Սոթքի բերած նոր ռիսկերը և Հայաստանի նոր լիդերները
Սոթքի խնդրի լրջությունը Հայաստանում ամբողջությամբ չի ընկալվում։
Իշխանություն չկա՝ ակնհայտ է։ Բայց ոչ իշխանական համակարգերը և լիդերները նույնպես լռում են։ Կա մտավախություն, որ Հայաստանում լրջության պոտենցիալը կտրուկ նվազել է, ինչը պետության համար մեծագույն ռիսկ է։ Սոթքի խնդիրն ունենալու է շարունակություն, որը Հայաստանի համար կենսական ռիսկեր է ստեղծելու։
• Իմանալ, որ պայմանագրով հանձնելու են Քելբաջարը ու դրանից հետո 2 շաբաթ չզբաղվել Սոթքի խնդրով, ուղղակի հանցագործությունն է։ Ռուսական կապիտալով ձեռնարկությունը Հայաստանի չորրորդ հարկատուն է և նրա չաշխատելու դեպքում մեր տնտեսությունը կրելու է ահռելի վնասներ։
Կարդացեք նաև
• Սահմանների ճշգրտման գործում Հայաստանը պասիվ դիտորդի դերում է. գալիս են ադրբեջանցիները ռուսների հետ ինչ-որ քարտեզներ ձեռքին, և հայկական կողմը արձանագրում է նրանց որոշումը։ Եվ հենց այդ պատճառով է, որ Արցախի մի շարք բնակավայրեր հայտնվում են Ադրբեջանի ենթակայության տակ։ Նույն Սոթքը խիստ վիճելի է, որովհետև Խորհրդային Միության ժամանակներում այն միշտ շահագործվել է Խորհրդային Հայաստանի կողմից։
• Սահմանների ճշգրտման բանակցությունները՝ դելիմիտացիան, չի արվում գեներալների մակարդակով։ Դա միջպետական բանակցությունների խնդիր է։ Հայաստանի իշխանություններն այս խնդիրը չեն պատկերացնում, իսկ Ադրբեջանը հստակ ճշգրիտ քայլերով Հայաստանի համար ստեղծում է լուրջ խնդիրներ։
• Եթե Սոթքը չաշխատեց կամ կիսով չափ աշխատեց, ապա հարցականի տակ է դրվելու Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ապագան։
• Եթե Սոթքը չաշխատեց, ապա այն մեծ խնդիրներ է ստեղծելու ֆինանսական շուկաների համար։ Մենք, ըստ էության, հայտնվելու նույն վիճակում, ինչ «Լիդիանի» պարագայում՝ արտաքին ներդրումներ ներգրավելու համատեքստում։
• Ադրբեջանը հստակ քաղաքականությամբ պրոբլեմներ է ստեղծում մեր տնտեսական եզակի հզորությունների համար։ Եվ Սոթքը միակը չէ։ Սյունիքի ճանապարհներն, ըստ էության, դառնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և Քաջարանի ու Ագարակի կոմբինատների փոխադրումների համար լրջագույն պրոբլեմներ կարող են ստեղծվել։
Հայաստանը մտել է շատ բարդ փուլ, և հետպատերազմյան այս փուլում տեղի են ունենում պատմական իրադարձություններ և Հայաստանը կարող է ունենալ անդառնալի կորուստներ։
Հայաստանում այսօր իշխանություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Կա Ն. Փաշինյան, որն ունի միջազգային հեռախոսազանգերի ֆորմալ իրավունք, որոնց արդյունավետությունը դժվար է հասկանալ։ Ուրիշ ոչինչ։
Զարգացումները ցույց են տալիս, որ.
ա/ Կա´մ Ն. Փաշինյանը չի հասկանում խնդիրները, դրանց հրատապությունը, դրանց խորությունը և անդառնալիության պահը։
բ/ Կա´մ, հասկանալով, որ ինքը շուտով չի լինելու իշխանության, մեծագույն վնաս է հասցնում Հայաստանի հաջորդ իշխանություններին և Հայաստանին։
Սա չի կարելի թույլ տալ։ Շատ կարևոր է այսօր նաև ոչ իշխանական գործիչների պահվածքը։ Լիդերությունը միտինգում բարձր գոռալը չէ, ապագա կառավարությունում տեղերի բանակցությունը չէ։ Լիդերությունը առաքելություն է և ունակություն։ Միջազգային գործընկերները պետք է արձանագրեն, որ Հայաստանում կան մարդիկ և շրջանակներ, որոնք պատկերացնում են իրավիճակը և խնդիրներն ամբողջությամբ։ Դա պետք է արձանագրի նաև մեր հասարակությունը։
Եվ այստե´ղ է, որ հին ու նորի խնդիր լինել չի կարող։ Իսկապես շատ կարևոր է, որ այն մարդը կամ մարդիկ, որոնք խորությամբ տիրապետում են այս նոր ռիսկերին, գրագետ խոսեն։ Սա կարևոր է թե´ ներսի, թե´ դրսի համար։
Այլընտրանքային նախագծեր խումբ