«Ես ամաչում եմ, որ պատմական այս ժամանակաշրջանում եմ ապրում, սա ողբերգություն է: Մեր ժողովուրդը գուցե խելոք է, բայց ոչ իմաստուն: Մենք անողնաշար կառավարություն եւ ԱԺ ունենք…Լեզուս էլ չի պտտվում ասել, որ սա արդեն պետություն չէ, մեզ այս ի՞նչ օրը գցեցին…Դուք ասում եք մշակույթի մասին խոսեք, չկա մշակույթի նախարարություն եւ չի էլ եղել: Հիմա էլ նշանակել են չգիտեմ ում…
Ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, թվում է, թե մտավորականություն կա, բայց հենց մի պաշտոն են առաջարկում, բոլորը համաձայնում են, մեկը չի մտածում, թե վաղվա օրն ինչ է լինելու, մենք ինչ եք ուզում աշխարհից: 30 տարի այս ժողովուրդը չունեցավ ազգային ծրագիր: Մենք քայլում ենք մեկ աջ, մեկ ձախ, մինչդեռ 200 տարի առաջ Խաչատուր Աբովյանը տվել է մեր ժողովրդի ճանապարհը, մենք պետք է մի քիչ խելոք լինենք, մտածված գործենք…Վերջիվերջո գնացել ենք պատերազմ ՆԱՏՕ-ի զորքի հետ, բա գեներալներ ունես, նրանք ո՞ւմ են պետք: Տարաք երիտասարդների մի սերունդ ոչնչացրիք հանուն Ադրբեջանի հողերի»,-Aravot.am-ի հետ զրույցում ներկա իրավիճակի մասին խոսելիս ասաց Հայաստանի ազգային նկարիչ Փարավոն Միրզոյանը:
Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի մասին էլ նշեց. «Որ ստորագրել ես էդ հիմարությունը, էսքան ժամանակ մի բան արե՞լ ես, մի գյուղ վերցրե՞լ եք, մի որեւէ տարածք, մի հայկական մշակութային կառույց փրկե՞լ եք…Շուշին այնտեղ ավերեցիք, թողեցիք չգիտեմ ում: Այդքան հրաշք էր ստեղծվել Շուշիում, ստեղծվել էր թանգարան, որը 30 տարվա մեջ միակն էր, որեւէ այլ թանգարանի շենք չի կառուցվել, եւ այնտեղ էր նաեւ քարի թանգարանը… Ես քանի տարի առաջ եմ ասել, որ մշակույթի նախարարությունը Հայաստանում պետք է մեկ տողով լինի, եւ համապատասխան նախարար պետք է լինի, ոչ թե պատահական մեկը: Կամ ինչո՞ւ են նշանակում փոխնախարարների, որոնք իրենք էլ գիտեն, որ ձայն չունենք:
Հայաստանում մտավորականություն չկա, իրենք հրավիրում են միայն նրանց, ով իրենց պետք է, չեն հրավիրում իմաստուն մարդկանց, որ ասեն` այ ընկերներ ամոթ է…Ցավոք, այս երկրագնդի վրա մենք 2000 տարվա մեջ չկարողացանք մեր տեղը գտնել: Ախր ո՞նց կարելի է Նախիջեւանից ճանապարհ անցկացնել Մեղրիով: Դա ինքը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) չպետք է որոշի, երբ ունենք Սահմանադրական դատարան, վերջիվերջո մենք պիտի որոշենք՝ ով է մեր երկրի միջով անցնելու: Էրդողանն ամեն ինչ արեց ու հաղթեց, Թուրքիան հաղթեց, իսկ հայ զինվորը չէր պարտվի Ադրբեջանին»:
Կարդացեք նաև
Փարավոն Միրզոյանի ձեւակերպմամբ, այժմ ձայն չունենք ու մեզ ոչ ոք չի լսում, իսկ մենք ուրախանում ենք ամեն առիթով, երբ մեր ժողովրդի ու երկրի մասին մեկը զուտ մի լավ խոսք է ասում. «Ասում են՝ Ֆրանսիայի սենատը Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւ է ընդունել կամ Բելգիայում չգիտեմ ինչ են արել…Հիշեք Կիլիկյան թագավորությունը, ի՞նչ արեցին ֆրանսիացիները. մեր երկիրը թողեցին ուրիշների ձեռքին, ինչ արեցինք մենք հիմա` մեր երկիրն էլի անցավ ուրիշի տիրապետության տակ, մենք արդեն խոսում ենք ուրիշի լեզվով…Սա ցավ է:
Չենք կարողանում ոչ ստեղծագործել, ոչ կրթությունն է զարգանում, ի՞նչ է զարգացել 30 տարվա մեջ` ոչինչ, իսկ 2,5 տարվա մեջ միայն անկում է գրանցվել, չգիտենք ինչ ենք ուզում, ուր ենք գնում, իսկ սրանք միայն փող ու պաշտոն են ուզում: Ես չտեսա, որ մեկը, ում պաշտոն է առաջարկել վարչապետը, հրաժարվի: Մինչդեռ ամեն ինչ վաղուց վերջացել է, մենք չկանք, չկանք, մեր լեզուն կտրել են…»:
Հայաստանի ազգային նկարիչը հավելում է. «Երեկ ԱԺ նիստն էի լսում, մտածում էի` էս ի՞նչ մարդիկ են այդտեղ հավաքված, էս ինչ ազգ են…Մտածում էի, որ կառավարության նիստ լինի, երեւի այսքանից հետո նախարարների գոնե 50 տոկոսը չի մասնակցի, բայց մասնակցեցին, հրաժարական չտվեցին…Ախր ամոթ է, թողեք մեզ հարգեն: Հիմա մեր այս վիճակը ոչ մեկ չի հարգում…
Դեռեւս 1993-ին ես մտածում էի, որ կճանաչենք Արցախի անկախությունը, բայց չարեցին, հիմա մեզ վրա ծիծաղում են, ասում են, որ դու չես ճանաչել, մեզանից ի՞նչ ես ուզում: Մի հատ Կիպրոսը նայեք, Թուրքիան թուրքական մասը ճանաչել է, չնայած իրենցից բացի ոչ ոք չի ճանաչել, իրենք պատիվ ունեն, իսկ մենք կորցրել ենք այդ հասկացությունը, մեղք ենք: Ես շատ վատ եմ տանում այս ամենը…Նորից եմ կրկնում` ափսոսում եմ, որ ինձ բաժին ընկավ պատմական այս ժամանակաշրջանում ապրելը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ