Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասաց՝ հենց երեխաների համար եմ գնում, որ թուրքը չհասնի ստեղ, գնում եմ, որ մենք ապահով լինենք». անմահացած Նորայր Խաչատրյանի մասին պատմում է կինը

Նոյեմբեր 27,2020 10:48

Կապանցի 40-ամյա անմահացած կամավորական Նորայր Խաչատրյանի կնոջը, երբ վշտակցում են, միաժամանակ ասելով, որ հպարտ պիտի լինի, որովհետեւ հերոսի կին է, Ռուզան Ստեփանյանի պատասխան մեկն է՝ Նորայրը իրոք հերոս էր, բայց մեր ընտանիքի հերոսը։ «Սփոփում են, ասում, որ հերոսի կին եմ։ Բոլորին պատասխանում եմ՝ ես ամուսնացած օրվանից եմ հերոսի կին, որովհետև իրոք նա նախանձելի ամուսին էր, ընտանիքի տղամարդ, լավ հայր, լավ որդի, լավ եղբայր, շատ հավատարիմ ու նվիրված ընկեր»,-ասում է կինը։

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղն էր ավարտել Նորայրը, աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ծառայել էր Արցախում։ Ընկերների բնութագրմամբ՝ Նորայրը չնայած քչախոս էր, բայց շատ բան էր անում բոլորի համար։ «Մեծ սրտի տեր, բոլորին հասնող եւ օգնող, կարեկցող: Երբեք չէր թերանում աշխատանքում, պարտաճանաչ էր։ Մի խոսքով՝ անթերի մարդ ու նվիրված ընկեր էր Նորայրը»,-ասացին գործընկերները։

Ադրբեջանի կողմից սանձազերծած սեպտեմբերյան պատերազմի 3-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին մեկնեց առաջնագիծ։ Մեկ շաբաթից վերադարձավ, հանգստացավ, մարտական ընկերների հետ նորից մեկնեց հոկտեմբերի 9-ին։ Կինն ու հարազատները դեմ էին երկրորդ անգամ գնալուն, խնդրում էին, որ չգնա։ Ռուզանի պատմելով՝ չէր թողնում, ասաց՝ թե իր մասին չի մտածում, գոնե աղջիկների՝ 9-ամյա Նարեի ու 7-ամյա Մանեի մասին մտածի․ «Ասաց՝ հենց երեխաների համար եմ գնում, որ թուրքը չհասնի ստեղ, գնում եմ, որ մենք ապահով լինենք»,-պատմում է Ռուզանը։ «Եվ մի բան հիշի՝ չգնալ չեմ կարող, սահմանին իմ մարտական ընկերներն են, ովքեր իմ օգնության կարիքն ունեն»,–ասաց Նորայրը կնոջը։

Պայմանավորվել էին՝ ամեն օր զանգի, քանի որ Ռուզանը Նորայրի այդ զանգով էր ապրում։ Զանգում էր առավոտյան ու երեկոյան։ «Անպայման պետք է լսեր աղջիկների ձայնը։ Ընդամենը երկու բառ էր հարցնում՝ «բալես, լավ ե՞ս» , «դասերը լա՞վ են, դե տուր քույրիկիդ ձայնն էլ լսեմ» եւ նորից նույն հարցերը մյուս դստերը»,–պատմում է Ռուզանը։ Վերջին անգամ հոկտեմբերի 11-ի առավոտը զանգեց։ Երեկոյան չզանգեց։ Ռուզանը մտածեց՝ երեւի կապերն են խափանվել, քանի որ առավոտյան մի կերպ հաջողվեց լսել ամուսնու ձայնը։

«Առավոտյան որ չզանգեց, հասկացա, որ մի բան այն չէ, քանի որ առավոտվա հեռախոսազանգը պարտադիր էր»,–ասաց Ռուզանը՝ ավելացնելով, որ նույն օրն էլ գույժը հասավ։ Հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը, արկի պայթյունից ոտքից ծանր վիրավորում էր ստացել Նորայր Խաչատրյանը։ Չհաջողվեց փրկել կյանքը, մայր զարկերակն էր վնասվել։

Ռուզան Ստեփանյանը չի կարող գնահատական տալ եռակողմ համաձայնագրին, որով տարածքների հանձմամբ էլ պատերազմը ավարտեց։ «Չգիտեմ, ուղղակի եթե պիտի լիներ նման վերջաբանով որոշում, ապա ժամանակին պետք է դադարեցնեին կրակը՝ խնայելով բազմաթիվ կյանքեր»,-ասաց Ռուզանը։

Դեկտեմբերին 10-ին լրանում է Նորայրի եւ Ռուզանի ամուսնության 10-րդ տարեդարձը։ Ամիսներ առաջ քննարկում էին` որոշելով թե ինչպես պիտի նշեն, բայց պատերազմը խաթարեց ամեն ինչ։ Էլի մտերիմներով կայցելեն Բաղաբուրջի սարահարթում գտնվող զոհվածների հուշահամալիր ու Ռուզանը, ինչպես միշտ շշուկով կասի իր Նորայր հերոսին՝ սիրում ու կարոտում եմ քեզ․․․․․

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30