Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գործադիրը չպետք է սպասի, որ մարդիկ դուրս գան փողոց. գերիների ընտանիքների հետ ամեն օր պետք է աշխատել». Արթուր Սաքունց

Նոյեմբեր 27,2020 15:42

«Կառավարությունն ունի անելիքներ: Շատ կարեւոր է անհետ կորածների եւ ռազմագերիների ընտանիքների հետ հոգեբանական աշխատանքը: Բնականաբար, մարդիկ տեղեկություն են որոնում, ցանկանում են իրականացվող քայլերի մասին իմանալ, բայց պետք չէ սպասել, որ մարդիկ դուրս գան փողոցներ: Մարդկանց, այդ ընտանիքների հետ աշխատել է պետք»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով անհետ կորածների եւ գերիների հարազատների հետ գործադիրի կողմից արվելիք անհրաժեշտ քայլերին:

Հիշեցնենք, որ անհետ կորածների եւ գերիների հարազատներն այս օրերին բողոքի ցույցեր են անում ՊՆ-ի, կառավարության դիմաց, երեկ էլ փակել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը, իսկ ավելի ուշ՝ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպվեց:

«Կորոնավիրուսի պայմաններում հանդիպումները սահմանափակ են, բայց անգամ հեռախոսազանգերի միջոցով հարազատների հետ կապն արդեն իսկ նշանակություն ունենում է՝ հոգեբանական առումով ուշադրության մեջ գտնվելու տեսանկյունից: Անորոշությունը հաղթահարելու ձեւը ոչ միայն տեղեկատվության տրամադրումն է, որը պետության պարտավորությունն է, այլեւ տեղեկատվությանը սպասող հարազատների հետ աշխատանք տանելը, մշտական կապի մեջ լինելը: Նրանց մտածմունքների եւ անորոշության մեջ մենակ թողնել չի կարելի: Սա շատ կարեւոր հարց է»,-ընդգծեց Արթուր Սաքունցը:

Արթուր Սաքունցի համոզմամբ այս խնդրում իրավապահները մեծ անելիք ունեն. «Փորձագիտական լուրջ աշխատանք պետք է կատարվի՝ իրական տեղեկությունը կեղծից տարբերելու համար: Այն, որ ամեն տեսանյութ հոգեբանական տեռոր է հանրության հանդեպ, հստակ պարզաբանում է պահանջում: Եթե ամփոփենք՝ պատերազմական հանցագործությունների փաստագրում պետք է արվի, դիվանագիտական լուրջ աշխատանք՝ պայմանավորվածությունների ձեռքբերման եւ գերիների վերադարձի հարցով: Հակամարտությունում կողմերը պետք է երկխոսեն: Եթե պետք է այդ թվում՝ ռուսական կողմի միջնորդական ջանքը, պետք է այն ներգրավել»:

Արթուր Սաքունցի համար մտահոգիչ է այն փաստը, որ նոյեմբերի իննին ստորագրված եռակողմ հայտարարության կետերում չկա մարդասիրական իրավունքի խնդիրների հստակ կարգավորում, ժամանակացույց, աշխատանքային փաթեթ. «Սա կարծես թե թողնվեց ածանցյալ վիճակում, ինչն անթույլատրելի է: Այո, պատերազմի դադարեցումը կարեւոր է, բայց պատերազմի հետեւանքով տուժածների խնդիրների լուծումն անկյունաքարային պետք է լիներ այդ հայտարարությունում, ինչը չի արվել: Հիմա պետք է ԵԱՀԿ ջանքերը ներդնել՝ մարդասիրական խնդիրների լուծման համար: Այստեղ անելիք կա բոլոր ձեւաչափերում ամրագրելու, որ անմարդկային վերաբերմունքն անթույլատրելի է: Մարդասիրական խնդիրները պետք է տարանջատվեն քաղաքական փոխհրաձգությունից: ՀՀ իշխանությունն ամենօրյա աշխատանքի մեջ պետք է լինի բոլոր միջազգային կառույցների հետ, որպեսզի այս խնդիրները չմնան Ադրբեջանի քմահաճույքի տիրույթում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30