Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այն քաղաքական ուժը, որը չի կարողանում ապահովել հասարակության մեջ կոնսենսուս, չի կարող շարունակել իշխել». Ռուբեն Բաբայան

Նոյեմբեր 27,2020 16:00

«Մենք սթափ պետք է գիտակցենք՝ ինչ ենք ուզում ունենալ, որ ամեն ինչ չավարտվի հերթական իշխանափոխությամբ, երբ բոլորը բողոքում են համակարգից, բայց հենց հասնում են իշխանության՝ այդ համակարգում տեղավորվում են, և որևէ բան չի փոխվում»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Նրա համոզմամբ՝ կա վերահսկվող իշխանություն, որը լավն է և անվերահսկելի իշխանություն, որը վատն է: Բայց երբ իշխանությունը ձևվում է մեկ մարդու համար, հետո գալիս է մեկ ուրիշը ու հանգիստ շարունակում է այդ կոստյումը կրել, սա նշանակում է, որ մենք ապահովագրված չենք, թե ինչպես ենք մենք երկիրը բալանսի բերելու, քանի որ մեզ մոտ միջինասիական խանության պես մի կառավարում է:

Ռուբեն Բաբայանը վստահ է՝ այն քաղաքական ուժը, որը չի կարողանում ապահովել հասարակության մեջ կոնսենսուս, չի կարող շարունակել իշխել: Այս առիթով նա ասաց. «Պետք է մտածենք՝ այդ կոնսենսուսն ինչի՞ շուրջ ենք ստեղծում՝ անհատի՞, թե՞ գաղափարի: Մենք ևս մեր երիտասարդ սերունդներին ժառանգելու ենք այս ամբողջ համակարգը, որ կա՝ այն սպասվող սպառնալիքներով, որոնք վաղ թե ուշ գալու են, թե՞ փորձելու ենք մի ուրիշ մոդել ձևակերպել: Այսօրվա հանրային քննարկումների մեջ այդ թեման, ցավոք, չեմ տեսնում: Միգուցե վաղը կունենանք նոր իշխանություն, բայց էլի նույն ձևաչափով ու կսկսենք այդ իշխանությանը մեղադրել ՝ մոռանալով, որ մենք չպահանջեցինք փոխել որևէ բան»:

Ռուբեն Բաբայանը փաստեց՝ հավատը լավ բան է, բայց այն քաղաքական կատեգորիա չէ, թե ես կգամ ու կլուծեմ բոլոր հարցերը, կամ ես կմնամ ու կլուծեմ բոլոր հարցերը: Նրա համար միանշանակ հասկանալի է, թե ինչու ենք մերժում, բայց թե ինչ ենք ուզում և արդյոք կարող ենք այդ գաղափարի շուրջ ունենալ լայն կոնսենսուս, դեռ չգիտի:

Ըստ Ռուբեն Բաբայանի՝ մեր բոլոր ողբերգությունների հիմքում այն է, որ այդպես էլ չորոշվեց մեր արժեքային համակարգը, և մարդը չդարձավ մեծագույն արժեք:

Իրավիճակից ելքերի մասին խոսելով՝ մի քանի հարց կարևորեց. ո՞վ է պատասխանատվություն կրելու, ինչպե՞ս ենք ելքերին հասնելու, ինչպե՞ս և ո՞վ է ընտրելու ժամանակավոր կառավարությունը. «Ես ուզում եմ բացի բարոյական գնահատականներից, տեսնել սթափ իրավական ելքը, օրենքով ելքը, քանի որ եթե դա չկա, էլի բարի ցանկություններով է գնում, ուրեմն ես մեջբերեմ Աստվածաշնչից, որ բարի ցանկություններով դժոխքի ճանապարհն է կառուցված, և մենք էլի գնալու ենք դժոխք, քանի որ առաջնորդվել ենք միմիայն բարի ցանկություններով, այլ ոչ թե օրինական ճանապարհով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30