«Այստեղ խնդիրներ միանշանակ եղել են, բայց՝ մի քանի կողմից: Առաջնահերթ, Արցախի պաշտպանության բանակը պատասխանատու է մեր գյուղացիների անվտանգության համար: Երկրորդ, ռուս խաղաղապահների դերակատարման հարց է եղել: Երրորդ՝ կառավարությունը, շրջանի վարչակազմն ունեցել է պատասխանատվություն: Բացի դա, անտեսվեց այն փաստը, որ գյուղացիները եւս ունեցել են պատասխանատվություն»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղում օրերս տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի զինվորականները մտել էին գյուղ, պատանդառել խաղաղ բնակիչների, ապա բանակցությունների արդյունքում բաց թողել՝ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա մանրամասնեց. «Կառավարությունն ինձ ասել էր, ես էլ անձամբ փոխանցել էի բնակիչներին, շրջանի վարչակազմը եւս տեղեկացրել էր, որ գյուղը պետք է լքել: Ասել էին նաեւ, որ դեռեւս կա հնարավորություն, ջանքեր են գործադրվում, որպեսզի Վազգենաշենը պահվի: Գյուղացիներին ասել էին՝ դուրս եկեք, հանեք գույքը, բայց չվնասեք ձեր տները, որովհետեւ գուցե հնարավորություն լինի վերադառնալու: Այդ հնարավորության հույսի պայմաններում որոշ գյուղացիներ որոշել են մնալ: Իրենց եւ մեր ԶՈՒ միջեւ հաղորդակցությունը կարծես արդյունավետ չի իրականացվել, եւ կոնկրետ պահի, երբ մեր ԶՈՒ-ն ու ռուս խաղաղապահները գյուղի ներքեւում լքել են իրենց դիրքերը, գյուղացիները տեղյակ չեն եղել: Արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ-ն մտել է Վազգենաշեն, եւ տեղի է ունեցել դեպքը: Միանշանակ, պետական մարմիններն ունեն պատասխանատվություն, բայց, կրկնեմ, գյուղացիները դիմել են անձնական ռիսկի»:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ ադրբեջանցիները Բերդաշեն գյուղ են մտել, Արտակ Բեգլարյանի խոսքով՝ որոշ հրապարակումներ այս առնչությամբ մոլորեցնող են եղել. «Իրականում Բերդաշեն գյուղից յոթ-ութ կմ ներքեւ գյուղի վարչական տարածքում գտնվող այգիների սահմանազատման խնդիր է եղել: Որոշ այգիների տերեր ուղիղ շփում են ունեցել Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների եւ ռուս խաղաղապահների հետ: Ըստ կառավարությունից ինձ տված տեղեկությունների՝ ներկա են եղել նաեւ պետական մարմինների ներկայացուցիչներ»:
Արտակ Բեգլարյանը շեշտեց՝ քանի դեռ կան անվտանգությանն առնչվող անորոշություններ՝ պետությունն առավելապես պետք է պաշտպանի մարդկանց անվտանգությունն ու նրանց սեփականության իրավունքը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ