«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամներ Արթուր Մանուկյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Սարգիս Գրիգորյանը և ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպում են ունեցել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխեմերսի հետ:
Հանդիպման ընթացքում ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը ցանկանում է Նիդերլանդների հետ հարաբերությունները զարգացնել բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչի վկայությունն է նաև Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացումը: Քննարկվեցին նաև պատերազմի ավարտից ի վեր տարածաշրջանում ստեղծված նոր ստատուս քվոն, որ ձգտում է դառնալ հարավկովկասյան նոր աշխարհակարգ:
Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց նաեւ երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ քայլերի, այդ թվում արտահերթ գործընթացների անհրաժեշտությանը:
Դեսպան Սխեմերսը շնորհակալություն է հայտնել հրավերի և հանդիպման կազմակերպման համար, վստահեցնելով, որ կանի ամեն հնարավորը երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու և հարաբերություններն առավել սերտացնելու համար:
Կարդացեք նաև
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի տնտեսության մեջ նիդերլանդական ընկերությունների ներկայացվածության ընդլայնումը, այլ ոլորտներում փոխանակումների աշխուժացումը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումներին տալ կանոնավոր բնույթ։
Հանուն Հանրապետության կուսակցություն