«Ազգային-ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով արձանագրում ենք, որ հաճախ բանակին են վերագրվում գրեթե բոլոր մեղքերը։
Պատերազմը և պարտությունը հետևանք էին պետական կառավարման ամբողջ համակարգի ապազգային և ապիկար գործունեության։
Բանակը, որքան էլ այդ համակարգի մաս է և հեռու չէ նրա արատներից, իր մարմնով զսպեց թշնամուն և փրկեց մեզ աղետից։
Զինվորներ, սպաներ և գեներալներ արիաբար կռվեցին ու նաև նահատակվեցին հանուն բոլորիս ազատության և արժանապատվության։
Կարդացեք նաև
Մյուս պետական ինստիտուտների որակն ու ներդրումը նույնիսկ չի կարող համեմատելի լինել։
Ներկայումս պատերազմի սպառնալիքը շատ մեծ է և, թեպետ ծանր վիրավոր, դարձյալ բանակն է մնացել որպես պետականության պահպանման ու բոլորիս ֆիզիկական անվտանգության ապահովման երաշխիք։
Իմ զորակցությունն եմ հայտնում Հայկական բանակին, նրա զինվորին ու հրամանատարին։
Բոլոր սրտացավ և ողջամիտ հայրենակիցներիս խնդրում և հորդորում եմ աչքի առաջ ունենալ մեզ սպառնացող հավանական աղետը և ոչ մի պարագայում չթիրախավորել բանակին, այլ ամեն կերպով, այդ թվում՝ առողջ քննադատությամբ և առաջարկներով, աջակցել նրան։
Հայկական բանակն է, որ հիմք և առանցք կարող է դառնալ իրապես ինքնիշխան և ազգային պետության։
Պահպանե՛նք և հզորացնե՛նք Հայկական բանակը»։