ու հորդորում եմ չհանրայնացնել անհետ կորածների մասին անձնական տեղեկությունները»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր քաղաքացիներին նման կոչով դիմեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Օրինակ՝ «ֆեյսբուքում» հաճախ լուսանկար են հրապարակում եւ ասում, որ «իմ տեղեկություններով՝ զինվորը թաքնվել է այսինչ հատվածում»: Սրանով հարազատի ճակատագրի վրա կարող եք բացասական ազդեցություն ունենալ: Հատկապես նման տեղեկությունները պետք է տալ միայն լիազոր մարմիններին՝ «Կարմիր խաչին», ՊՆ-ին, ՄԻՊ-ին կամ իրավապաշտպան կազմակերպություններն»,-շեշտեց Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ նման տեղեկությունները երբեք չպետք է հրապարակայնացնել. «Ադրբեջանական կողմը շատ ուշադիր հետեւում է մեր սոցցանցերին, տեղեկություններ հավաքում եւ վերլուծում, տեսնում միտումները: Չի բացառվում, որ կոնկրետ հասցեով գնում եւ փնտրում է այդ զինվորներին, որոնք անհետ կորած են: Իսկ երբ հրապարակվում են գերիների վերաբերյալ անձնական տվյալներ, ադրբեջանական կողմը դրանք կարող է օգտագործել գերիների դեմ, նրանց հետ աշխատանքում, հարցաքննությունների ժամանակ, հարազատների նկարներն օգտագործել շանտաժի համար…շատ կեղտոտ ձեւեր կան, որոնք ադրբեջանական կողմից սպասելի են: Նորից խնդրում եմ՝ զգույշ եղեք նման տեղեկություններ հրապարակելուց եւ տարածելուց: Ես էլ ունեմ շատ տեղեկություններ, որոնք հրապարակելու դեպքում կարող եմ դառնալ ֆեյսբուքի ամենաշատ տարածվող էջը: Բայց դրանով կվնասեմ մարդկանց ճակատագրերին, ապրումներին: Զգույշ եղեք՝ հատկապես ձեր հարազատների համար»:
Իսկ ԶԼՄ-ներին Արտակ Բեգլարյանը հետեւյալ կոչը հղեց. «Նույնը եւ իրենց է վերաբերում: Եթե անկեղծ, ապա ԶԼՄ-ներն ավելի զգույշ են, եւ դա նաեւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է: Բայց հաճախ լինում են այնպիսի ԶԼՄ-ներ, որոնք բարեխիղճ չեն եւ սկանդալների, դիտումների կամ հավանումների համար տվյալներ են հրապարակում, երբեմն՝ կեղծ: Արդյունքում վնասում են գործընթացին, մարդկանց ճակատագրերի բացահայտմանը կամ ավելացնում են հարազատների եւ հանրության տառապանքը: ԶԼՄ-ներին եւս հորդորում եմ զգույշ լինել եւ աշխատել պատկան մարմինների հետ: Եթե կասկածում եք, չպետք է հրապարակել: Մարդկային հույզերն ավելի կարեւոր են, քան դիտումները: Լրագրողներ կամ ֆեյսբուքյան ակտիվիստներ ջան, ձեր համար առաջնայինը մարդու իրավունքը, ապրումն ու արժանապատվությունը պետք է լինեն, ուստի պետք է պահպանել տեղեկատվական հիգիենան»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ