Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը կամ իրավիճակին չի տիրապետում, կամ դիտմամբ փորձում է բոլորին մոլորության մեջ գցել»

Նոյեմբեր 27,2020 13:00

«Որեւէ մեկը երաշխիք չունի, որ մեկ ամիս կամ մեկ տարի հետո մեր տարածաշրջանում նոր պայթյուն չի լինի։ Ցավոք, վերջին երկու ամսվա իրադարձությունների հետեւանքով, Հայաստանի դերակատարությունն այս տարածաշրջանում 0-ի է հավասարվել եւ մենք այլեւս որեւէ ձեւով ազդեցություն չունենք մեր շուրջը, նույնիսկ մեր երկրում տեղի ունեցող իրավիճակների վրա». «Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

– TACC-ին տված իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել էր իր հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի կազմակերպած հանրահավաքների, բողոքի ակցիաների մասին եւ նկատել, որ այդ պահանջը հանրային լայն արձագանք չի ստանում: Հիրավի, կա հանրության մի լայն զանգված, որը հայտնի համաձայնագրի գաղտագողի ստորագրումից հետո նույնպես դժգոհություններ ունի, սակայն, ընդդիմությանը չի միանում`«նախկինների վերադարձի» թեզից ելնելով: Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

– Նիկոլ Փաշինյանը կամ իրավիճակին չի տիրապետում, կամ դիտմամբ փորձում է բոլորին մոլորության մեջ գցել։ Երկիրը այս վիճակին հասցրած մարդն այլ ելք չունի, քան հեռանալն է։ Արցախի տարածքի մոտ 70-75 տոկոսն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, մի քանի հազար հայ զինծառայող զոհվել է, 1000-ից ավելի մարդ անհետ կորած է համարվում, իսկ Հայաստանը ղեկավարող անձը դեռ խոսում է իր նկատմամբ վստահության կամ դժգոհության քիչ կամ շատ լինելու մասին։

Իշխանությունը փորձում է ներկայացնել, թե դժգոհություն հայտնողները նախկիններն են, որոնք փորձում են իշխանության վերադառնալ, իսկ իրականում երկրում լուրջ իրավիճակ է ստեղծվել, որի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են։

– Այս իրավիճակից լուծումներ ինքը` Նիկոլ Փաշինյանն է առաջարկում, նա վեց ամսվա գործողությունների ծրագիր էր ներկայացրել, այժմ կադրային փոփոխություններ է սկսել. սա տարբերա՞կ է:

– Նիկոլ Փաշինյանը հաջողելու շանս այլեւս չունի, եթե նա իրականում սիրեր իր երկիրը, արդեն հեռացած կլիներ: Իսկ ներկայումս կատարվող կադրային փոփոխությունները ոչ մի խնդիր չեն լուծի։ Չի կարող Արցախը հանձնած, խայտառակ փաստաթուղթ ստորագրած անձը մնա իր պաշտոնին՝ անունը Նիկոլ լինի, Պողոս, թե մեկ ուրիշ բան։
Մեր երկրի առջեւ նորանոր սպառնալիքներ են ուրվագծվում, իսկ իշխող ուժն ի վիճակի չէ դրանք լուծել։ Մեկ անգամ արդեն տեսանք, թե ինչ է լինում, երբ երկիրը արկածախնդիրների ձեռքն է անցնում, երկրորդ անգամ սխալվելու իրավունք չունենք։

– Չարաբաստիկ համաձայնագրի ստորագրումից հետո բազում խնդիրներ ի հայտ եկան`սկսած բուն հայկական գյուղերի անսպասելի տեղահանումից, վերջացրած մարդկանց տարբեր սոցիալական խնդիրներով: Ամեն օր մի նոր բնակավայրի մասին տեղեկություն է տարածվում, որը եւս պետք է հանձնվի Ադրբեջանին: Ի դեպ, այդ տեղեկությունները ստացվում են ռուսական եւ ադրբեջանական աղբյուրներից: Ո՞ւր են ՀՀ եւ ԱՀ համապատասխան գերատեսչությունները, ինչո՞ւ եւ ինչպե՞ս պետք է այդ հարցերը կարգավորվեն, ինչո՞ւ աշխատանք չի տարվում:

– Հայաստանում եւ Արցախում պետական կառավարման համակարգը պարալիզացված է, իսկ ղեկավար կազմը խաղից դուրս մնացած իրավիճակում։
Ոչինչ չի արվում այս ողբերգական իրավիճակը հաղթահարելու եւ ժողովրդին այս իրադրությունից դուրս բերելու համար։ Արցախի ու Հայաստանի ղեկավարները չեն վայելում հանրային վստահություն, ինչը իրավիճակին հավելյալ լարվածություն է փոխանցում։ Առաջնային խնդիրները կարգավորելու փոխարեն, նրանք երկուսն էլ զբաղված են երկրորդական հարցերի առաջին պլան մղմամբ եւ հանրությանը մոլորության մեջ գտցելով։

– Հայաստանի սահմանի ողջ երկայնքով զորք, զենք եւ զինամթերք է կուտակվում`թուրքական, ռուսական, իրանական: Եկող տարի նաեւ լրանում է Նախիջեւանի պայմանագրի ժամկետը. որքա՞ն է փխրուն թանկ գնով ձեռք բերված հրադադարը:

– Որեւէ մեկը երաշխիք չունի, որ 1 ամիս կամ մեկ տարի հետո մեր տարածաշրջանում նոր պայթյուն չի լինի։ Ցավոք, վերջին երկու ամսվա իրադարձությունների հետեւանքով, Հայաստանի դերակատարությունն այս տարածաշրջանում 0-ի է հավասարվել եւ մենք այլեւս որեւէ ձեւով ազդեցություն չունենք մեր շուրջը, նույնիսկ մեր երկրում տեղի ունեցող իրավիճակների վրա։
Արցախում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում տարածաշրջանային հավասարակշռությունը փոխվեց՝ Ռուսաստանն էականորեն ամրապնդեց իր դիրքերը, Թուրքիան փորձում է դա անել Ադրբեջանում ռազմակայան տեղակայելու, բանակցություններին ներգրավվելու միջոցով։ Ստեղծված իրավիճակը նոր սպառնալիքներ է ստեղծել նաեւ Իրանի համար, որովհետեւ եթե նա միշտ հանգիստ է եղել իր ու Արցախի սահմանի առումով, իսկ հիմա դեռ պարզ չէ, թե ովքեր կտեղակայվեն սահմանի այդ հատվածում, մանավանդ լուրեր կան, որ այդ հատվածում Սիրիայից ծայրահեղական խմբերի ընտանիքներ են տեղափոխվելու։

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30