Գյումրիի «Կազաչի պոստ» թաղամասի բնակարաններից մեկում երեկ հայտնաբերվել է այս քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկի դին։ Նրա վրա բռնության հետքեր չեն եղել։
ТАСС գործակալության փոխանցմամբ, վերջինիս մահվան առնչությամբ անցկացվում է հետաքննություն՝ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող ռուսական ռազմաբազայի հրամանատարության հանձնաժողովն իրավապահ մարմինների հետ համատեղ։ Ռուսական լրատվական գործակալության փոխանցմամբ, նրա մարմինը հայտնաբերել է ծառայակից ընկերը զորամասի տարածքից դուրս:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նոյեմբերի 25-ին ժամը 19․25-ին շտապօգնությունից ահազանգ է ստացվել ոստիկանություն առ այն, որ «Կազաչի պոստ»-ի թաղամասի շենքերից մեկի բնակարանում դիակ է հայտնաբերվել։ Ահազանգը եղել է 1984 թվականին ծնված տղամարդու հանկարծամահ լինելու վերաբերյալ։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ