Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում տրվեց Ֆեդերիկո Ֆելլինիի և Տոնինո Գուեռայի 100-ամյա հոբելյանին նվիրված ծրագրի մեկնարկը:
Նշենք, որ ծրագիրն ազդարարվել էր դեռևս այս տարեսկզբին: Ֆելլինիի ծննդյան օրը Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան մասնաճյուղը համատեղ սկսեցին Ֆեդերիկո Ֆելլինիի և Տոնինո Գուեռայի 100-ամյա հոբելյանին նվիրված ֆիլմերի ցուցադրությունների և միջոցառումների շարքը։
Ծրագիրը շարունակվում է Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Նոյեմբերի 26-ին Կինոյի տանը անցկացվեց Զավեն Սարգսյանի «Տոնինո Գուեռա-100» լուսանկարչական ցուցահանդեսը՝ հարգանքի տուք մատուցելով մշակույթի մեծ գործիչ, «Ոսկե ծիրան»-ի հավատարիմ բարեկամ Զավեն Սարգսյանին։ Դրան հաջորդեց «Ամարկորդ» ֆիլմի (սցենարի հեղինակ՝ Տոնինո Գուեռա, բեմադրող ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելլինի) ցուցադրությունը:
«Ոսկե ծիրան»-ի համահիմնադիր և միջազգային ծրագրերի խորհրդատու Սուսաննա Հարությունյանը ֆիլմի ցուցադրության մեկնարկին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իտալիայի դեսպանությանը՝ աջակցության համար: Նրա խոսքով՝ այս օրերին հենց արվեստի շնորհիվ է հնարավոր լինում շարունակել ապրել, քանի որ արվեստը բոլորիս համար բացում է հույսի և լույսի ճանապարհ:
Կարդացեք նաև
Ցուցադրության մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանում Իտալիայի Հանրապետության փոխդեսպան և ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Դիոնիզին, ով նույնպես կարևորեց նախաձեռնության իրականացումը:
Ծրագրի շրջանակում կներկայացվեն «Եվ նավը լողում է» (սցենարի հեղինակ՝ Տոնինո Գուեռա, բեմադրող ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելլինի), «Հրաշագործի աշունը» (ռեժիսորներ՝ Ռուբեն Գևորգյանց և Վահե Գևորգյանց): Բոլոր ցուցադրությունները անցկացվում են Կինոյի տան փոքր դահլիճում, և միջոցառումների մուտքն ազատ է։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն