Լրահոս
Օրվա լրահոսը

«50-60 ռազմագերի ունենք, բայց մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել». Արցախի ՄԻՊ

Նոյեմբեր 27,2020 14:35

«Բավականին դաժան պատկերներ կան եւ անձնական տվյալներ: Զեկույցները փակ են, որպեսզի հայկական տիրույթ այդ ամենը չմտնի եւ հասցեագրվի թիրախավորված: Ադրբեջանի նպատակներից մեկն է՝ հանցագործությունների հրապարակայնացման միջոցով հոգեբանորեն ճնշել հայ հասարակությանը, վախեր առաջացնել: Նման տեսանյութերն ու լուսանկարները մեծ հոգեբանական տառապանք են պատճառում մեր հանրությանը, եւ Ադրբեջանը փորձում է մեծ տարածում ապահովել: Դա եւս հանցագործություն է»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով ՀՀ եւ ԱՀ ՄԻՊ փակ զեկույցներին՝ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ապացույցներ կան, որ նման տեսանյութերն ու լուսանկարներն Ադրբեջան պետության ուղիղ կազմակերպման եւ վերահսկողության հետեւանք են: Դրանք հրապարակող էջերն ադրբեջանական պետական մարմինների հետ են կապված»,-շեշտեց Արտակ Բեգլարյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմում գտնվող հայ ռազմագերիներին՝ Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանն ակնհայտ ժամանակ է ձգում՝ մարմինների եւ գերիների փոխանակման առնչությամբ. «Իմ ենթադրությամբ՝ ցանկանում են լրացուցիչ ազդեցություն ունենալ հայաստանյան լարվածության վրա, հոգեբանական տառապանքներն ավելի խորացնել հանրության շրջանում»։ Արտակ Բեգլարյանը շեշտեց՝ գերիների առնչությամբ ադրբեջանական կողմը համացանցում տարածում է նաեւ լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք իրականում կեղծ են. «Դրանք վերցված են, օրինակ, սիրիական պատերազմի դեպքերից: Իսկ դեպքերի հիմնական մասն իրական են, եւ կարողացել ենք մեր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ինքնությունը պարզել»:

Հայ ռազմագերիների թվաքանակի առնչությամբ էլ ՄԻՊ-ը նշեց, որ իրենց վերլուծությամբ՝ մոտ 50-60 ռազմագերի ունենք. «Բայց մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել: Իսկ քաղաքացիական անձանց շրջանում 11 մահվան դեպք կա: 7-ի մարմինները վերադարձվել են, մի մասը՝ սպանվել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30