Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորը հասկանում են, որ արտահերթ ընտրությունների պահանջը ձևավորված է». Սոնա Այվազյան

Նոյեմբեր 27,2020 15:29

«Հորդորում եմ խնդիրը չպրիմիտիվացնել՝ հասցնելով մեկ հոգու հրաժարականի: Դա հարցի լուծում չէ: Դա միգուցե արդարացի պահանջ է, ճնշող մեծամասնության մոտ կան այդ պահանջները, որ պետք է լինի իշխանափոխություն, բայց ինչպե՞ս : Ինչպեսը շատ էական է: Արժեքների վրա իշխանության կառուցումն է շատ կարևոր»,-«Հոդված 3» ակումբում տեսակապի միջոցով անցկացվող քննարկմանը հայտարարեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Ըստ նրա՝ ընդհանուր դժգոհությունն ավելի շատ կապիտուլյացիա երևույթից է, մյուսների մոտ պայմաններից, մյուսների մոտ ՀՀ մասնակցությունից այն բանակցություններին, որոնք ընթանում են: Նրա փաստմամբ՝ այս պատերազմն ամբողջությամբ վեր հանեցին մեր կառավարման համակարգի հետ կապված խնդիրները, դիվանագիտական ձախողումները, ԱԺ-ի հետ կապված խնդիրները:

Սոնա Այվազյանը հորդորում է իրավիճակը գնահատել սթափ դատողությամբ. «Կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք զսպել մեր մեջ էմոցիաները և սառը դատողությամբ առաջնորդվել: Հավատում եմ, որ լուծումները հնարավոր են: Մեր կարողություններն արդեն կբխեն մեր ներկայիս քայլերից, թե որքանով ենք կարողանում ճիշտ որոշումներ ընդունել հիմա»:

Նա վստահեցրեց՝ այն, ինչ եղել է, որևէ կերպ հաշտվել դրա հետ հնարավոր չէ, բայց պիտի հասկանանք, թե որոնք պետք է լինեն լուծումները, որոնք մեզ բանակցային գործընթացում ավելի լավ վիճակում կդնեն: Հարցին՝ ո՞ւմ եք տեսնում այլընտրանք կամ ի՞նչը կարող է լինել այլընտրանք, Սոնա Այվազյանը հստակ պատասխան չտվեց, միայն շեշտեց. «Ինչ որոշումներ էլ ընդունվեն, պետք է ընդունվեն Սահմանադրության շրջանակներում: Միգուցե շատերը կարծում են՝ լուծումը կարող էին առաջարկել ուրիշները, քանի որ այս ԱԺ-ն ոչ մի բանի պիտանի չէ, անպատասխանատու է, կարելի է շարքը շարունակել, որի հետ համաձայն եմ, բայց շատ կարևոր է, որ լուծումները լինեն այն Սահմանադրության շրջանակներում, որը մեզ բռնաբարված ձևով հրամցրին»:

Սոնա Այվազյանը նկատում է ՝մենք բոլորս «ուռա հայրենասիրության ներքո լրիվ այլ մոտեցումներ ունեինք» ու մանրամասնում է. «Օրինակ՝ որքանո՞վ մինչև պատերազմ սկսվելը խաղաղասիրական կոնցեպտն ընդունելի կլիներ հասարակության համար, որքանո՞վ էր հասարակությունը պատրաստ առանց պատերազմ զիջել ինչ-որ տարածքներ: Հիմա հետադարձ հայացք ենք նետում և շատ բաներ վերագնահատում ենք: Այդ էմոցիաներն են, որ մթագնել են մեր ողջամտությունը, ուղեղի աշխատանքը, դա է պատճառը, որ հանգել ենք այստեղ: Վարչապետը, որևէ մեկը, որ կլիներ այդ իրավիճակում, կարող էր ընդառաջ գնալ համընդհանուր էմոցիոնալ պահանջներին որ այո, մենք պիտի մինչև վերջին մարդը կռվենք, ԱԺ-ում էլ հնչեցին նման կարծիքներ: Մենք՝ որքանո՞վ որպես քաղհասարակություն նախապատրաստվել ենք դրան՝ ունենալով այլ մոտեցումներ»:

Անդրադառնալով Սոթքի ոսկու հանքավայրի հետ կապված խնդրին, Սոնա Այվազյանն ասաց, «Հիմա շահարկում ենք, որ եկան, մեր տարածքը վերցրին: Այնքան էլ այդպես չէ: Այն ժամանակ՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ Սոթքն անօրինական ձևով տրամադրվում էր առանց համապատասխան փորձաքննությունների, շատ կազմակերպություններ կարծես չէին արտահայտվում, և Սոթքը, ըստ էության երեկ էլ՝ համապատասխան պաշտոնյան ներկայացրեց՝ փաստացի դրա մի մասը գտնվում է ՀՀ քարտեզի տարածքում, մյուս մասը գտնվել է Քարվաճառի տարածքում, և այդպես ողջամտության շրջանակում են այն պահանջները, որոնք դրվել են: Եվ կխնդրեի, որ նման փաստեր, որոնք էմոցիոնալ ֆոն են առաջացնում և ողջամտությունը մի կողմ են դնում, շատ չշահարկել»:

Ըստ Սոնա Այվազյանի՝ արժե, որ քաղաքացիական կազմակերպությունները միջնորդի դեր ստանձնեն իշխանության և քաղաքական կուսակցությունների միջև: Նա նշեց՝ պետք է պարտադրենք, որ լինի ոչ թե մեկ-երկու բանակցող, այլ բանակցողների խումբ, որը փորձագիտական տեսանկյունից տիրապետի իրավիճակին:

Քաղաքական իրավիճակի հետ կապված Սոնա Այվազյանն ասաց. «Կարծես արտահերթ ընտրությունների շուրջ կա այդ կոնսենսուսը: Որոշներն ասում են՝ հենց հիմա, որոշները՝ ինչ-որ ժամանակ հետո, որոշները ասում են՝ ժամանակավոր կառավարություն, ի վերջո բոլորը հասկանում են, որ արտահերթ ընտրությունների պահանջը ձևավորվել է. խնդիրը ինչպես և երբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30