Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը ԼՂ հարցով մշտական կապ է պահպանում Թուրքիայի հետ. Զախարովա

Նոյեմբեր 27,2020 15:19

Ռուսաստանը մշտական կապ է պահպանում Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:

«Ինչ վերաբերում է մեր փոխգործակցությանը Թուրքիայի հետ, այն տարվում է տարբեր ուղղություններով, դա և՛ քաղաքական-դիվանագիտական կապեր են, և՛ կապեր մեր զինվորականների միջև: Անկասկած, վեկտորը տրվում է պետությունների ղեկավարների կողմից, որոնք պարբերաբար քննարկում են իրավիճակը տարածաշրջանում»,- ասել է Զախարովան:

Զախարովան նշել է, որ շաբաթվա ընթացքում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակվել է կայունանալ, հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն գրանցվել, չի արձանագրվել նաև սադրանք ռուսական խաղաղապահ կոնտինգենտի նկատմամբ:

«Հաջողվում է առանց որևէ լուրջ միջադեպերի ապահովել ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հիմնական դրույթները: Նշված դրական միտումները Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից հաստատված ուղու ճշմարտացիության ծանրակշիռ ապացույց են և այս պահին լիարժեք իրականացվում են գործնականում: Նման տրամադրվածություն գերակշռում է նաև մեր այն միջազգային գործընկերների շրջանում, որոնք չեն մտածում աշխարհաքաղաքականության կատեգորիաներով՝ զրո գումարով խաղի տեսանկյունից»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ հարցերի ամբողջ շրջանակը, որոնք բխում են նոյեմբերի 9-ի հայտարարությունից, Ռուսաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Զախարովան նաև կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հարցում ներգրավված բոլոր կողմերին չքաղաքականացնել տարածաշրջանում մարդասիրական հարցը:

«Կոչ ենք անում բոլոր կողմերին չքաղաքականացնել մարդասիրական հարցը, անհապաղ անցնել աշխատանքի, որը միանգամայն պահանջված է՝ տարածաշրջանում առկա բավականին սուր մարդասիրական իրավիճակի պայմաններում: Դա կարևոր ներդրում կլիներ մշակութային հուշարձանների և կրոնական սրբավայրերի պահպանության, միջկոնֆեսիոնալ, ազգամիջյան, հաշտության և տարածաշրջանում համաձայնության ապահովման տեսանկյունից»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ վերջին օրերին ռուս խաղաղապահները Ղարաբաղում շարունակել են ստեղծել բարենպաստ պայմաններ փախստականների վերադարձի համար, իրականացրել են ականազերծման և անհետ կորած զինծառայողների և զոհերի մարմինների որոնման աշխատանքներ: Նաև գործարկվել է մարդասիրական արձագանքման կենտրոնը, որի գործունեությանը մասնակցում են մի քանի տասնյակ դաշնային նախարարություններ, գերատեսչություններ և գործակալություններ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30