«Ես էլ եմ լսել նման տեղեկություններ, բայց չեմ կարող ասել, թե դրանք որքանով են հավաստի: Կան որոշակի կասկածներ: Հաշվի առնելով նախորդ գործընթացները, ադրբեջանական ձեռագիրը, Ադրբեջանում հայատյացության մթնոլորտը, որը լայնորեն խրախուսվում է հենց Ադրբեջանի իշխանության կողմից, բնականաբար, տեսականորեն չեմ կարող բացառել: Բայց ես հույս ունեմ, որ (չասեմ՝ բավարար մարդասեր կգտնվեն) կհասկանան, որ դա իրենց համար շատ լուրջ հարված կլինի՝ միջազգային հեղինակության տեսանկյունից»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով համացանցում առկա լուրերին այն մասին, որ Ադրբեջանը զորահանդես է նախապատրաստում եւ մտադիր է դրա ընթացքում հայ ռազմագերիներին ցուցադրել՝ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Եթե իրենք դրա վրա թքած ունեն, հույս ունեմ, որ միջազգային հանրությունը կանի հնարավորինս՝ կանխարգելելու դա, եթե իհարկե նման մտադրություն կա: Եթե դա կատարվի, շատ կոպիտ հանցագործություն կլինի: Եթե դա չկանխվի, կատարումից հետո լուրջ պատժիչ միջոցներ պետք է ձեռնարկվեն: Բայց հաշվի առնելով պատերազմական գործողությունների բազմաթիվ հանցագործությունները եւ դրանց դիմաց միջազգային հանրության մեղմ արձագանքն ու լռությունը, ոչ գործնական քայլերը՝ այդքան էլ լավատես չեմ, որ միջազգային հանրությունն իր պարտավորություններն արդյունավետ կարող է կատարել: Ուստի ՀՀ եւ ԱՀ իշխանությունը, ողջ հայությունը պետք է առավելագույն ջանք գործադիրի եւ ադրբեջանական կողմի վրա ճնշում գործադրի, այդ թվում՝ միջազգային գործընկերների միջոցով, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի մարդասիրական հարցերի քաղաքականացումը»,-շարունակեց Արտակ Բեգլարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ