«Հարյուր տարի առաջ այս օրերին ճակատագրական իրադարձություններ էին տեղի ունենում մեր երկրում. Թուրքիան դավադրաբար ներխուժեց Հայաստանի հանրապետություն, սկսվեց թուրք-հայկական պատերազմը: Ցավոք սրտի, Հայաստանն այդ ժամանակաշրջանում մնացել էր առանց դաշնակիցների և կրեց ցավալի պարտություններ, որոնք նպաստեցին Հայաստանի առաջին Հանրապետության անկմանը»,-այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում ՀԽՍՀ 100-ամյակի առիթով կայացած մամուլի ասուլիսում պատմական անդրադարձ կատարեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը:
Նրա գնահատմամբ, այդ ժամանակ միակ պետությունը, որն ի զորու էր սաստել և կանգնեցնել թուրքական մահաբեր հետագա ներխուժումը դեպի Արարատյան դաշտավայր՝ Խորհրդային Ռուսաստանն էր, որի հետ, ցավոք, Հայաստանի առաջին հանրապետությունը չուներ դաշնակցային հարաբերություններ. «Ի վերջո, Խորհրդային Ռուսաստանի կարմիր բանակին հաջողվեց իրենց իսկ բնութագրով, սեպով մխրճվել քեմալական բանակների և Ադրբեջանի միջև, որովհետև պատմական փաստերը և՛ թուրքական, և՛ խորհրդային աղբյուրներում՝ հայտնի բոլշևիկների նամակագրությունը փաստում ու վկայում է, որ քեմալական Թուրքիայի նպատակն էր վերացնել հայկական պետությունը և միանալ Ադրբեջանին: Կարմիր բանակը, մտնելով Հայաստանի տարածքներ, նպաստեց, որ Հայհեղկոմը 1920թ նոյեմբերի 29-ին հայտարարի Հայաստանում խորհրդային կարգեր հռչակելու մասին: Ալեքսանդր Մյասնիկյանը հանդես եկավ ճիշտ ժամանակին: Հենց նրա շնորհիվ ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը: Այս փաստը ծնունդ տվեց հետագայի ազգային ազատագրական զարթոնքին, որն ավարտվեց մեր հաղթանակով և Արցախի հանրապետության հռչակմամբ: Նշեմ կարևոր ցուցանիշներ, Հայաստանի բնակչությունն աճել էր մոտ 5 անգամ, կազմակերպվել էր հարյուր հազարավոր հայերի հայրենադարձություն, Ռուսաստանի հետ առկա էր զինակցություն»:
Այսօրվա իրադարձությունների համատեքստում էլ, բանախոսը նկատում է, որ մասնագետների կողմից քանիցս էր զգուշացվել իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին որոնք անտեսվել էին, դասեր այդպես էլ չքաղեցինք: Նա նկատում է, որ հարյուր տարի առաջ էլ անտեսվեց ՌԴ-ի դերակատարումը ինչի արդյունքը`տեսանք, այժմ էլ`զարգացումները գրեթե նույն տրամաբանության մեջ եղան: Պատմաբանը կարծում է, որ ՀՀ-ի անկախությունն այլընտրանք չունի:
Ինչ վերաբերվում է զարգացումների ընթացքին, որը կհանգեցնի ՌԴ-ՀՀ ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման անհրաժեշտությանը, պատմաբանի գնահատմամբ, հարյուր տարի առաջ տեղի ունեցածը հենց պատմական հաստատումն է նման դաշինքի ամրապնդման. «Այս առումով, պատմությունը կարծես կրկնվում է. Անտանտի պետությունները մեզ լքեցին: ՀՀ անվտանգությունն այլընտրանք չունի, բայց ՌԴ-ի եւ նրա դաշնակիցների հետ դաշնակցության խորացումը անչափ արդիական է`առաջին հերթին անվտանգային հարցերում»:
Կարդացեք նաև
«Արմենպրես» տեղեկատվական պետական գործակալության տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի փորձագետ Արամ Անանյանն էլ կարծիք հայտնեց, որ որպես պետականության կազմակերպման ձև այդ ժամանակաշրջանը շատ կարևոր էր. «Այս աշխատության մեջ ինձ ուրախացրեց սթափ հայացքը, ավելի կոնկրետ՝ բռնաճնշումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների վերլուծությունը: Այսինքն` մի կողմից ունեցել ենք համահարթեցնող մամլիչը, իսկ մյուս կողմից զգալի աճ ենք գրանցել, որը հեշտ չէր: Թերևս հարյուր տարի անց ճիշտ պահն է, որ մենք ամեն ինչին նայենք սառը գիտական ակադեմիական հայացքով, հասկանանք դասերը, որը մեզ տալիս է Խորհրդային Հայաստանը: Իսկ դա շատ պարզ է. միայն ազգային շահերի զուգորդմամբ է հնարավոր հասնել անվտանգության, տնտեսության զարգացման»:
«Վերջին իրադարձությունները պերճախոս վկայությունն են այն բանի, որ հայ-ռուսական ռազմավարական դաշինքին այլընտրանք գոյություն չունի»,- հավելեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը` նկատելով, որ «բոլորիս աչքի սրբությունները» պահպանելու միակ տարբերակն այդ համագործակցության ամրապնդումն է:
Թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, ինչպե՞ս կընթանան երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացները, դժվար է ասել, բայց որ դրանց ողջ սպեկտորը պետք է քննարկել`աներկբա է, այդ թվում նաեւ`ՌԴ-Բելառուս միութենական դաշինքին միանալու մասով`հիմքում ունենալով ՀՀ-ի տնտեսական հզորացումը, անվտանգային խնդիրների լուծումը, մշակութային զարթոնքը: «ՀՀ-ն պիտի դառնա երկիր, որտեղ մարդիկ լավ են ապրում, երեխա են ունենում, զարգանում են եւ ապագայի պլաններ են կազմում»,- ասաց Արամ Սաֆարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ