Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց եմ բարձրացրել էնտեղ՝ գոնե թույլ տվեք, որ գնանք, որպես հրամանատարի օգնական ծառայենք, պատասխանը եղավ՝ ոչ. Լեւոն Երանոսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 27,2020 10:20

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը մասնակցել է արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաեւ 1-ին, ապա նաեւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Նա, ինչպես ինքն է ասում՝ գիտի Արցախի ամեն մի ծառն ու թուփը, ուստի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում գնացել է Արցախ, որ առաջարկի իր օգնությունը։ Սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մերժել է նրան, ինչպես մերժել են Յուրի Խաչատուրովին եւ մյուսներին՝ թույլ չտալով մոտենալ հրամանատարական բունկերին։ Բայց ամեն ինչ միայն մերժելով չի ավարտվել։ Հոկտեմբերի 9-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները, ինչպես գրել էինք այդ օրը, Երեւանից Արցախ մեկնելու ճանապարհին կանգնեցրել են Երանոսյանի ավտոմեքենան եւ, բառի բուն իմաստով, առեւանգել նրան՝ տանելով անհայտ ուղղությամբ։ Անցել է ավելի քան մեկ ամիս, եւ Լեւոն Երանոսյանը մեզ հետ զրույցում բացում է փակագծերը։

«Սեպտեմբերի 27-ին ես դիմել եմ գլխավոր շտաբ, որ՝ որպես զորամիավորման հրամանատար, իմ լուման ներդնեի։ Ուրեմն, ձախ թեւում մենք ենք 90-ականներին ազատագրել Թալիշը, Մատաղիսը, աջ թեւում էլ եղել եմ բանակային կորպուսի հրամանատար, լիարժեք տիրապետում եմ Ջաբրայիլից, Հորադիզից մինչեւ Խնձորեսկ բոլոր տարածքներին՝ ծառ առ ծառ, թուփ առ թուփ։ Ու ինձ գլխավոր շտաբից պատասխանեցին, որ կասեն։ Էդպես էլ դրական պատասխան չստացա։ Ամսի 4-ին մեկնեցի Ղարաբաղ, իրավիճակը բարդ էր, ու ես հասկանում էի ամեն ինչ, անկառավարելի էր։ Հարց եմ բարձրացրել էնտեղ՝ գոնե թույլ տվեք, որ գնանք, որպես հրամանատարի օգնական ծառայենք, պատասխանը եղավ՝ ոչ։ 3 օր մնալուց հետո վերադարձա Հայաստան, նորից դիմեցի գլխավոր շտաբ, նորից պատասխան չեղավ։ Էսօրվա գլխավոր շտաբի 80 տոկոսը՝ պետի գլխավորությամբ, ինձ հետ ծառայել են, եղել են իմ ենթակաները։ Ուզում էի լինել նրանց մոտ, մի բանով օգտակար լինեի։ Պատասխան չեղավ։ Բայց տունը մնալով էլ չէի կարողանում, մտածեցի՝ նորից գնամ Ղարաբաղ»,- սկսեց պատմել պարոն Երանոսյանը։

– Ու Ձեզ Ղարաբաղ մեկնելու ճանապարհին առեւանգեցին, եթե կարելի է այդպես ասել։ Ովքե՞ր էին, ի՞նչ էին ուզում, ո՞ւր տարան, ե՞րբ բաց թողեցին Ձեզ։

– Երեկոյան, երբ Երեւանից դուրս էինք գալիս արդեն, ոստիկանության հատուկ վաշտը՝ շքախմբով, դիմակավորված, զինված, հարձակվեց իմ վրա ու տարավ։ Ես ընկա շոկի մեջ, հարցրի՝ ի՞նչ է կատարվում։ Դե, իրենք ինձ ճանաչում են, բայց մասկեքը քաշած էին, հետո տեսա, թե ով էր ղեկավարում էդ միջոցառումը՝ ՊՊԾ գնդի հրամանատարը, որը 2016 թվին ղեկավարում էր ՊՊԾ գունդը, երբ «Սասնա ծռերը» գրավեցին գունդը։ Ինքը ոչ թե պիտի գար ինձ ձերբակալելու, այլ պիտի դատված լիներ 2016 թվից։ Իրեն «Տապոռ» էին ասում, բայց ես իրեն միշտ ասել եմ՝ «Քոռ տապոռ», որ թույլ տվեց զորամասը գրավեն։ Դրանից հետո չգիտեմ ոնց դարձավ ոստիկանության 6-րդ վարչության հատուկ վաշտի հրամանատար։ Ես ասացի՝ հանգիստ մնացեք, էդ զենքերն էլ քաշեք։ Նստեցի իրենց մեքենան, 5 հոգի՝ մեքենայի մեջ, 2 մեքենա էլ՝ հետեւից, ու գնում ենք։ Մտածեցի՝ կարող է Գորիս են տանում, բայց երբ Գորիսն անցանք, արդեն զգացի, որ տանում են Ղարաբաղ։ Ճանապարհին մի զավեշտալի դրվագ եղավ․ Լաչինում սրանք ավտոները թողին փախան, ասին՝ անօդաչու սարք է վերեւը պտտվում։ Ես մնացի մեքենայի մեջ։ Գոռում էի, ասում էի՝ տղերք, եկեք, անօդաչու չի, աստղեր են։ Մի խոսքով, հասանք Ղարաբաղ, գնացինք ոստիկանություն, էնտեղից տարան Շուշիի բերդ։ Թղթեր լրացրեցին՝ երեք օրով, ու տվեցին մի կամեռ ու հիմարի պես ինձ ասում էին՝ արխային էղի, կողքիդ կամեռում թուրքերն են, էստեղ բամբյոժկա էլ անեն, իրենք գիտեն, որ թուրք գերիներ կան, բան չեն անի։ Լուսադեմին սկսվեց բամբյոժկեն։ Եկան, թե՝ պարոն Երանոսյան, ո՞նց ես զգում քեզ, ասի՝ նորմալ։ Ցերեկը ժամը 1-ի կողմերը եկան ինձ ծանոթ մարդիկ, բա՝ պարոն Երանոսյան, Հայաստանում սկանդալ է բարձրացել, դուրս արի, բայց ոչ մի բան չասես, որ եղել ես Շուշիում։ Ասի՝ ես չեմ ասի, թե ես ուր եմ եղել, մինչեւ պատերազմը չավարտվի։

– Իսկ չասացի՞ն՝ պատճառը ո՞րն էր, ինչո՞ւ էին Ձեզ ձերբակալել, տարել Շուշիի բերդ։

– Հարցրի՝ պատճառը ո՞րն է, ասացին՝ դու խոսում ես։ Ասացի՝ իրոք, ես խոսում եմ, ասում եմ, որ Նիկոլը տապալեց արտաքին քաղաքականությունը, բերեց ազգին պատերազմի դեմ, ու դա իրականություն է։ Ու ասի՝ ես ասում եմ, որ Արծրուն կոչեցյալը սուտ է խոսում հեռուստացույցով, իրականությունը դա չի։ Ասի՝ ես ասել եմ, չեմ ժխտում։ Բա՝ խնդրում ենք, ոչ մի բան մի խոսա։ Ասի՝ առայժմ ոչ մի բան չեմ խոսի, բայց հետագայում խոսելու եմ։ Բա ո՞նց չխոսեմ, երբ գցել են սայթերը, ասում են՝ գեներալը դավաճան է։ Ես ո՞նց կարող եմ դավաճան լինել, ես հող ազատագրող եմ եղել, ես փառքով թուրս դրել եմ պատյան։ Դավաճանները նրանք են, ովքեր տվեցին էս հողերը։ Ես էսօր չեմ քննադատի բանակին ու ես կոչ կանեմ բոլոր քաղաքական ուժերին՝ հանգիստ թողնեն բանակին, բանակն էսօր խիստ լարված իրավիճակում է, 18-19 տարեկան երեխեքն էսօր 50-60 տոննանոց տեխնիկաներ են տեղափոխում, զորքերի տեղաշարժ է կատարվում, հնարավոր է՝ ունենանք զոհեր։ Դրա համար բանակին էսօր հանգիստ է պետք թողնել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30